2016-ը հիշեցինք

2016-ը հիշեցինք

Այս օրերին ամենահեշտ բանը զգայական տեքստեր գրելն է, հաղթանակի ու հերոսների մասին պաթետիկ խոսք ասելը։ Կարելի է բանաստեղծություններ ձոնել, պատմությունից հերոսական դրվագներ հիշել, փառաբանել ազգն ու հայտարարել, որ շուտով «Բաքվում չայ» ենք խմելու, ինչպես 16-ին գեներալ Մանվելն էր հայտարարում։ Բայց մտածող, գիտակից մարդիկ հասկանում են, որ 21-րդ դարում պատերազմներում, որպես կանոն, չեն հաղթում, կամ՝ այդ հաղթանակը բացարձակ չէ, քանզի զոհերն ու կորուստներն այնքան ցավագին են ու անդառնալի, որ մարդիկ հաղթանակի բերկրանքը չեն զգում, այլ կորստի ցավն են ողբում։

Բայց ողջամիտ խոսքն ու խելամիտ առաջարկներն այսօր չեն լսվում։ Այսօր պաթետիզմի ու պսեւդոհայրենասիրության ժամանակներ են, որոնք լրագրողների համար, մեղմ ասած, հաճելի ժամանակներ չեն։

Այսպիսի օրեր մենք ունեցել ենք նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ մեզ քարկոծում էին ռազմական գործողությունների, մեր կորուստների ու ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին իրական ինֆորմացիա հաղորդելու համար։ Այն ժամանակ պետությունը պաշտոնապես չէր սահմանափակել ինֆորմացիայի փոխանցումը, սակայն ներքին կարգով ամեն ինչ անում էին, որ իրերի իրական վիճակը չհասնի հասարակությանը։ Եվ դա անում էին պետական ողջ մեքենան գործի դնելով։ Որոշ գերատեսչություններում 2016-ին ոչ այնքան զբաղված էին պատերազմական գործողություններով եւ հանրության ուժերը մոբիլիզացնելով, որքան լրատվամիջոցների բերանը փակելով եւ ինֆորմացիայի հոսքերը կառավարելով։ Այսօր չկան նախկինները, բայց մեթոդներն ու ճնշումները նույնն են մնացել։ Այսօր էլ բոլոր հնարավոր օղակներից մեզ զգուշացնում են՝ այս չգրեք, այն չգրեք, հերոսների ու զոհվածների լուսանկարները չհրապարակեք, հուղարկավորությունները չլուսաբանեք։