Կարծում եմ` եկել է փիլիսոփա դառնալու ժամանակը

Կարծում եմ` եկել է փիլիսոփա դառնալու ժամանակը

Բեմադրիչ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ երկրում սահմանված արտակարգ դրությունը լավ հնարավորություն է մի քիչ կարդալու, օնլայն ռեժիմով ներկայացումներ, ֆիլմեր դիտելու համար. «Համենայնդեպս, ես այդ ժամանակը լրացնում եմ գրականություն կարդալով` թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական, նույնիսկ ուզում եմ մասնագիտական մի հոդված գրել` ժամանակակից թատրոնի կառավարման ձեւերի մասին: Իսկ խորհուրդներ եւ պետքական խորհուրդներ տալիս են մասնագետները. Վերջերս կարդացի, որ Շվեդիայում թեպետ կան վարակվածներ, բայց որեւէ օջախ չի փակվել, կառավարությունը դա բացատրել է նրանով, որ գիտակից հասարակություն ունեն, եւ յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես է պետք պաշտպանվել վարակից: Դա շատ կարեւոր է, քանի որ չի կարելի հույսը կապել միայն առողջապահության նախարարության կամ կառավարության հետ։ Սա այն դեպքն է, որ յուրաքանչյուրը պետք է իր անձնական հիգիենան եւ բոլոր պայմանները պահպանի: Եթե անկեղծ խոսենք՝ սա պատերազմ է, որն ունի սպառնալիք, իսկ պատերազմում, իրականում, չկան հրամանատար եւ շարքային զինվոր, բոլորն ապրում են պատերազմական իրավիճակովն եւ ով ինչքանով լավ է գիտակցում դա, այդքանով ավելի պաշտպանված է երկիրը, եւ այդքանով ավելի մեծ է հավանականությունը՝ հասնել հաղթանակի»:

Տիկնիկային թատրոնն այս օրերին, ինչպես մյուս թատրոնները, փակ է հանդիսատեսի առաջ. «Ամեն օր թատրոն ես հրավիրում եմ մեկ հավաքարարի, որը մշակում է ամբողջ տարածքը, բռնակները, դռները, չնայած թատրոնում հիմա ո՛չ փորձ է գնում, ո՛չ ներկայացում, բայց, բոլոր դեպքերում, դեզինֆեկցիան կարեւոր բան է: Իսկ սեփական օրինակը լավագույն օրինակն է, երբ մարդ եմ տեսնում, սկսում եմ ձեռքերս մշակել, բարեւներն ու պաչիկներն անում եմ տարածության վրա, եւ ոչ ոք չի նեղանում, հակառակը՝ մարդիկ էլ նույն ձեւով պատասխանում են»:

Բաբայանը կարծում է, որ ամեն ինչից կարելի է օգուտ քաղել, հատկապես, երբ բոլորս ունենք շատ չարված գործեր, որը կապված է մեր հոգեւոր, ինտելեկտուալ կյանքի հետ. «Իմ հրաշալի ընկեր Վահան Հովհաննիսյանը երբ բանտ նստեց, արդեն հոյակապ իմանալով գերմաներեն, բանտում սկսեց սովորել նաեւ անգլերեն եւ թարգմանել Ռոբերտ Բյորնս եւ երբ դուրս եկավ բանտից, ասաց` մի 3 ամիս էլ որ մնայի, իտալերեն էլ կսովորեի: Ամեն ինչ կախված է մեզնից, ինչ-որ մեկը կարող է մտածել, որ սա կորած ժամանակ է, բայց այդպես չէ, իրականում սա մեր կյանքն է, եւ մենք պետք է ամեն վայրկյանը եւ ցանկացած իրավիճակ օգտագործենք ի օգուտ մեզ»: 

Ռուբեն Բաբայանը հետեւում է լրահոսին եւ վիճակագրական թվերին, բայց տագնապի չի ենթարկվում, իրավիճակը գնահատում է սթափ. «Հասկանում եմ, որ թվերն իրենք իրենց չեն վերանա: Այս ամբողջ պատմության մեջ կա մի կարեւոր դրական բան` գիտակցության փոփոխություն, որը պետք է տեղի ունենա, մենք պետք է հասկանանք, որ մենք՝ բոլորս, շաղկապված ենք իրար հետ, նկատի ունեմ բոլոր երկրները, պրոբլեմները զուտ ազգային չեն լինում, կան գլոբալ պրոբլեմներ, եւ այդ պրոբլեմների հետ կարելի է պայքարել միայն միասնական ուժերով: Մեր երկրագունդը շատ փոքրիկ է, եւ բնության հետ պետք է ոչ թե պայքարենք, այլ բնությունը պահպանենք: Մեր տունը ոչ միայն Երեւանն է, Հայաստանը, այլեւ ամբողջ մոլորակը: Այս օրերին սկսում ես ավելի խորը մտածել՝ ի՞նչ ենք մենք, ինչո՞ւ ենք աշխարհ եկել, ընդհանրապես՝ ի՞նչ է կյանքը, երջանկությունը, բարությունը։ Կարծում եմ՝ եկել է փիլիսոփա դառնալու ժամանակը կամ գոնե` փիլիսոփայելու: Եվս մի կարեւոր բան. եկեք չփորձենք դիվիդենտներ քաղել այս կամ այն կողմին մեղադրելով։ Սա չարիք է, որը պետք է հաղթահարենք միասին»: