Ո՞վ գիտի

Ո՞վ գիտի

Ո՞վ կարող է գուշակել, թե ինչ է կատարվում շարքային հայի հոգում։ Ի՞նչ մտածումներ ու մտավախություններ ունի նա, ի՞նչ երազներ ու հույսեր։ Ինչպիսի՞ն է պատկերացնում իր երազանքների պետությունը եւ հասկանո՞ւմ է արդյոք, թե ինչպես կառուցել այդ պետությունը, որտեղ ապրելը լինի հարմարավետ, ապահով եւ հեռանկարային։ Որպեսզի ո՛չ ինքը, ո՛չ զավակները աչքները չհառեն դեպի ռուսաստանյան կամ ամերիկյան հեռուներ եւ այնտեղ չտեսնեն իրենց երեխաների ապագան։ Ու արտերկիր մեկնելը, օտար ափերին երկրորդ սորտի մարդու կարգավիճակով կյանքը մաշելը չդառնա իրենց խաչը։

Ո՞վ կարող է համոզված ասել, թե ինչ է զգում հայ մարդն այսօր եւ ինչպես է իրեն պահելու վաղը։ Հատկապես՝ հունիսի 20-ին, մտնելով քվեախցիկ եւ մենակ մնալով իր խղճի ու Աստծու առաջ։ Կրկին վախենալո՞ւ է, թե ինչ-որ մի անկյունից թաղի կրիմինալը կամ իշխանական «տասովշիկը» հետեւում է, թե ինչպես է ինքը քվեարկում, ու «պահանջվող» մասում դնելու է իր «պտիչկա՞ն», թե՞ վերջապես գիտակցելու է, որ ոչ ոք այդ պահին իրեն չի տեսնում, եւ իր նշումով, հենց այդ պահին ինքն է իր զավակի ապագան կերտում։ Իսկ գուցե կրկին ձեռքի հեռախոսով թաքուն նկարելո՞ւ է, թե ում է քվեարկել, որ զեկուցի 10 հազար դրամով իր ձայնն առնող մեծահարուստին։ Բայց նաեւ հնարավոր է, որ նա իր վերաբերմունքը երկրի, իշխանությունների, ընտրությունների հանդեպ արտահայտի այնպես, ինչպես արտահայտել է տարիներ շարունակ՝ անտարբերությամբ, ընտրությունները բոյկոտելով, բոլորին մերժելով։ Ուղղակի իրեն նեղություն չտա՝ տնից դուրս գալու եւ ընտրատեղամաս գնալու, համարելով, որ քաղաքացիական կեցվածքի բացակայությունն էլ է ընտրություն՝ պասիվ ու իր խեղճ գոյության հետ հաշտված քաղաքացու ընտրություն, որը կյանքից ոչ մի սպասելիք այլեւս չունի։