Էքստրասենսը գուշակում է Նիկոլ Փաշինյանի եւ հայ հանրության ապագան
Տարոլոգ, էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ներկայացրեց իր կանխատեսումները Հայաստանի ապագայի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Նա նշում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում լայնածավալ պատերազմական գործողություններ ինքը չի տեսնում, սակայն 2025 թվականին տեսնում է մեծ պատերազմ, ինչպես նաև` նոր համաճարակ: Տարոլոգը նոր համաճարակը համեմատում է քովիդ 19-ի հետ և ասում է, որ տեսնում է մահեր: Ինարա Գրիգորյանը նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնում է վտանգ:
- Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանի ապագայի վերաբերյալ։
- Դրսում պայքար է սկսվում իշխանություններին հեռացնելու համար, այստեղ հստակ չգիտեմ, թե ինչ կլինի, բայց պարոնին` Հայաստանի ղեկավարին վտանգ է սպառնում` սեպտեմբերի վերջ, հոկտեմբեր ամիսներին:
- Ի՞նչ վտանգ:
- Վտանգ, որից նա պետք է զգուշանա, շատ ավելի մեծ վտանգ, քան ինքը պատկերացնում է: Առհասարակ մարդ պետք է այն կողմից պաշտպանվի, որտեղից վտանգ չի տեսնում: Այ սրա մասին է խոսքը: Վտանգը կապված է իր կյանքի հետ, այլ ոչ թե պաշտոնի:
- Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կասեք` ի՞նչ է սպասվում։
- Պատերազմ նախքան 2025 թվականը չեմ տեսնում, սակայն 2025-ին տեսնում եմ: 2025 թվականին տեսնում եմ նաև բավականին ծանր հիվանդություն` ճիշտ կորոնավիրուսի նման: Նույնիսկ ավելի վատ հիվանդության մասին է խոսքը, որը կարող է մեծ տարածում գտնել: Նաև այլ ազգի ներկայացուցիչների` միգրանտների մուտք եմ Հայաստան տեսնում: Խորհուրդ կտամ, որ անձնագրային բաժանմունքները ավելի ուշադիր լինեն: Հարևան պետություններում տեսնում եմ իշխանափոխություն, տեսնում եմ կին ղեկավարի, որը ասպարեզ է գալիս: Նա կառավարելու է երկու տարի, երկու տարի անց հեռանալու է: Նա երկար չի կարող կառավարել, նրան կսպանեն….
- Մեր հասարակության մեջ ագրեսիան շատ է․․․
- Նախ խորհուրդ կտամ շատ սիրել իրար, ոչ թե իրար հանդեպ ատելությամբ լցվել: Ժողովուրդը պետք է սիրեն իրար: Թուղթուգրերը պետք է վերացնեն: Մեր ժողովուրդը իրար լավը չի ցանկանում:
- Շա՞տ են թուղթուգիր անում մարդիկ:
- Ահավոր: Ես անվերջ զգուշացնում եմ, բայց օգուտ չկա: Ես թուղթուգրեր չեմ անում, դրա համար կան առանձին մասնագետներ, որոնք իրենց գործն անում են:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ