Մենք լինելու ենք ոչ թե ապաքաղաքական, այլ՝ ապակուսակցական կառույց

Մոտ մեկ ամիս առաջ հանրային դաշտում նոր շարժում ձեւավորվեց` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն, որը պաշտոնապես ազդարարեց շարժման մեկնարկը՝ ներկայացնելով «Հայոց տան» մանիֆեստը։
Շարժման նախաձեռնող թիմում են բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը, ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, ինչպես նաեւ՝ գիտության, մշակույթի, հասարակական այլ գործիչներ։
«Հայոց տունը», ինչպես բանախոսներն են նշում, լինելու է ապակուսակցական կառույց՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ եւ փորձառու գործիչների ներգրավմամբ․ «Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգեւոր, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով: «Հայոց տունը» նաեւ նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի եւ հայ ազգի բարգավաճմանը»:
ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Հայոց տան» ներսում գործելու է 12 «սենյակ»՝ ենթահանձնաժողովներ, որոնցից 4-ն արդեն ձեւավորման փուլում է։ «Քանի որ մենք նախատեսել ենք 12 «սենյակ»՝ ենթահանձնաժողովներ, ուզում ենք, որ դրանք որպես ուղեղային կենտրոններ աշխատեն»,- ասում է զրուցակիցս ու նշում, որ սա կարող է մի քիչ երկար տեւել, որովհետեւ բավականին մանրակրկիտ ու լուրջ աշխատանք է տարվում, մինչեւ ուղեղային կենտրոնները ձեւավորվեն, այնուամենայնիվ, մինչեւ մայիսի վերջը կազմակերպչական այդ ամբողջ աշխատանքն ավարտված կլինի։
Քննարկումներից բացի, այդ ուղեղային կենտրոնները որեւէ կոնկրետ գործունեություն ծավալելո՞ւ են։ «Իհարկե, այդ ուղեղային կենտրոնները, որ ձեւավորում ենք՝ համալրում ենք մարդկանցով, մասնագետներով, այդ թվում՝ դրսից, ոչ միայն Հայաստանից։ Սփյուռքի այդ ահռելի ռեսուրսն անպայման պետք է օգտագործենք եւ փորձում ենք օգտագործել։ Բայց, ձեւավորելուց բացի, իրենց առջեւ խնդիր է դրվում, որ այս-այս թեմաներն ու հիմնախնդիրները պետք է ուսումնասիրվեն, եւ բերեն՝ վերլուծություններ ներկայացվեն։ Այսինքն՝ ե՛ւ ձեւավորում ենք, ե՛ւ խնդիր ենք դնում, որպեսզի իրենք իմանան, թե ինչ ուղղությամբ են աշխատելու, ինչպիսի ակնկալիքներ մենք իրենցից ունենք։ Նաեւ՝ իրենց ենք լսում, որովհետեւ իրենք ոլորտը ներկայացնում են, եւ իրենց առաջարկներն էլ շատ արժեքավոր են։ Մենք մեր պատկերացումն ենք ասում, իրենք՝ իրենցը, ելնելով ոլորտի ճանաչումից, եւ արդյունքում ձեւավորում ենք այն խնդրակարգը, որը դառնում է իրենց համար աշխատանքի ծրագիր»,- նշում է Գ․ Պողոսյանը։
Նախաձեռնության մեկնարկի օրը շարժման անդամները միաբերան նշում էին, որ սա լինելու է ապաքաղաքական կառույց, մինչդեռ որքանո՞վ է մեր օրերում դա հնարավոր, դիցուք, եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններ են արվում՝ կասկածի տակ առնելով այդ իրողությունը, իրենք շրջանցելո՞ւ են դա, թե՞ ինչ-որ կերպ արձագանքելու են։ «Ճիշտ եք, այդ օրը շեշտադրումը մի քիչ սխալ արվեց, որովհետեւ մենք ոչ թե ապաքաղաքական ենք, այլ՝ ապակուսակցական, քանի որ սա կուսակցական կառույց չէ։ Հիմա ինչ էլ արվում է, քաղաքականության հետ միանշանակ առնչվում է, հնարավոր չէ, որ չառնչվի։ Դրա համար շեշտադրումը մի քիչ սխալ էր՝ ոչ թե ապաքաղաքական, այլ՝ ապակուսակցական կառույց։ Մենք դա ենք ուզում շեշտել, որ մենք կուսակցություն չենք եւ կուսակցական խնդիրներ չենք դնում՝ գալ իշխանության, մասնակցել ընտրությունների։ Սա մեր խնդիրը չէ, մեր խնդիրն է՝ վերլուծություններ, ժողովրդին բացատրել, առաջարկել հնարավոր սցենարներ, ավելի լավ տարբերակներ, այսինքն՝ ուղեղային գործունեությունը, ու ոչ միայն գիտական, այլեւ այդ թվում՝ նաեւ գեղարվեստական, որովհետեւ հատուկ «սենյակներ» ունենք, որտեղ նաեւ բոլորին շատ հայտնի արվեստի ներկայացուցիչներ են լինելու։ Իհարկե, ցանկացած դեպքում դա քաղաքականության հետ առնչվում է, բոլոր ոլորտներում էլ՝ արվեստից մինչեւ արդյունաբերություն, քաղաքականություն կա, բայց մեր կառույցն իրենից կուսակցություն չի ներկայացնելու»,- ընդգծեց Պողոսյանը։
Կարծիքներ