Նոյեմբերի 17-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջարկով ՀՀ կառավարությունը լուծարել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ փոխարենը ստեղծելով նույն անվանումով պետական ոչ առեւտրային կազմակերպություն։ Իրավական տեսանկյունից վերակազմավորված, բայց փաստացի նույն կառույցն այլ կազմակերպաիրավական ձեւ է ստացել, եւ ամենակարեւորը` անվանումից հանվել է հայկական բժշկագիտության երախտավորներից մեկի՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը։
Առողջապահության կարեւորագույն կառույցներից մեկը` ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, հիմնադրվել է Էմիլ Գաբրիելյանի ջանքերով, նորանկախ Հայաստանի համար ամենաբարդ շրջանում՝ հեռավոր 1991 թվականին։ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը 2015 թվականից կոչվում էր իր հիմնադրի անունով։ Դա եղել է այն ժամանակվա նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությունը՝ ի հիշատակ գիտնականի։ Հետագայում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյան» անունն անփոփոխ է մնացել նաեւ հաջորդ նախարարների ժամանակ՝ թե՛ գործարարի համարում ունեցող Լեւոն Ալթունյանի, թե՛ «հեղափոխական» Արսեն Թորոսյանի։
Պարզվում է՝ նախարար Ավանեսյանի այս որոշումը դժգոհությունների տեղիք է տվել համակարգում։ «Հրապարակի» աղբյուրներն ասում են՝ «կաբինետներում» քննարկում են, թե մի օր էլ արթնանալու են ու պարզեն, որ Բարդուղիմեոս Ֆանարջյանի, Սուրեն Ավդալբեկյանի կամ մեկ այլ անվանի հայ բժշկապետի անունն է անհետացել տվյալ կառույցի պաշտոնական անվանումից։ Նախարարության մեր աղբյուրներն ասում են, թե Էմիլ Գաբրիելյանի անունն իր իսկ ստեղծած փորձագիտական կենտրոնի պաշտոնական անվանումից «ջնջվել» է Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի ցուցումով։ 90-ականներին «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության տնօրեն Մարգուշ Վարդանյանը ստեղծել է սեփական դեղագործական բիզնես ընկերությունը՝ «Արֆարմացիա» ՓԲԸ-ն։
Մինչ այդ Ավանեսյանի մայրը սեփականացրել է Պուշկինի 56 հասցեում գտնվող նախկին Գլխավոր դեղատնային վարչության շենքը, որտեղ այսօր հայտնի կլինիկան է գործում` «Ուիգմորը»։ «Միգուցե եթե հայրենական բժշկագիտության նվիրյալ, համաշխարհային հռչակ ունեցող գիտնական, ակադեմիկոս Գաբրիելյանն էլ ժամանակին «բաշարած» ու սեփականացրած լիներ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի՝ Կոմիտասի 49/5 հասցեում գտնվող շենքը, երեւի իր անունը կմնա՞ր։ Փորձեք փնտրել ու պարզել, թե արդյո՞ք Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը, կամ ինքը՝ Անահիտ Ավանեսյանը, երբեւիցե զբաղվել են գիտաբժշկական գործունեությամբ, ունե՞ն որեւիցե մնայուն նվաճում բժշկության ասպարեզում, թե՞ ոչ... »,- ասում է առողջապահության համակարգի մեր աղբյուրը։
Նշենք, որ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ որոշման նախագծում ասվում է, որ այս կենտրոնի լուծարումից հետո կստեղծվի «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Թեեւ ընկերությունը հանդիսանում է 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն, այդուհանդերձ, որպես առեւտրային կազմակերպություն, հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Նշված հանգամանքը կանխելու նպատակով եւ միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերությունը եւ հիմնադրել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարությունից եւ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանից։ Նախարարության խոսնակը կենտրոնի կազմակերպաիրավական փոփոխությունը բացատրեց նրանով, որ փորձել են ավելի բարձր կարգավիճակ տալ կառույցին, իսկ Էմիլ Գաբրիելյանի անունը հանելու հարցին չպատասխանեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել մեզ։ Ա․ Բաղրյանն էլ, լսելով հարցը, ասաց, որ չի ուզում մեկնաբանել, թե ինչու է Գաբրիելյանի անունն անհետացել կենտրոնի տիտղոսաթերթից։