Կարծում ենք՝ դուք պետք է «Հրապարակից» ներողություն խնդրեք

Կարծում ենք՝ դուք պետք է «Հրապարակից» ներողություն խնդրեք

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Հրապարակի» խմբագրություն նամակ է ուղարկել։ Գրել են․

««Հրապարակ» լրատվական կայքում Վահե Հարությունյանի` 2022 թվականի ապրիլի 22-ի «Տեղահանված բնակչության բնակարաններ ու հյուրատնային ծառայություններում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված խարդախությունների և հափշտակման դեպքերի մասին» հոդվածում հրապարակվել են կեղծ տեղեկություններ, մասնավորապես, Վ. Հարությունյանը նշում է՝ «խոսքը տեղահանված բնակչության բնակարաններ ու հյուրատնային ծառայություններում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված խարդախությունների և հափշտակման դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի մասին է»: Խարդախությունների և հափշտակման դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ: Խարդախությունների և հափշտակման դեպքերի վերաբերյալ քրեական գործերը հարուցված են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր նախարարության հետ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել: Պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել Ձեր հրապարակած ապատեղեկատվության համար՝  կցելով վերը նշվածը»: 

Խոսքն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի մասին է, եւ նախարարությունը փորձում է հերքել ոչ միայն «Հրապարակին», այլեւ Արցախի գլխավոր դատախազին, պնդելով, որ խարդախությունների և հափշտակման դեպքերի վերաբերյալ քրեական գործը հարուցված է ոչ թե նախարարության, այլ «տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր նախարարության հետ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել»։ 

Ի դեպ, այս սկանդալային գործի մասին մենք առաջին անգամ չենք գրում, դրա մասին գրում ենք ամիսներ շարունակ։ Գրել ենք, որ որքան էլ ջանում են այս գործը կոտրել հյուրանոցների վրա, որոնք իբրեւ թե սխալ տվյալներ են ներկայացրել, սակայն իրականում թվերի ուռճացումը կատարվել է նախարարությունում։ Եվ կհասկանայինք, եթե այս հերքումը նախարարությունից մեզ ուղարկած լինեին ամիսներ առաջ, երբ դեռ չկար ամբողջական պատկերը։ Բայց ապրիլի 28-ին, Արցախի խորհրդարանի նիստից հետո նման տեքստ ուղարկելն առնվազն ծիծաղելի է: 

Բանն այն է, որ այդ օրը ԱՀ Ազգային ժողովում մանրակրկիտ խոսակցություն է գնացել այս գործի մասին, խոսել են Արցախի գլխավոր դատախազը, պատգամավորները, եւ այդ ամենը արձանագրված է տեսանյութով: Եթե տարածքային կառավարման նախարարությունում գտնում են, որ Ազգային ժողովում հնչեցվածը կեղծիք է, ապա պետք է հերքեն ոչ թե «Հրապարակի» հոդվածը, այլ ճիշտ հասցեատեր գտնեն՝ հանձինս գլխավոր դատախազի եւ օրենսդիրների:

Մեջբերենք ԱԺ վերոնշված նիստից մի հատված․ հարց ուղղելով գլխավոր դատախազին` պատգամավոր Վլադիմիր Կասյանն ասում է. «Երևի հինգ ամիս առաջ այս նույն դահլիճում մեր պատգամավոր տիկին Հակոբյանի կողմից հարց ուղղվեց Ձեզ՝ տարածքային կառավարման նախարարությունում ի հայտ եկած կոռուպցիոն դեպքերի հետ կապված: Հարցն էսպիսին էր՝ ինչու՞ այդ հայցը դատարան չեք ուղարկում, Ձեր պատասխանում բառացի նշել էիք, որ այդ հարցի վերաբերյալ քրեական գործ է հարուցված, դատարան չենք ուղարկում նրա համար, որովհետև ամեն օր նոր կոռուպցիոն հանգամանքներ են առաջ գալիս, դրա համար ուշանում է: Հիմա, այս հինգ ամսվա ընթացքում քանի՞ նոր դեպք է ի հատ եկել, և ինչու՞ հայցը մինչև հիմա դատարան չի ուղարկվել»:

Պատասխանելով հարցին` ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշում է. «Տարեսկզբին քրեական գործը քննվում էր քննչական կոմիտեում, ի վերջո, բոլոր հնարավոր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում եզրափակվել են հնարավոր հանցավոր խախտումների դեպքերը, հայտնաբերմանն ուղղված աշխատանքները, և, հաշվի առնելով, որ քրեական գործով առաջացել են հիմքեր, որով պետք էր նաև քրեական օրենքով արգելված արարքի մեղսագրում կատարել նաև տարածքային կառավարման նախարարին և քանի որ, որպես հատուկ սուբյեկտ, նման դեպքերում քրեական գործը ենթակա է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննությանը, քրեական գործը տարեսկզբին տեղափոխվել է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին: Գործով կա երեք մեղադրյալ՝ տնտեսվարող սուբյեկտների շրջանում, և ապրիլ ամսվա սկզբներին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև տարածքային կառավարման նախարարը: 2022թ. մարտ ամսում մենք գրավոր միջնորդագիր ենք ներկայացրել ԱՀ նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի, և 18 էջից բաղկացած գրավոր միջնորդագրում, եթե ուսումնասիրեք՝ կտեսնեք, թե ինչպիսի մանրամասն, մանրակրկիտ քննություն է իրականացվել այդ գործով բացահայտված բոլոր հանգամանքների առնչությամբ, և ինչպիսի իրավիճակ էր առհասարակ հյուրանոցային ծառայության գնման այդ գործընթացում: Ապրիլ ամսվա սկզբներին նախարարը նույնպես մեղադրյալ է ներգրավված, և հավելյալ որոշ գործողությունների կարիք կա»։

Այնպես որ, Արցախի տարածքային կառավարման նախարարությանը՝ իր նախարարով հանդերձ, առաջարկում ենք ներողություն խնդրել «Հրապարակից»՝ մեզ զրպարտելու եւ ոչ կոռեկտ նամակ հղելու համար։ 

Ի դեպ, կարելի էր գոնե գրագետ նամակ գրել եւ նախարարին չնույնականացնել նախարարության հետ։ Պարզ է, որ նախարարությունը չի կարող լինել հանցագործության սուբյեկտ: Հանցագործության սուբյեկտ կարող են լինել հանցավոր արարք կատարած մարդիկ, այդ թվում՝ նախարարությունում պաշտոններ զբաղեցնող անձինք, նախարարի գլխավորությամբ, ինչը կպարզի քննությունը: Ակնհայտ է, որ հենց նախարարության պաշտոնատար անձինք են պարտավոր վերահսկել պայմանագրի բարեխիղճ կատարումը, հյուրանոցներից իրենց ներկայացվող տվյալների իսկությունը եւ պետական միջոցների ծախսը։ Եվ եթե Արցախի դատախազությունը գնացել է այդ ծայրահեղ քայլին եւ նախարար Հայկ Խանումյանին ներգրավել է որպես մեղադրյալ, ուրեմն շատ հիմնավոր փաստեր է ունեցել։ Ի դեպ, ԱՀ քննչական կոմիտեի կայքում էլ սույն նախարարության մեկ այլ պաշտոնյայի՝ նախարարի խորհրդականին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կա տեղեկատվություն: