Անվտանգության աշխատակիցներից 4-ն է բերման ենթարկվել, 10-ը՝ ցուցարարներից

Անվտանգության աշխատակիցներից 4-ն է բերման ենթարկվել, 10-ը՝ ցուցարարներից

Երեկ Ամուլսարի հանքի տարածքում տեղի ունեցած բախումների հետևանքով հանքը շրջափակած ակտիվիստներից 10 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասացին ոստիկանությունից՝ հավելելով, որ բոլորն էլ բաց են թողնվել։

Ոստիկանությունից հաղորդեցին նաև, որ ևս 4 հոգի բերման է ենթարկվել «Լիդիանի» պահնորդական ծառայության աշխատակիցներից, նրանք ևս բաց են թողնվել, սակայն այս պահին ոստիկանությունում նրանց գործողությունների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ երեկ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը տեղափոխել էր հանքը շրջափակած ակտիվիստների վագոն-տնակները՝ դրանք, իրենց խոսքերով, դուրս հանելով հանքի տարածքից։ Այս գործողություններին հետևել են բախումները։ Մեր տեղեկություններով՝ այսօր ևս Ամլուսարում լարված իրավիճակ է եղել։