Երևանն ու Բաքուն գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ. Լավրով

Գրել ենք, որ այսօրվա մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, թե Հարավային Կովկասի երկրները ժամանակի ընթացքում ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները:
Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա հարցերի լուծման այս ձևաչափն ամենաարդյունավետն է։ Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի` հայ–ադրբեջանական գործընթացին միջամտելու փորձերը միայն բարդացնում են իրավիճակը։
Ռուսաստանցի դիվանագետը ուշադրություն է հրավիրել Վաշինգտոնի և Բրյուսելի` հայ–ադրբեջանական գործընթացին միջամտելու համառ փորձերի վրա:
«Լսեցի՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարծես թե, արդեն գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվ հասկանալի է, որ մնացած երկու հարցերը նրանք... Դժվար է դրանք ինչ-որ կերպ շրջանցել։ Ու միանգամից Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսեցին խոսել՝ մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք»։ Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե փաստաթուղթը համաձայնեցվելու դեպքում այն որտեղ պետք է ստորագրվի։ Բայց Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտումն է ինչ -որ կերպ ցույց տալ, որ իրենք են ամեն ինչ արել... կան ասացվածքներ, որոնք այնքան էլ պարկեշտ չեն...», - հայտարարել է նա։
Նշենք, որ հիշյալ ձևաչափի շրջանակում 2021-2024թթ. արդեն կայացել է 3 հանդիպում՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստ է աջակցել գործընկերներին՝ խստորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածություններին։ Իսկ այդ աջակցության ձևերն ու ծավալները կողմերն են որոշում։
Կարծիքներ