Փաշինյանն այլևս շարքային կառավարիչ է

Փաշինյանն այլևս շարքային կառավարիչ է

Սահմանադրական դատարանի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու իրավական պետության մասին առասպելները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև ՍԴ-ի ոչնչացումն ու դրանից հետո։ 

Հետաքրքրականն այն է, որ վարչապետը փաստացի հանուն Հրայր Թովմասյանի հսկայական զոհաբերության գնաց՝ խաղասեղանին դնելով իր քաղաքական կապիտալն ու հանրային վստահությունը։ Նույնիսկ բազմաթիվ սխալների առկայությամբ նախկինում նա շարունակում էր պահպանել հեղափոխական խորհրդանիշի իր կարգավիճակը, ինչը նրան որոշակի անձեռնմխելիության կարգավիճակ էր շնորհում։ Իսկ հիմա կարգավիճակն այդ ամբողջությամբ կարելի է մսխված համարել և Փաշինյանն այլևս շարքային կառավարիչ է, որին մարդիկ թիրախավորելու են այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկիններին։ 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն պարզունակ քմահաճույքի այդպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։ Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Բանն այն է, որ իրադարձությունների նմանատիպ զարգացումը խաչ քաշեց նաև հանրային համերաշխության գաղափարի վրա, քանի որ կառավարող թիմի հակաիրավական գործունեությունը երկարաժամկետ կոնֆլիկտի սաղմեր է տեղադրում։ Հեղափոխությունից հետո Փաշինյանը հանրային դաշինք ստեղծելու իրական հնարավորություն էր ստացել, բայց ցավոք սրտի դաշինքն այդ ժամանակավոր էր ու անհեռանկար։ 

Շատերը չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց, որը ամեն պահ կարող է պայթել։ Իսկ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ անցյալի և նախկինների դեմ ուղղված երևակայական պայքարն այլևս չի ապահովելու այն հանրային կոնսոլիդացիան, որն առաջ կար։