Ռուս խաղաղապահները գոնե դա պետք է թույլ չտային

Ռուս խաղաղապահները գոնե դա պետք է թույլ չտային

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանը դեռ երկար կարող է բլոկադայի մեջ պահել Արցախը, իսկ ահա իշխանություններն այս մասով անհրաժեշտ քայլերի չեն դիմում:

- 40 օրից ավելի է՝ Լաչինի միջանցքը փակ է: Այս պահի դրությամբ ինչի՞ պակաս կա այդտեղ:

- Սննդամթերքի պակաս կա, բայց չենք հուսահատվում, նորմալ է: Գազն է պարբերաբար անջատվում, լույսն է անջատվում՝ օրը երեք անգամ, սակայն դիմանում ենք: Հերթով տարբեր թաղամասերում են հոսանքի մատակարարումը վերականգնում, որպեսզի ծանրաբեռնվածություն չլինի:

- Խանութներում ի՞նչ վիճակ է:

- Միրգ, բանջարեղեն ընդհանրապես չկա, սիգարետ չկա: Կրուպեղեն կա, պահեստներից են բերել: Քարտային համակարգով հերթեր ենք կանգնում, նորմալ դեռեւս ընթանում է ամեն ինչ: Պակաս բաներ շատ կան, դժվար է, բայց դիմանում ենք, տեսնենք, թե ինչ կլինի:

- Ինչպե՞ս են մարդիկ տրամադրված այս ամենին:

- Նորմալ, ո՛չ շատ վատ են, ո՛չ էլ լավ են: Ներկա իրավիճակին համահունչ: Հայ ազգն առաջին անգամ չէ նման իրավիճակներում հայտնվում:

- Հայաստանի եւ Արցախի իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից գո՞հ եք:

- Նայած ինչ առումով: Դեռ ոչ մի արդյունք չենք տեսնում, եթե արդյունք լիներ, այսօր այս վիճակում չէինք հայտնվի: Պետք է ավելի շատ բարձրաձայնվի Լաչինի միջանցքի փակ լինելու մասին: Միջազգային հարթակներում պետք է խոսել Արցախի մասին: Ինչ-որ քայլեր արվում են, իհարկե, բայց դրանք բավարար չեն:

- Հայաստանում արցախցի ավելի քան 250 երեխա կա, որոնք չեն կարողանում հասնել տուն` իրենց ընտանիքների հետ միավորվել:

- Մենք տեսել ենք, թե ինչպես են այն 19 երեխաներին Հայաստանից Արցախ տեղափոխում: Բանը հասավ նրան, որ անգամ երեխաներից մեկն ուշաթափվեց: Երեխաներին հասցվել է մեծ բարոյական ու հոգեբանական վնաս:

- Այդ դեպքի մեղավորն ո՞վ է:

- Ռուս խաղաղապահները մեղավոր են, որ թույլ են տալիս իրենց ներկայությամբ ազերիները երեխաներին նկարահանեն: Առհասարակ, խաղաղապահների ներկայությամբ չպետք է նման բան տեղի ունենար: Ռուս խաղաղապահները գոնե դա պետք է թույլ չտային:

- Արցախում, փաստորեն, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը թշնամու քմահաճույքով է կատարվում: Ինչո՞վ եք տաքանում:

- Բազմաբնակարան շենքերում փայտի վառարան տեղադրելը բավականին դժվար է: Տարբեր խնդիրներ են առաջանում....

- Ադրբեջանի քմահաճույքները, ըստ Ձեզ, դեռ երկա՞ր կշարունակվեն:

- Միջազգային հանրությունը եթե բավարար չափով ճնշումներ գործադրի, ապա թշնամին շատ արագ կբացի ճանապարհը:

- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի անձի մասին տարբեր կարծիքներ են հնչում: Դուք ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

- Դեռ վաղ է: Կարծիք չունեմ, հստակ բան ասել չեմ կարող: Միշտ էլ ինչ-որ մեկից շատերը գոհ են, շատերն էլ` դժգոհ: