Չեմպիոնական մրցանակ՝ առանց չեմպիոն դառնալու

Չեմպիոնական մրցանակ՝ առանց չեմպիոն դառնալու

Մինչև 44-օրյա պատերազմը փողոցներում ու ընտրատեղամասերում ժողովրդավարության համար կռիվ տալուց ունեի ուղեցույց. դա արևմտականությունն էր: Իհարկե, հասկանում էի, որ դրա բոլոր դրսևորումները չեն, որ կարող են ընդօրինակվել կիսաասիական-կիսաեվրոպական մեր երկրում: Բայց ենթադրում էի, որ մեր ժողովուրդն այնքան խելացի է, որ կկարողանա թացն ու չորը տարբերակել ու լավի հետ վատն էլ չընդունել և կամ հակառակը՝ վատը մերժելուց լավն էլ հետը դեն չնետել: Պատերազմը խառնեց ամեն ինչ՝ ինձ նման անձանց համար սառը ցնցուղի դեր կատարելով: Մեր դառն օրինակի վրա մենք հասկացանք, որ նույնիսկ ժողովրդավարական պետություններն առաջնորդվում են շահամոլությամբ և ոչ թե ինչ-ինչ սկզբունքներով: Ինչի դեպքում արդարություն, բարեկամություն և նմանատիպ այլ հասկացությունները տեղ չունեն միջպետական հարաբերություններում: Իսկ երբեմնի «դուխով» Նիկոլի հրամանատարությամբ  խայտառակ պարտությունից հետո դրանք դարձան նույնքան օտար, որքան, ասենք, չինարենը մեր ականջի համար: Մեզ ասելով նկատի ունեմ գրագետ ու հայրենիքի զգացողությամբ օժտված մարդկանց:

Իսկ Արևմուտքը, որին մի ժամանակ ձգտում էր մեր հոգին, բռնել է բարոյական խեղման ուղին: Ճիշտ է, դեռևս չորս դար առաջ էր դա նկատել անգլիացի թատերագիրը՝ հանրահայտ հերոսի միջոցով հայտարարելով, որ «ժամանակը դուրս է եկել իր ուղեծրից»: Սակայն այն, ինչ նոր էր սաղմնավորվում Արևմուտքում 16-17-րդ դարերի արանքում, այսօր իր ողջ մեղկությամբ հառնել է մեր հայացքի դեմը՝ մեզ ստիպելով «վայելել» դրա պտուղները: Դրա վերջին վկայություններն էլ մեզ մատուցում են Փարիզում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերի միջոցով:

Խաղերի մասնակիցներից է, օրինակ, ալժիրցի «կին» բռնցքամարտիկ Իմանե Խալիֆը: Որպես տղամարդ ծնված ու որպես այդպիսին անհաջողակ հանդես եկող Իմանը վերջերս որոշել է, որ ժամանակն է ինքն իրեն իգական սեռի ներկայացուցիչ համարելու ու բախտը փորձելու կանանց մրցույթում: Արդյունքում մրցանակներ է շահել է մի շարք մրցություններում: Սակայն 2023-ին Հնդկաստանում անցկացված կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) ղեկավարությունը նրան հեռացրել էր, քանի որ վերջինս տապալել էր սեռը ստուգելու թեստը: Իմանեի մոտ հայտնաբերվել էին տղամարդուն բնորոշ XY-քրոմոսոմներ և տեստոստերոնի (արական սեռական հորմոնի) բարձր մակարդակ, ինչի արդյունքում նա որակազրկվել էր: Բայց քանի որ աշխարհի՝ սխալ հետագծով շարժվելու տեմպն արագացել է, որակազրկումը չէր խոչընդոտել Օլիմպիական խաղերին մասնակցելուն։ Քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեի տեսակետից Խալիֆի կին լինելն արձանագրված է նրա անձնագրում, և դա բավարար է նրա մասնակցությունը թույլատրելու համար:

Պարզվում է նաև, որ նրա կրքոտ երկրպագուն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով խոստացել է իր ներկայությամբ աջակցել նրան, եթե վերջինս հասնի եզրափակիչ: Կարծում եմ, որ եթե ոչինչ չփոխվի, ապա մարզիկը այդ հնարավորությունը կապահովի նախագահի համար: Ինչպես երևաց իտալացի Անժելա Կարինիի հետ առաջին մարտից, նրան կհաջողվի հասնել եզրափակիչ և այդ փուլում մրցակցել մեկ այլ «սեռափոխված» անձի հետ: Դա թայվանցի Լին Յու-Տինն է, ով ևս հեռացվել էր աշխարհի առաջնությունից: Նրա մոտ ևս հայտնաբերվել էին տղամարդուն բնորոշ XY-քրոմոսոմներ: Բայց այս օրերին մասնակցում է խաղերին և արդեն հաղթել է ուզբեկ մրցակցուհուն: Ալժիրցուն, ի դեպ, անհրաժեշտ էր ընդամենը 46 վայրկյան, որպեսզի հաղթեր իտալուհուն: Իսկ տղամարդու հարված ստացած ու քիթը ջարդված Անժելան, որ ծնկել էր ռինգում ու կրկնում էր «Դա ճիշտ չէ, դա ճիշտ չէ», որոշել է թողնել սպորտը:

Կարծում եմ, որ ներկայացվածն օրինաչափ երևույթ է դարձել մեր օրերում: Եթե տարին մեկ մի ամբողջ ամիս սեռական և այլ փոքրամասնության հպարտության տոն է անցկացվում արևմտյան երկրներում, ապա ինչո՞ւ չպետք է չհայտնվեն խալիֆանման անձինք: Դա՝ մեկ, և երկրորդ՝ բայց սպորտի հետ որևէ կապ չունեցող մեկ այլ բնագավառից. եթե խառնվում են «կին-տղամարդ» հասկացությունները, ապա ինչո՞ւ չպետք է մի որևէ ժողովրդին պարտադրված պարտվողական խաղաղությունը չհամարվի արդար: Եթե միմյանց նկատմամբ հարաբերություններում երկրներն առաջնորդվում են սկզբունքայնությունը բացառող շահերով, ապա ինչո՞ւ չպիտի ագրեսորն ու ցեղասպանը չդիտարկվի որպես հուսալի գործընկեր: Եվ ինչո՞ւ չպետք է արևմտաեվրոպական երկրները չպատրաստվեն երրորդ համաշխարհային պատերազմին, ինչն, իրենց կարծիքով, սկսվելու է հինգ տարի անց: Չնայած Ռուսաստանը բացարձակ միտք չունի հարձակվել ՆԱՏՕ-ական որևէ երկրի վրա: Եվ ոչ միայն միտք չունի, այլև այնքան խելք ունի, որ դա չանի:

Միաժամանակ, չեմ կարող չընդունել, որ Արևմուտքում արդեն լսվում են խելահեղությանը վերջ տալու կոչեր: Առաջիններից մեկը Վալենտինա Գոմեսն էր՝ ԱՄՆ Միսսուրիի նահանգային ղեկավարությանի պետքարտուղարի թեկնածուն: Ով ասել է, որ նախկինում կնոջը հարվածելու համար տղամարդը բանտ կնստեր, իսկ այսօր կարող է ոսկե մեդալ ստանալ Օլիմպիական խաղերում: 2024 թվականի Օլիմպիական խաղերը համարելով ամենավատը՝ վերջինս նշել է նաև, որ դրանք ծաղրուծանակի են ենթարկում քրիստոնեությունն ու կանանց: Հիշեցրել է նաև, որ գոյություն չունեն «առնանդամով հորթեր»: Եվ առաջարկել է խալիֆանմաններին առանձնացնել հատուկ մարզական խմբում: Ինչպես երևում է, կանանց բռնզքամարտի եզրափակիչ մարտն օբյեկտիվորեն կլինի հենց այդպիսին:

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի. «Ես համաձայն չեմ ՄՕԿ-ի դիրքորոշման հետ և արդեն շատ տարիներ փորձում եմ բացատրել, որ ծայրահեղության հասցրած թեզերը ռիսկի են ենթարկում կանանց իրավունքները։ Կարծում եմ՝ տղամարդուն բնորոշ գենետիկ առանձնահատկություններ ունեցողներին չի կարելի թույլ տալ մասնակցել կանանց մրցումներին, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք որևէ մեկին խտրականության ենթարկել, այլ քանի որ ցանկանում ենք պաշտպանել մարզուհիների իրավունքը մրցել հավասար պայմաններում» («RaiNews» իտալական հեռուստաալիք): Փաստորեն, մարզուհիների իրավունքը պաշտպանող Իտալիայի վարչապետն արդարանում է, որպեսզի չմեղադրվի գլոբալիստական աշխարհի մեծագույն հանցանք համարվող խտրականության մեջ:

Վերջաբանի փոխարեն երկու լուր. 1-ին՝ իտալուհին ներողություն է խնդրել ալժիրցի բռնցքամարտիկից այն բանի համար, որ կասկածի տակ է դրել ռինգում կանանց (իրական) ծեծելու և դրա համար օլիմպիական մեդալ ստանալու՝ տղամարդ-կեղծ կանանց իրավունքը: 2-րդ լուր՝ IBA-ի նախագահ Ումար Կրեմլևը որոշել է հատուկ դրամական մրցանակ շնորհել իտալուհուն՝ կարծես թե վերջինս դարձած լիներ օլիմպիական չեմպիոն  Աջակցություն է հատկացվելու նաև ուզբեկ մարզուհուն: