Չի կարելի կարգ սահմանել ընտրյալների համար

Չի կարելի կարգ սահմանել ընտրյալների համար

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ, իսկ նախագիծն արդեն մի քանի օր է՝ դրված է հանրային քննարկման։ Նախագծով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ եւ արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

Տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման համաձայն՝ տրվել են բնութագրող անվանումներ․ 1-ին եւ 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող եւ ավագ ուսուցիչ, 3-րդ եւ 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող եւ հետազոտող ուսուցիչ։ Այսպես․ հաստատության ուսուցչին առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներից  դասավանդող ուսուցչի, երկրորդ աստիճանի տարակարգ՝ ավագ ուսուցչի, երրորդ աստիճանի տարակարգ՝ վերապատրաստող ուսուցչի եւ չորրորդ աստիճանի տարակարգ՝ հետազոտող ուսուցչի բնութագրերին համապատասխանելու դեպքում։

Տարակարգի շնորհման եւ դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել դրա համար սահմանված բնութագրիչներին՝ առանց ժամանակային սահմանափակման։ Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են նախագծով։

Տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ նյութերը նախագծում ներկայացված են 12 կետով, որոնք՝ քիչ է ասել, թե տարողունակ են ու խրթին։ Ներկայացնենք մի քանիսը. «Դասի վարում՝ ատեստավորման համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված դասալսումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու դասի տեսագրություն»։ «Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրում՝ ՏՀՏ-ի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, էլեկտրոնային գործիքների կիրառմամբ իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն»։ «21-րդ դարի հմտությունների խթանում՝ 21-րդ դարի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, 21-րդ դարի հմտությունների զարգացման նպատակով իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն», «Ռեսուրսների կառավարում՝ ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վերապատրաստման վկայական, սովորողների եւ ուսուցիչների կողմից ուսուցչի անանուն գնահատման արդյունքները», եւ այսպես՝ 12 կետ։ 

Արդյունքում՝ տարակարգ ստացած ուսուցչին, ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին, տրվում է հավելավճար՝ 10-50 տոկոսի չափով, համապատասխանաբար՝ 1-4-րդ աստիճանի տարակարգերի համար։ 

Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանը փաստում է՝ այն, որ պետությունը չի ուզում հենց այնպես աշխատավարձ բարձրացնել, հասկանալի է․ «Քանի որ փորձում է որակներ պահանջել եւ որակին համապատասխան էլ աշխատավարձ տալ, բայց դա չի լուծում մի գլխավոր խնդիր՝ ուսուցչի դրույքաչափի հետ կապված, որը պետք է բարձրանա, անկախ այդ բոլոր տարակարգերից։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ելման կետը ճշտել, ելման կետի համար սահմանել որոշակի գումար, իսկ իրենց սահմանած 108 հազարն ուղղակի ծիծաղելի է եւ ծիծաղելի է ոչ միայն իմ գնահատականով, այլեւ դպրոցում կատարվող այսօրվա իրողություններով․ քաղաքի կենտրոնի դպրոցներում շատ առարկաների գծով այլեւս ուսուցիչներ չկան»։

Կրթության փորձագետը կարծում է, որ միայն կամ էլ հիմնականում աշխատավարձի դիտարկումը՝ որպես որակի ապահովման գործոն, ճիշտ մոտեցում չէ․ «Պետք է աշխատեն ընդհանուր մեխանիզմներ, եւ կրթության գործընթացի որակի ապահովման գործառույթը պետք է լինի ոչ թե նախարարության, այլ՝ հանրակրթական հաստատության խնդիրը։ Այս նախագծում հաստատությունը մղված է երկրորդական պլան, կարծես թե ուսուցիչը գործում է ինչ-որ անորակ դաշտում եւ պետք է սա՛ ներկայացնի, նա՛ ներկայացնի։ Իսկ ո՞վ պետք է աջակցի այդ ամբողջին կամ ո՞վ պետք է այդ պայմանները ստեղծի, որ ուսուցիչը կարողանա այդ ամբողջը բերել։ Այսինքն, հաստատությունը՝ դպրոցը, բաց է թողնված նախագծից։ Այսինքն՝ տարակարգի շնորհման առաջին շահառուն պետք է լինի տվյալ հաստատությոունը՝ որպես որակի ապահովման պետական երաշխավոր։ Իսկ հաստատությունը, որպես այդպիսին, չի երեւում այդ ներկայացված բոլոր պահանջների մեջ։ Եթե ուսուցիչը հայտը ներկայացրեց, դպրոցը պետք է ունենա այդ ուսուցչին տարակարգի տանելու ճանապարհային քարտեզ, որպեսզի կարողանա ստեղծել բոլոր այն պայմանները, որոնք պահանջվում են ըստ այդ տարակարգի»։

Ըստ նրա՝ ներկայացված նախագիծն ընդամենը լավ ցանկությունների փաստաթուղթ է։ «Իրենք 4 տարակարգ են առաջադրում՝ առաջինից մինչեւ 4-րդ, որը կոչվում է արդեն հետազոտող ուսուցիչ։ Կարծում եմ՝ իրենք ունեն ուսուցիչների տվյալների բանկ եւ պետք է մեկ անգամ վերլուծեն, գնահատեն եւ համեմատության եզր վերցնեն ոչ թե առաջին տարակարգը, այլ 4-րդ՝ հետազոտող ուսուցչի տարակարգը, թե այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների քանի տոկոսն ունի հնարավորություն՝ այդ տարակարգին ներկայացվող պահանջները բավարարելու կամ այդ պահանջներին համապատասխան փաստաթղթավորում կատարելու համար։ Ընդ որում, կարգում ասում ես, որ տարակարգի շնորհումն աստիճանակարգում չի ենթադրում, եւ ուսոցիչը կարող է գալ ու միանգամից հավակնել հետազոտող ուսուցչի տարակարգին։ Նշանակում է՝ բոլորի համար դու պետք է ստեղծես հավասար պայմանններ»,- ասում է Վ․ Մարտիրոսյանն ու ընդգծում, որ նախ պետք է վերլուծություն անել, տեսնել՝ Երեւան քաղաքից մինչեւ սահմանամերձ բնակավայրերի բոլոր դպրոցների համար արդյո՞ք այդ հավասար պայմանները ստեղծվել են։ 

«Եթե չեք ստեղծել, ուրեմն ձեր մրցույթը իրավունքների, մասնագիտական գնահատումների հետ կապված խախտում է ենթադրում։ Չի կարելի կարգ սահմանել ընտրյալների համար եւ չի կարելի կարգ սահմանել՝ հասցեագրելով ընդհանուրին, բայց իրականում դրանից կարողանա օգտվել միայն դրա չնչին մասը։ Իրենք պարտավոր են տվյալներ հրապարակել եւ ասել, որ այս կարգն աշխատեցնելու, շրջանառելու համար նախարարությունը 5, 10, 30 տարի արել է սա, սա, սա ու բոլոր ուսուցիչներին հավասար հնարավորություններ է տվել, եւ դրա համար հիմա մենք գնում ենք այս քայլին։ Հակառակ դեպքում՝ սա նորից կդառնա արտոնյալների հետ կապված ինչ-որ նեղ գործառույթ, որն ընդհանուր կրթական որակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա»։       

Կրթության փորձագետը չի կարող ասել, թե ինչքանով կաշխատի այս նոր մեխանիզմը, եւ արդյո՞ք տարակարգ ստացողների թիվն էլ ավելի շատ կլինի նախկինի համեմատ․ «Քանի որ ձեռքիս տակ չունեմ ուսուցիչների տվյալների բանկը, կատեգորիկ պնդում չեմ անում, բայց քանի որ գիտեմ՝ շատ բնակավայրերի ուսուցիչներ այդ 12 պահանջներից զգալի մասի հետ ընդհանրապես առնչություն չեն ունեցել՝ կապված մեկուսացման, ուսուցիչների տեղաշարժի, փոխարինող չունենալու եւ վերապատրաստումների չգնալու հետ, դա միանշանակ է։ Հետո՝ այն պահանջները, որոնք դրվում են որպես ապահովման պայմաններ, մոտավորապես ենթադրում են, թե ինչ բնութագրիչներ պետք է լինեն, բայց թող ներեն ինձ ուսուցիչները․ նրանց զգալի մասը նույնիսկ չի հասկանա, թե ինչ են ուզում իրենից։ Եվ հետո՝ ազգակցական կապերով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ այնքան խախտուն են ծնողներից, կոլեգաներից ստացվող այդ կարծիքները, հատկապես՝ փոքր համայնքներում, որտեղ մարդիկ իրար ճանաչում են։ Դրա համար պահանջելուց առաջ պետք է նայես, թե ինչ ես դու տվել»։