Հասարակությանն արդեն նախարարնների խոսնակներն են դասեր տալիս

Հասարակությանն արդեն նախարարնների խոսնակներն են դասեր տալիս

Երիտասարդներին առհասարակ բնորոշ է ցինիզմը, իսկ երիտասարդ իշխանություններին՝ առավել եւս։ Մենք ամեն օր բախվում ենք ինքնավստահ, մեծամիտ, տգետ պահվածքի հետ, որը դրսեւորվում է ընդդիմախոսներին պատերին ծեփելու, նրանց հնչեցրած քննադատությունը արհամարհելու, յուրաքանչյուր քննադատողին պիտակավորելու՝ ռոբասերժական ռեժիմի կողմնակից հռչակելու ձեւով։ Մինչդեռ խելացի իշխանությունն անգամ թշնամիների կարծիքին պետք է ուշադիր լիներ, լսեր ու հետեւություններ աներ բոլորի առաջարկներից ու քննադատություններից։ Հենց նման պահվածքն է ռիսկեր ստեղծում մեր երկրի անվտանգության ու մեր բնակչության առողջության համար։ Եւ եթե ժամանակին հեղափոխականները լսեին տարբեր մարդկանց զգուշացումները եւ մեծամիտ հայտարարություններ չանեին, ասենք, կորոնավիրուսի վտանգների հետ կապված, մենք այսօր բոլորովին այլ ստատիստիկա եւ իրավիճակ կունենայինք։ Բայց նրանց պոռոտախոսությունը, այլ կարծիք չլսելու, ընդդիմախոսների բերանը փակելու ավանդույթները շարունակվում են։

Ընդ որում, նման պահվածք ոչ միայն նկատվում է առաջին դեմքերի մակարդակով, այլեւ անգամ նրանց խոսնակների։ Երեկ մենք զարմանքով ընթերցեցինք Արտաքին գործերի նախարարության խոսնակի լուսանկարով եւ ստորագրությամբ տարածված հաղորդագրությունը՝ արտերկրում գտնվող անձանց եւ նրանց հայրենիք տեղափոխելու հետ կապված։ Հաղորդագրությունն ավարտվում էր հետեւյալ նախադասությամբ․ «Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»: Խոսքը դրսում մնացած մեր հայրենակիցների մասին է, որոնք չեն կարողանում Հայաստան հասնել, քանի որ չվերթներ չկան, իսկ ցամաքային ճանապարհը փակ է։ Նախօրեին, հիշեցնենք, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մեծ թվով հայ մարդիկ էին մնացել՝ սոված, անփող եւ չէին կարողանում հասնել հայրենիք։ Այդ մասին հրապարակումներ եղան, ահազանգերից հետո մի խումբը հասավ Հայաստան, սակայն այսօր էլ մոտ երկու տասնյակ մարդիկ կային դեռ օդանավակայանում։ Փաստորեն, ստացվում է, արդեն խոսնակներն են դաս տալիս, սովորեցնում, կոչեր հնչեցնում։

Նրանք, պարզվում է, ավելի լավ գիտեն, թե ինչն է բխում մեր հասարակության շահերից եւ որն է աժիոտաժը։ Նրանք նաեւ գիտեն, թե որն է «հատվածական շահը» եւ լուրջ վերաբերմունք են ակնկալում մեզնից, հասկացնելով, որ լուրջն իրենք ենք, իսկ իրենց քննադատողներն անլուրջ են եւ անպատասխանատու։ Նման հայտարարություն հասարակությունը չպետք է հանդուրժեր անգամ նրա նախարարի՝ Զոհրաբ Մնացականյանի անունից, մինչդեռ մի աղջիկ՝ Աննա Նաղդալյան անուն-ազգանունով դասեր է տալիս ու գնահատականներ հնչեցնում, զբաղեցնելով ընդամենը նախարարի խոսնակի պաշտոնը։