Բաղրամյան 26-ի հաճախորդներից՝ կառավարության հաճախորդներ

Բաղրամյան 26-ի հաճախորդներից՝ կառավարության հաճախորդներ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։ Ընտրությունների հաջորդ օրվանից նա իր մոտ է հրավիրում տարբեր ուժերի ներկայացուցիչների․ ձեռքսեղմումներ, լուսանկարներ, հաղորդագրություններ՝ ապագա համագործակցության մասին խոստումներով։ Երեկ հերթական ներկայացումն էր։

Հիշեցնենք, ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանի մոտ էին հյուրընկալվել եւ նրա հաղթանակած ձեռքը սեղմել հայ քաղաքական դաշտի այնպիսի կարկառուն ընդդիմադիրներ, ինչպիսիք էին Արամ Զավենի Սարգսյանը, Բաբաջանյան-Շիրինյան ռոմանտիկ զույգը, կառուցողական ընդդիմության առաջամարտիկ Էդմոն Մարուքյանը, Փաշինյանին ԱԺ ամբիոնից հրաժարական գրելու սպիտակ թուղթ տված Տիգրան Ուրիխանյանը, ընտրություններին չմասնակցած եւ հանրության կողմից մոռացված Միքայել Հայրապետյանը, իր ռուս կնոջ օգնությամբ հայ քաղաքականություն մտնել փորձող Տիգրան Արզաքանցյանը։ 

Երեկ Փաշինյանն իր մոտ՝ կառավարության շենքում ընդունել էր մեկ այլ խմբի։ Սկզբում՝ ժպիտը դեմքին, նրան էր այցելել ընդամենը օրեր առաջ գրանցված եւ հայ հասարակությանը բացարձակապես անծանոթ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։ Այս հանդիպումից մենք իմացանք, որ մեր քաղաքական դաշտում գոյություն ունի նման անունով կուսակցություն, որի առաջնորդը Մհեր Տերտերյանն է, որը ժամանակին եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Երեկ նա լուրջ դեմքով շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին հրավերի համար՝ նշելով, որ այս ընտրական շրջանում իրենք նպատակ էին դրել, որպեսզի հնարավորություն ունենան հանրությանը, մեր ազգին ներկայացնել իրենց վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը, եւ համարում են, որ իրենց խնդիրը կատարված է։ 
Հետո Փաշինյանին հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Մարդ, որը դեռ մեկ տարի առաջ չվախեցավ հրապարակավ պահանջել կառավարության 100 տոկոսի, այսինքն՝ նաեւ անձամբ վարչապետի հրաժարականը, եւ իր քաղաքական հայացքների համար հետապնդվեց ու բանտարկվեց այդ նույն Փաշինյանի ձեռամբ,  մարդ, որը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանին «դավաճան» ասելով պայքարում էր նրա հեռացման համար եւ, ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի», նաեւ Հայրենիքի փրկության շարժմանն էր մասնակցում։ Բայց երեկ նա կառավարությունում էր, որպեսզի «պարոն վարչապետին» հայտներ, որ ինքն ընտրություններում պարտվելուց հետո էլ ժողովրդի կողքին է, ժողովրդի հետ է եւ ժողովրդի համար ամեն ինչ անելու է՝ անգամ չընտրվելու պարագայում։ 

Հետո հաղորդագրություն տարածվեց առ այն, որ «մեծարգո պարոն վարչապետը» հանդիպել է բոլոր ժամանակների ամենաբամբ ձայնով ընդդիմադիր, հետո ընդհատակ անցած եւ պատեհ պահին իշխանական կաբինետներում հայտնվող Խաչատուր Քոքոբելյանի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի հետ։ Քոքոբելյանը ծնունդով Տավուշից է, որտեղ դեռ Սերժ Սարգսյանի թվերից բիզնես գործունեություն է ծավալում՝ ջերմոցներ, հանքեր եւ այլն։ Այսօր Տավուշի մարզն ամենավտանգված տարածքներից է՝ Փաշինյանի թեթեւ ձեռքով վաղը կարող է հանձնվել թշնամուն, եւ Քոքոբելյանը, վստահաբար, այս ամենը քաջ գիտակցում է, բայց նա էլ է նախընտրում իր նեղ-անձնական բիզնես շահը փոքր հայրենիքի շահից։ Դրա համար էլ հանդիպում է Փաշինյանի հետ, ավելին՝ երեկ ասել է․ «Չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել․․․ Ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ զարգացման առումով Հայաստանը ճիշտ ռելսերի վրա դնելու: Չեմ թաքցնի՝ այդ հնարավորությունը Դուք, բնականաբար, ունեք: Ես՝ ինքս, հույս ունեմ, որ Դուք դա լիովին կօգտագործեք, նաեւ Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում: Եվ կարծում եմ, որ այդտեղ նաեւ պետք է ունենաք օժանդակություն, ինչու ոչ՝ նաեւ մեր հասարակության տարբեր շերտերից, այն ինստիտուտներից, որոնք կարող են ձեւավորվել, ինչպես նաեւ ձեւավորված ինստիտուտներից, որոնք կարող են համակերպվել այս նոր իրավիճակին»: 

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանի մոտ հյուրընկալվողների մեծ մասը՝ նույն ստորաքարշ ժպիտը դեմքներին, նաեւ ժամանակին Սերժ Սարգսյանի հետ էին գնում հանդիպման։ Նրանց դեռ Սերժի թվերին անվանում էին Բաղրամյան 26-ի հաճախորդներ։ Հիմա պատմությունը կրկնվում է, պարզապես Բ-26-ի հաճախորդները դարձել են կառավարության հաճախորդներ։ Անգամ պատերազմը բան չի փոխել։