Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողի համար

Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողի համար

«Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողի համար»․ այս վերնագիրն ունի լրագրող, «Լոռի TV» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը։
«Կեցցե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության «արդար» դատարանը և դատավոր Սուսաննա Գզոգյանը: Հիշում եք, չէ՞, 2017 թ. ինչպես ինձ «պառկեցրին» ասֆալտին:

Հանցագործը, ում ես ճանաչել էի նախաքննության մարմնի մոտ՝ շուրջ մեկ տասնյակ մարդու մեջ, «ՇինՊլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանն էր: Նախաքննության և դատավարության ընթացքում բազում իրարամերժ ցուցմունքներ տվեցին այս անձը և իր ենթակաները, նաև այն անձը, ով շեֆի մեղքը վերցրել էր իր վրա, բայց չկարողացավ ապացուցել, որ ինքն է եղել, ոչ թե շեֆը: Թվում էր, թե «արդարադատություն» իրականացնող դատավոր Գզոգյանը այս գործում ոչ միայն արդարամիտ պիտի լինի, ավելին՝  նա պիտի պարզապես փաստերն իրար կողքի դներ ու վճիռ կայացներ: Ինչևէ: Ես այս գործում պարտվեցի, պարտվեցի Հայաստանի Հանրապետությանը, պարտվեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պարտվեցի հանցագործ Տիգրան Նազարյանին, պարտվեցի, որովհետև իմ երկրի, իմ համայնքի շահերն էի պաշտպանում գիշերով, անձրևի տակ ասֆալտ փռողների դեմ: 
Լրագրող ընկերներիս կուղարկեմ այս խայտառակ դատավճիռը, որը կայացվեց հետհեղափոխական Հայաստանում»,- գրում է Ն․ Ավետիսյանը:
«Զզվելի էր այս ամենը, ինձ համար ՀՀԿ-ի ժամանակներն են...»,- ի պատասխան մի մեկնաբանության՝ գրում է լրագրողը։