Ինչպես են հատելու ադրբեջանցիները ՀՀ սահմանը. ինչ ստատուս կունենա այդ ճանապարհը

Ինչպես են հատելու ադրբեջանցիները ՀՀ սահմանը. ինչ ստատուս կունենա այդ ճանապարհը

Զրուցել ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

- Հայաստանը պատերազմական դրության մեջ գտնվող պետություն է։ Ինչպիսին են մեր ստրատեգիական նշանակության ճանապարհները։ Ունե՞նք արդյոք պահուստային ճանապարհներ։

- Սովորաբար ցանկացած պետություն, որը գտնվում է կամ ենթադրելի է, որ կարող է գտնվել պատերազմական իրավիճակում՝ առաջին հերթին լուծում է իր կոմունիկացիոն ուղիների անվտանգության խնդիրը։ Ընդհանրապես պետությունների քաղաքական անվտանգային բաղադրիչը, անվտանգային համակարգը, իրենից ենթադրում է բազմաշերտ վերլուծություն և բազմաթիվ ոլորտներ, որոնց միասնությունը կազմում է ընդհանուր պետության անվտանգային համակարգը։ Կոմունիկացիաները կարծում եմ պետության անվտանգային համակարգի շատ կարևոր բաղադրիչն են։ Պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար իրականում բավականին կարևոր են ցամաքային ճանապարհները, որովհետև ռազմական դրության ժամանակ մատակարարումները կատարվում են ցամաքային ճանապարհով։

Հիմա ցամաքային ճանապարհով կատարվող փոխադրումները, ռազմական ուժերի տեղաբաշխումը և այլն, տեղի են ունենում բավականին հաճախ քողարկված տարբերակով։ Սովետական միության ժամանակ, երբ կառուցվում էր պետությունների ճանապարհների ցանցը, այն որոշակի քողարկման գործընթաց էր անցնում։ Հիմա, իհարկե, տեխնոլոգիաները բավականին զարգացած են, և դժվար կլինի լուրջ քողարկումներ ապահովելը, բայց դրա համար էլ կան մտածված ձևեր, միջոցներ։ Հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մատակարարումների համար բնականաբար պետք են ճանապարհներ՝ ընդ որում որակյալ ճանապարհներ։

Նախորդ օրը գրառում էի կատարել՝ Երևան-Սևան մայրուղու մասին, որի մի հատվածում ճանապարհը փակվել էր և ամբողջ ճանապարհը խցանված էր։ Հիմա, Աստված մի արասցե, եթե լինի պատերազմական դրություն, ինչպիսի խնդիրների առաջ մենք կկանգնենք։ Իսկ շրջանցող ճանապարհները կամ չկան, կամ շատ վատ վիճակում են, որոնցով հնարավոր չէ արագ երթևեկություն կազմակերպել։ Ցավոք սրտի, մենք 30 տարվա ընթացքում հազիվ կենտրոնացանք կենտրոնական ճանապարհների որակի վրա՝ անտեսելով երկրորդային և շրջանցող ճանապարհները, որոնք պատերազմական դրության ժամանակ մեզ համար կարող են լինել կենսական նշանակության ճանապարհներ։

Սա բավականին բարդ և լուրջ խնդիր է, որը մասնագիտական գնահատական և որոշակի վերլուծություն է պահանջում։ Սակայն, ակնհայտ է, որ պետության ռազմավարական նպատակների համար, հատկապես ՀՀ համար անհրաժեշտ է ստրատեգիական նշանակության ճանապարհների և քողարկվածության մակարդակը ապահովել, և միեւնույն ժամանակ ունենալ այդ ճանապարհների այլընտրանքներ, որովհետև պատերազմական դրության ժամանակ հակառակորդը սովորաբար թիրախավորում է գլխավոր մայրուղինները, գլխավոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները եւ կարող է պետությանը զրկել ցամաքային կապի հաղորդակցումից, և միեւնույն ժամանակ արգելակել զինվորական ստորաբաժանումների, և ընդհանրապես սպառազինության մատակարարումները։ Այս իմաստով պետք է սա լինի պետության համար կառավարելի և այլընտրանքի առկայությամբ։
Պահուստային ճանապարհները պետք է կահավորված լինեն և պատրաստ լինեն։ Այն ճանապարհները, որոնք մենք հիմա ունենք, բացահայտված են։

- Ինչպե՞ս են հատելու ադրբեջանցիները Հայաստանի սահմանը։  Ի՞նչ ստատուս կտրվի այդ ճանապարհին։

- Նախ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այստեղ բավականին տարբեր են։ Մի դեպքում պահանջում են, որ պետք է այդ ճանապարհները ունենան գրեթե նույն ստատուսը ինչ Լաչինի միջանցքը, մյուս դեպքում Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ դա լեգիտիմ պահանջ չէ, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման պահանջ սահմանված չի, նման դրույթ չկա, և հետո ասում են, որ իրենք պետք է անցնեն այն նույն ռեժիմով, ինչ ցանկացած 3-րդ երկրի քաղաքացի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր վրա վերցնում է անվտանգության խնդիրների լուծման գործընթացը։ Թե գործնական կիրառական կյանքում ինչ տեսք կստանա, կարծում եմ վաղ է ասել, որովհետև թշնամին ամեն կերպ փորձում է ստանալ որոշակի կարգավիճակ այդ ճանապարհների գծով։ Հայաստանյան իշխանությունների կողմից այստեղ ավելի շուտ ես մանեվր եմ տեսնում՝ մի քանի ուղղությամբ ճանապարհներ նշել, ճանապարհային ցանց դարձնել, որպեսզի, հետագայում այդ ամբողջ ցանցի համար հնարավոր չլինի խոսելու ստատուսի մասին։ Բայց, ցավոք սրտի, սա կարող է նաև մեզ համար ծուղակ լինել, այն իմաստով, որ հետագայում թշնամին կարող է պահանջել, որ ընդհանրապես այդ ցանցը պետք է ունենա որոշակի կարգավիճակ, ինչը մեզ համար իրապես կարող է շատ վտանգավոր լինել, որովհետև, նախ, երբ պետության ամբողջ տարածքով թշնամին կարողանում է ազատ ելք ու մուտք ունենալ, այստեղ մենք և տեսադիտարկման խնդիր ունենք՝ այսինքն, ամբողջ տարածքը կարող է իրենց կողմից տեսադիտարկվել, տեսանկարահանվել, որը հետագայում կարող է օգտագործվել նաև հետախուզական նպատակների համար և մյուս կողմից հարց է, թե մեր մատակարարումներն ու մեր զորքերի շարժը ինչպես է տեղի ունենալու։ Ստացվելու է այնպես, որ թշնամի պետությունը շատ հեշտությամբ է կարողանալու տիրապետել տվյալների` թե ռազմուժի ինչպիսի տեղաշարժեր ունենք, որ բնակավայրերն են խիտ բնակեցված՝ գոնե այդ տարածքով անցնող ճանապարհների մերձակա բնակիչների բնակավայրերի մասին է խոսքը։ Սրանք տվյալներ են, որոնք ապագայում նրանք օգտագործելու են մեր դեմ։ Իսկ այն, որ Ադրբեջանը չի գնալու հարատև խաղաղության ճանապարհով, ես դրանում կասկած չունեմ։

 - Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Հայաստանում չկա ադրբեջանական հյուպատոսարան ու դեսպանատուն, ինչպես է տեղի ունենալու այդ գործընթացը։

- Այո, ճիշտ եք։ Ադրբեջանական կողմի տրամաբանությունը հենց այն է, որ այդ գործընթացը տեղի կունենա ոչ թե հայկական կողմի վերահսկողության ներքո, այլ՝ ռուսական։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետության հետ իրենք չեն առնչվելու։ Նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության սահմանապահ մարմինների, մաքսային ծառայությունների, վիզային ռեժիմի հսկողությունն իրականացնող աշխատակիցների հետ իրենք չեն առնչվելու, միայն ու միայն առնչվելու են ռուսական  ուժերի հետ, այն «մոնոլոգով», ինչ Լաչինի միջանցքում էր։ Եվ նույնիսկ, եթե չի բարձրաձայնվում այդ մասին, տրամաբանությունը տանում է դեպի դրան։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ստեղծված իրավիճակում մեզ համար վատագույններից գոնե իրականություն դառնար այն, որ ՀՀ իրավասության ներքո լիներ և ՀՀ  համապատասխան ծառայությունները վերահսկեին այդ ամբողջ տեղաշարժը։ Բայց այս պահին մեծ հույս չկա։

Իսկ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված, իրենց տրամաբանությունը տանում է նրան, որ այս ամենը բացելուց հետո իրենք կգնան նաև խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհով, ինչը ևս իմ կարծիքով գոնե առաջիկա մի քանի  տարիների համար ուտոպիստական մոտեցում է, քանի դեռ տարածաշրջանում վերջնականապես կամ հայկական գործոնը չի վերացվել կամ զրոյացվել, կամ տեղի չի ունեցել այնպիսի փոփոխություն, որի պարագայում  հայ և ադրբեջանական ուժերի միջև ինչ-որ չափի բալանսավորում կկարգավորվի, կձևավորվի, որի պարագայում միակողմանի ռազմական կոշտ, բռնի ուժերի միջոցով պարտադրանք չի դրվի Հայաստանի վրա՝ այս կան այն կերպ զիջումներ կորզելու համար։ Իսկ այն, որ իրենք արդեն սովորել են դրան և դա կիրառելի է պարբերաբար, դրանում ևս կասկածներ չունեմ։