Մեսսիի համար պատրաստ են մենամարտել․ կրքերը չեն հանդարտվում

Մեսսիի համար պատրաստ են մենամարտել․ կրքերը չեն հանդարտվում

Գրել էինք, որ նոյեմբերի 26-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ կարողացավ առաջին հաղթանակը գրանցել ընթացիկ առաջնությունում ու պահպանել շանսերը խմբային փուլի արգելքը հաղթահարելու հարցում։ Թեպետ հանդիպման ընթացքում երկու գոլ խփվեց, սակայն փաստ է, որ հանդիպման ելքը վճռվեց հենց Լեո Մեսսիի խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ Մեսսին, հիշեցնենք, հեռահար հարվածով աչքի ընկավ հանդիպման 64-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո։ Եվ ահա Մեսսիի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում։

Բանն այն է, որ հանդիպման ավարտից հետո Մեսսին ու Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը փոխանակվել են մարզաշապիկներով։ Հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, որ Արգենտինայի հավաքականի գործող լեգենդը գետնին է գցել Մեքսիկայի հավաքականի շապիկը, անգամ հրում է ոտքով։ Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը գրառում էր կատարել Մեսսիի քայլի հետ կապված, որում մասնավորապես ասվում էր․ «Մեսսին պիտի աղոթի, որ ես նրան չգտնեմ»։

Նշենք, որ ողջ մարզաշխարհը այժմ սպասում է Մեսսիի արձագանքին տեղի ունեցողի հետ կապված, սակայն առայժմ արգենտինացին լուռ է։ Փոխարենը մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ են անդրադառնում տեղի ունեցածին, մասնավորապես մեքսիկացի բռնցքամարտիկի սպառնալիքներին։

«Ալվարես, Մեսսիին բոլորը գիտեն, Մեսսիին բոլորն են շատ լավ ճանաչում։ Եթե դու դեմ ես գնում Մեսսիին, ուրեմն դու դեմ ես գնում ողջ Արգենտինային, դա վաղուց է այդպես։ Ինձ քո գրառումը շատ է բարկացրել ու ես էլ հայտնում եմ, որ եթե ուզում ես մենամարտ, ապա ես անձամբ եմ պատրաստ այդ մենամարտին»,- գրել է UFC-ի միջին քաշային կարգում արգենտինացի մարզիկ Սանտյագո Պոնսինիբիոն։