Ինչի՞ եք Կասկադի հետեւից ընկել․ հեղինակ-ճարտարապետը վրդովված է
Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագծային փաթեթ, որոնք հանրային քվեարկության են դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Նախագծելով Կասկադը, հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը եւ Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երեւանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը քաղաքը հատում է հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարն ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարն իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձեւեր եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներ։
Ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, լինելով Կասկադի համահեղինակներից մեկը, հայտնվել է դիտորդի կարգավիճակում, ասում է՝ իրեն ո՛չ դիմել են, ո՛չ տեղեկացրել, որ նման բան են անում։ Ավելին՝ ամեն ինչ ծածուկ է արվում․ «Ինչո՞ւ պետք է ես դրա մասին երեկ իմանայի՝ ձեր զանգից, հետո հետաքրքրվեի, պարզեի, որ 2 հատ նախագիծ է ներկայացված Կասկադի արդիականացման համար, կարծես եղած նախագիծն այնքա՜ն հին է՝ 7-րդ դարի մի բան, որ ուզում են արդիականացնել։ Հանրապետության հրապարակը գեղեցիկ է, ոչ թե՝ որովհետեւ դասական ձեւով է արված, այլ գեղեցիկ է, որովհետեւ համաչափություններ կան, որի մեջ ճարտարապետները հոգի են դրել, ձգտել են արվեստ ստեղծել, ոչ թե այսօրվա պես փորձել են բիզնես անել»։
Հեղինակ-ճարտարապետն ասում է՝ 2 ամիս առաջ քաղաքապետարանում ներկայացվել է ֆրանսիացի ճարտարապետի նախագիծը, որի շուրջ հայտնել է իր դժգոհությունը։ «Նախ՝ ես գործող ճարտարապետ եմ եւ հետո՝ հեղինակներից մեկը, ինչո՞ւ եք իմ հեղինակային իրավունքը ոտնահարել։ Ես քաղաքական գործիչ չեմ, փողաշորթ չեմ, փառասեր չեմ, իմ աշխատանքով ապրում եմ, ի՞նչ կլիներ՝ ես էլ մասնակցեի, եթե այսպիսի ծրագիր կար, ու ուզում եք արդեն անդրադառնալ Կասկադի շարունակությանը։ Մեկ անգամ հանդիպեիք ու տեսնեիք, թե մենք ինչ ենք արել»,- ասում է Ա․ Մխիթարյանն ու անդրադառնում Կասկադն արդիականացնելու քաղաքապետարանի ծրագրին՝ նշելով, որ ինքն ունի նաեւ արդիականացման տարբերակ։
«Իմ այդ տարբերակն էլ ցույց տայիք, թող ժողովուրդը տեսներ ու որոշեր՝ որն է ուզում․․․ ինչո՞ւ ենք մենք անընդհատ ձգտում այդ օտարամետությանը, ի՞նչն է պատճառը,- ասում է Մխիթարյանը, ապա շարունակում միտքը։- Գիտե՞ք ինչումն է բանը․ այնպիսի տպավորություն է, որ հենց այստեղ նոր մարդ է գալիս, ասում է՝ ստեղ չկա ճարտարապետություն ․․․․ բայց այստեղ կա Օպերա, գինու գործարանի շենքը կամ հենց նույն քաղաքապետարանի շենքը, հիմա դուք դրանց կողքին մի հատ շինություն ասեք, որը ճարտարապետական կամ գեղարվեստական արժեքներով իմ թվարկած շինություններից բարձր են կամ լավն են, միայն Կասկադն է, չէ՞, բա թողեք՝ այդ Կասկադն ավարտենք»։ Մխիթարյանն ընդգծում է՝ դրսից բերված ճարտարապետությունը շատ արագ հնանում է, եւ դրա հանդեպ հետաքրքրությունն էլ արագ կորչում է։
«Հրապարակից՝ մեր կառավարության շենքի մոտից նկարեք մյուս կառավարական շենքն ու դրա թիկունքում կառուցված նոր, այսպես կոչված, ժամանակակից շինությունները եւ ինքներդ տրամաբանեք՝ ո՞րն է ժամանակակից․ Կառավարական շե՞նքը, թե՞ այդ անհասկանալի ճարարապետությունը։ Արվեստում՝ հատկապես ճարտարապետության մեջ, չկան «իզմ»-եր, կա գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ։ Հիմա այն, ինչը նոր է, նորաձեւություն չէ, մենք գործ ունենք ճարտարապետության հետ, որը մնում է եւ դառնում պատմություն։ Կասկադն անգամ աշխարհի կողմից է ընդունվել, որովհետեւ ինչքան Հայաստանի, Երեւանի մասին խոսում են, կա՛մ Օպերան են ցույց տալիս, կա՛մ Հրապարակը, կա՛մ Կասկադը․․․ ո՞րն է պատճառը, ինչի՞ եք ընկել Կասկադի հետեւից, դրա վրա մեծագույն վարպետներ են աշխատել՝ Ջիմ Թորոսյանը, ով, ի դեպ, կառուցել է նաեւ քաղաքապետարանի շենքը։ Հիմա պատկերացրեք՝ այն ժամանակ մեկը գար, արդիականացներ քաղաքապետարանի շենքն ու ապակիով աներ այդ շինությունը, մենք չէինք ունենա այդպիսի գեղեցիկ ճարտարապետությամբ շինություն մեր քաղաքում։ Միլանի տաճարը կառուցում էին 300 տարի, Սագրադա Ֆամիլիան՝ Բարսելոնայում կառուցում էին 100 տարի, ի՞նչ է պատահել, որ դուք անպայման ուզում եք այդ կապը խզել, ինչո՞ւ, մենք դրա վրա աշխատել ենք 25 տարի, կռվով-դավով բերել ենք այդ շարժասանդուղքները, հիմա գալիս է մեկ ուրիշը եւ ուզում է եղածի վրա ուրիշ բա՞ն անել, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Ո՞րն է հեղինակների հանդեպ նման վերաբերմունքի պատճառը»,- ասում է Ա․ Մխիթարյանն ու նկատում, որ այստեղ ոչ այնքան շտապողականության մասին է խոսքը, որքան որ հինը քանդելով ուզում են նոր բան ստեղծել։
«Էվոլյուցիան ավելի լավ է, քան նման հեղափոխությունները։ Այն, ինչ թվում է, որ շատ ժամանակակից է, մի ամիս-մեկ տարի հետո այլեւս ժամանակակից չէ, իսկ Հռոմի Պանթեոնը մինչեւ հիմա ժամանակակից է։ Արվեստին չի կարելի այսօրվա հայացքով նայել։ Կասկադն ընդունել է թե՛ քաղաքը, թե՛ ժողովուրդը, ինչո՞ւ եք ուզում ներխուժել այդտեղ»։
Այս հարցադրումներն ինքը հնչեցրե՞լ է քաղաքապետարանում։ «Քննարկում չի եղել, ֆրանսիացին ներկայացրեց իր առաջարկները, ու դրանով ավարտվեց»։ Այդուհանդերձ՝ քննարկումից դուրս չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ։ «3-4 քաղաքապետերի մոտ միայն ինքս եմ գնացել եւ այդ հարցը բարձրացրել․․․ ոչ մի բան էլ չեն ասել կամ էլ ասել են՝ մերը չի հողը, որովհետեւ այդ հողերը տվել էին Գաֆեսճյան հիմնադրամին, 99 տարով, հետո Գաֆեսճյանը հրաժարվեց, ու հիմա արդեն հողը մերն է, բայց ինչո՞ւ եք այդ հողի հետ այդպես վարվում, դրանից հետո ոչ ոք ինձ չի ասել՝ այդ խնդրով զբաղվեք։ Ես եմ միշտ հետաքրքրվել, ու ասել են՝ դեռ ձեւակերպված չէ։ Հենց ձեւակերպվեց, պարզվեց՝ ամերիկացին է տերը, հիմա էլ ավելացել է ֆրանսիացին։ Ի դեպ, ամերիկացու նախագիծը ինքը՝ Գաֆեսճյանը, չկառուցեց, որովհետեւ լավը չէր, հիմա փոխել են, նոր նախագիծ են ներկայացրել, բայց եթե այդպես էր, ինձ էլ ասեիք, ես էլ անեի․․․»։
Ա․ Մխիթարյանի արվեստանոցի պատերին Կասկադի շարունակության՝ որպես մեկ ամբողջական համալիրի էսքիզներն են։ Ճարտարապետը մատնանշում է, որ վերեւում պետք է լիներ 12 սյուն, որոնց վրա պետք է լինեին 12 քաղաքների զինանշաններ, որոնք եղել են Հայաստանի մայրաքաղաքները․ «Այնպես, որ ներքեւից նայեիք, դա պետք է լիներ վերեւում կանգնած՝ թագ։ Այսինքն՝ գաղափար կար, իսկ այս նախագծերում ոչինչ չկա, այլ միայն ֆորմաների խաղ, որոնք ամեն տեղ կարող եք տեսնել»։
Հեղինակը վրդովված է հատկապես այն փաստով, որ ինչու պետք է նեղ շրջանակով այս հարցերը քննարկվեն ու որոշումներ ընդունվեն։ «Ինչո՞ւ չեն ներկայացնում դա ճարտարապետների, նկարիչների միություններին, թե չէ՝ այդ սայթը, որտեղ դրել են այդ նախագծերը, ժողովրդի կեսին չեն հետաքրքրում, կարող է մարդիկ չնայեն, չտեսնեն էլ։ Հետո՝ դա մասնագիտական հարթակ չէ, ու հանրային կարծիքը դեռ այն կարծիքը չէ, որ կարող է որոշիչ լինել»,- ընդգծում է զրուցակիցս։
Քանի որ համալրի համահեղինակներից է, եւ այս դեպքում իր հեղինակային իրավունքն էլ խախտվել է, ո՞րն է լինելու իր քայլը ստեղծված իրավիճակում։ «Ես դեռեւս զարմացած եմ ու դեռ պետք է մտածեմ՝ ինչ եմ անելու, հո դատարան չե՞մ տալու, ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ նման վերաբերմունք։ Իմ նպատակն այս քաղաքին պիտանի լինելն է, ես 50 տարի է՝ դասավանդում եմ եւ ուզում եմ, որ այս քաղաքը, ինչքան հնարավոր է, գեղեցիկ լինի, ոչ թե ընկնի այս կամ այն իզմ-ի տակ, սեւ ու սպիտակի տակ, արդյունքում մեր քաղաքի շունչն է կորում, ո՞րն է պատճառը, ուզում են քաղաք- պետությո՞ւն սարքել մեր երկիրը»։
Կարծիքներ