Մահվան պատճառ դարձած հեղուկը կամավո՞ր է խմել, թե՞ ստիպողաբար
Մենք այսօր առավոտյան լուր էինք հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին.
«Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։ Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։ Նյութերը փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,-ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը»։
Այսօր լուրը տարածվել է համացանցով եւ ՊԵԿ-ից փորձել են հերքել, թե.
««Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել»:
Իրականում` փաստն առկա է եւ այն չեն հերքում ոչ ՊԵԿ-ը, ոչ իրավապահները, առարկությունը վերաբերում է միայն նրան, թե` անձը կամավո՞ր է խմել շշի պարունակությունը, թե՞ ստիպողաբար: Մեզ փորձում էին համոզել, որ ոչ ոք չի ստիպել ուղեւորին խմել իր իսկ բերած շշից, ինքն է խմել` կամովին, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ մաքսավորները հարցրել են` ի՞նչ է շշի մեջ, Բրազիլիայից ժամանած անձն ասել է` գինի, ասել են` դե եթե գինի է` խմիր եւ նա խմել է ու մի քանի րոպեից մահացել:
Թե ինչպես կընթանա քննությունը եւ ում կմեղադրեն մարդու մահվան մեջ, արդյո՞ք քննիչները կեզրակացնեն, որ մաքսայինի աշխատակիցների գործողություններում կա հանցակազմ, կերեւա հետագայում:
մեզ խորհրդատվությունը տրամադրած իրավաբանի կարծիքով` կասկածելի բան հայտնաբերելով, մաքսավորները ոչ թե պետք է առաջարկեին խմել շշի պարունակությունը, այլ անմիջապես տանեին էքսպերտիզայի, անգամ եթե քաղաքացին փորձում էր խմել այն, եթե պաշտոնյան վստահ էր, որ դա վտանգավոր կարող է լինել նրա կյանքի համար, պետք է կանխեր դա, այլ ոչ թե ինքը հրահրեր:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ