3 տոկոս՝ մաքու՞ր, թե՞ կեղտոտ աշխատավարձից

3 տոկոս՝ մաքու՞ր, թե՞ կեղտոտ աշխատավարձից

Քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն ահազանգում է․ իրեն են դիմել թավշյա հեղափոխությանը մասնակցած երիտասարդներ՝ Արարատի մարզից, եւ հայտնել, որ որոշ պաշտոնյաներ խեղաթյուրում են հեղափոխության արժեքները։ Ըստ Ջիվան Աբրահամյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Մասիս քաղաքում հանդիպում են ունեցել ՔՊ կուսակցության անդամների հետ, որի ընթացքում մարզպետը ներկաներից մի քանիսին հարցրել է՝ աշխատանք ստանալու դիմաց պատրա՞ստ են աշխատավարձի 3 տոկոսը նվիրաբերել ՔՊ-ին։ «Այսինքն, մարդուն գործ են առաջարկում պայմանով, որ աշխատավարձից տոկոսներ տա կուսակցությանը։ Սա նշանակում է պաշտոնական դիրքն օգտագործել հանուն կուսակցության»,- ասում է ակտիվիստը։

Ի պատասխան ներկաներից մեկին, թե իր տատիկն ու ընտանիքի այլ անդամներ 30 տարի ՀՀԿ-ական են, մարզպետը պատասխանել է՝ ոչինչ, շուտով բոլորդ անձնագրերդ բերելու եք մեր մոտ։ «Կարո՞ղ է գիտեք ՀՀԿ եք, կարո՞ղ է ինչ-որ բան խառնել եք։ Առանց այն էլ մենք բողոքում ենք, որ Մարուքյանն է իրեն սկսել Հանրապետականի պես պահել, հիմա էլ դո՞ւք եք նույնն անում։ Սա անընդունելի մոտեցում է, սա քաղաքականություն է, որ պարտադրվում է շարքային մարդուն»,- ասում է Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ, ինքը պայքարել ու պայքարում է անօրինականությունների դեմ։ Ասում է՝ մենք ուրիշ գաղափարների համար էինք հեղափոխություն անում, 3 տոկոսների համար չէինք անում։ «Մի հատ էլ ճշտեք՝ էդ 3 տոկոսները մաքուր աշխատավարձի՞ց պիտի պահեն, թե՞ կեղտոտից։ Կարո՞ղ է սա էլ նոր հարկատեսակ է, անունն էլ՝ ՔՊ անդամավճարի հարկ։ Պարգեւավճարների 3 տոկոսն է՞լ են տալիս կուսակցությանը»,- հարցնում է ակտիվիստն ու առաջարկում այդ պայմանով գործի տեղավորել քոչարյանականներին, որոնք, հաստատ, կընդունեն առաջարկը։

Քաղաքացիական ակտիվիստը դիմում է վարչապետին, ասելով՝ պարոն Փաշինյան, զբաղվեք այս հարցով։ Տեսնո՞ւմ եք՝ նախարարդ ու մարզպետդ ոնց են իրենց պահում, ոնց են խայտառակում հեղափոխությունն ու խեղում դրա գաղափարը։