«Ցինոբեր մականունով պստլիկ Ցախիսը»

«Ցինոբեր մականունով պստլիկ Ցախիսը»

1776-1822 թթ․ հատվածում Պրուսիայի թագավորությունում ապրած Էռնեստ Թեոդոր Վիլհելմ Հոֆմանը (Ernst Theodor Wilhelm Hoffmann) հեքիաթագիր էր, կոմպոզիտոր, նկարիչ ու իրավաբան: Պատմության մեջ երեւացող հետք է թողել նա, բայց, շատերի կարծիքով, ամենամեծ հետքը «Ցինոբեր մականունով պստլիկ Ցախիսը» վիպակն է: Գրվել է 1819 թվականին՝ 202 տարի առաջ:
Բարի փերի Ռոզաբելվերդեն, խղճահարությունիդ դրդված, կախարդում է արտաքինով այլանդակ, նենգ ու փոքրոգի գաճաճ Ցախեսին, ու նեղ մտահորիզոնով եւ ինտելեկտով չփայլող մարդիկ սկսում են չնկատել նրա անճոռնությունը: Ցախեսի ներկայությամբ ասված ցանկացած հանճարեղ միտք, հիանալի ու աստվածահաճո խոսք, գործ, ձեռնարկ վերագրվում է իրականում խղճուկ գաճաճին, իսկ նրա անմիտ, բանականության սահմաններից դուրս, անբարո խոսքի ու գործի համար մեղադրվում են այլոք: Այլանդակ Ցախեսին է սիրահարվում գեղեցկուհի Կանդիդուն: Աղջիկը, ինչպես շատերը, չի տեսնում գաճաճի իրական էությունը՝ արտաքին այլանդակությունը, ներքին դատարկությունը: Բոլորն են հմայված Ցախեսով, եւ միայն գեղեցկուհի Կանդիդուի ընտրյալ ուսանող Բալթազարն է տեսնում իրական Ցախեսին:

Ընկերների եւ կախարդ Պրոսպեր Ալպանուսի օգնությամբ երիտասարդը բացահայտում է Ցախեսի գաղտնիքը՝ ուժ տվող, հոգու եւ մարմնի այլանդակությունը թաքցնող երեք ոսկե մազ: Սիրահարված երիտասարդը հաջողում է պոկել այդ մազերը, մարդիկ տեսնում են, թե ով է գաճաճն իրականում: Սրանից հետո այլանդակին այլ բան չի մնում, քան փախչել: Նա փախչում է եւ խեղդվում իր իսկ պալատում՝ գիշերանոթի կեղտաջրերի մեջ:

Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում Ցախեսի այլանդակ էությունը բացահայտելու համար հետաքրքիր լուծում են գտել: Իրեն ուժ տվող երեք ոսկե մազը քողարկելու համար, նա շրջակա ողջ աշխարհը՝ մարդկանց, կենդանիներին, բույսերը, շենքերը, վերածում է մոխրագույնի: Ողջ աշխարհը դառնում է մոխրագույն, ինչպես Ցախեսի հոգին է: Բայց սա չի փրկում նրան, եւ, ի վերջո, իրական դեմքը բացահայտվում է:

Հեքիաթ-վիպակում ոչ մի խոսք չկա, թե ինչքան վնաս է տալիս տհաս գաճաճը, որքան անդառնալի են նրա բերած ավերները: Բայց բարի ավարտը հույս է տալիս, որ արդարությունը կվերականգնվի, ցանկացած այլանդակի տեղը կեղտաջրերով լի գիշերանոթն է: Ու բարի փերիներն էլ պիտի երկար մտածեն որեւէ մեկին անասելի մեծ ուժով օժտելուց առաջ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ