Ոմանց ունեցվածքն անակնկալ էր․ ինչ են հայտարարագրել Գյումրիի քաղաքապետի թեկնածուները

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։
Hraparak.am-ն առանձնացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, ըստ որոնց հայտնի է դառնում, թե քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուներից ով ինչ է հայտարարագրել։ Պատկերը բավականին հետաքրքիր է։ Գյումրու քաղաքապետի թեկնածուները չքավոր չեն, բայց կան այնպիսիները, որոնց ունեցվածքն անակնկալ է հենց գյումրեցիների համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը բնակարան է հայտարարագրել՝ Գյումրու Տիգրան Մեծի պողոտայում՝ 100 քառակուսի մետր բնակմակերեսով, միանձնյա սեփականատեր է «MERSEDES BENZ» մակնիշի S 550 և E 320 սերիաներով 2 ավտոմեքենայի։ Նրա տարեկան եկամուտը նախկին աշխատավայրում ՝ Միասնական սոցիալական ծառայությունում կազմել է 4 մլն 858 հազար դրամ, իսկ Գյումրու քաղաքապետարանից ստացել է 497․000 դրամ աշխատավարձ։ Պարզվում է՝ ունի նաև վարկային պարտավորություն ՝ 3 մլն 300 հազար դրամի ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սարիկ Մինասյանն ունեցել է 19 մլն ՀՀ դրամ, 3500 եվրո և 6000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Մինասյանը նաև պարտապան է՝ բանկում ունի 20 հատ պարտատոմս՝ 200․000 ՀՀ դրամի չափով։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրու Վարդբաղ թաղամասում հողատարածք է հայտարարագրել և 43 քառ․ մետր մակերեսով բնակելի տուն ։ Ղուկասյանը 2 գույքի միանձնյա սեփականատեր է, դրանք միասին 588 քմ մակերեսով բնակելի տներ ։ 1 ավտոմեքենա է հայտարարագրել՝ «BMW 760 Li» մակնիշի։
Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է ոսկյա ժամացույց, ադամանդե մատանիներ, ոսկյա խաչ։ Միասին արժեն 6 մլն 500 հազար դրամ ։ Նախկին քաղաքապետը նաև իր թոշակն է հայտարարագրել` 530․000 ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վարդան Ղուկասյանն ունեցել է 4 մլն ՀՀ դրամ, 6000 եվրո, 3500 ԱՄՆ դոլար, «Ալեքպոլ» ՍՊԸ-ից ունի 50 տոկոս բաժնեմաս։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարեն Մալխասյանը պարզվում է՝ թեկնածուներից ամենահամեստ ունեցվածք ունեցողն է։ Նա միանձնյա սեփականատեր է 320 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան՝ Գյումրու Աբովյան փողոցում։ Թանկարժեք գույք, անգամ ավտոմեքենա չունի։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլն 825 հազար դրամ գումար։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանի ունեցվածքը փոքր-ինչ աչք է ծակում, նա Գյումրու «Քարհատ մեքենա» ՓԲԸ տնօրենն է և նույն ընկերության բաժնեմասի 100 տոկոս սեփանականատերը, «Կումայրի գրուպ»-ի և «Էկոնովա»-ի համահիմնադիրն է, որոնցից 50 եւ 100 տոկոս բաժնեմաս ունի։ «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից նա ունեցել է 2 մլն 400 հազար դրամ եկամուտ, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից ՝ 6 մլն 100 հազար դրամ ։ 120 քառակուսի մետր մակերեսով համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Գյումրու Պարույր Սևակի փողոցում, միանձնյա սեփականությամբ՝ 3 արտադրամաս, 1 կաթսայատուն եւ «BNW X5 DRIVE» մակնիշի ավտոմեքենան։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1 մլն ՀՀ դրամ՝ անկանխիկ դրամական միջոցներ, իսկ կանխիկ ՝ 150 մլն դրամ, 15․000 ԱՄՆ դոլար, 8000 եվրո և 980․000 ռուսական ռուբլի։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության թեկնածու Արտյոմ Թումանյանը ունեցվածքով բավականին զիջում է նախորդին։ Թումանյանը թանկարժեք գույք չի հայտարարագրել, ունի բանկային ավանդ, որից ստացած եկամուտը կազմում է մոտ 400․000 դրամ, որպես նվիրատվություն տերմինալից մուտքեր են արվել 3 մլն 200 հազար դրամի չափ գումար, եւ 130․000 դրամի նվիրատվություն է ստացել որդուց՝ Դավիթ Թումանյանից։554 ԱՄՆ դոլար էլ տան վարձակալությունից է եկամուտ ստացել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արտյոմ Թումանյանն ունեցել է 10 մլն դրամ գումար ։
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից՝ որպես աշխատավարձ հայտարարագրել է մոտ 4 մլն 534 հազար դրամ , «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից ունեցել է մոտ 9 մլն 651 հազար դրամի եկամուտ, YouTube-յան գովազդից 1․736 ԱՄՆ դոլար է ստացել, նվիրատվությունները կազմում են 4 մլն 50 հազար դրամ։ Թեկնածուն հայտարարագրել է նաև թանկ սուվեներները՝ հնաոճ իրերի հավաքածուն՝ 9 մլն դրամ, մետաղադրամների հավաքածուն՝ 8 մլն դրամ։ Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է սեփական գծանկարների հավաքածուն՝ 22 մլն դրամ է գնահատվել, սեփական գրադարանը՝ 18,5 մլն դրամ։ Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է 94,38 քառակուսի մետր մակերեսով իր տունը՝ 44,32 քառակուսի մետր հողամասով, ինչպես նաև 182 քառակուսի մետր մակերեսով հողամաս և շինություն է հայտարարագրել Թբիլիսյան խճուղիում, 2 հա հողամաս էլ՝ Լոռու մարզի Վահագնի գյուղում, ավտոմեքենաներից 3 FORD մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Լևոն Բարսեղյանն ունեցել է 29 մլն 140 հազար ՀՀ դրամ, 4200 եվրո, 3530 ԱՄՆ դոլար, 58 ֆիլիպինյան պեսո։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանը, լինելով գործազուրկ, բավականին լուրջ հայտարարագիր է լրացրել։ Նա հայտարարագրել է 6 շարժական գույք, « Mersedes Benz ACTROS 1845», «Wolkswagen Vento 1.8» և «OPEL VECTRA» մակնիշների ավտոմեքենաներ, «Mersedes Benz 0403» մակնիշի մեկ ավտոբուս, «Ford Tranzit» և « Mersedes Benz ACTROS 1845» մակնիշների 2 բեռնատար և բեռնատարի 1 կցորդիչ: Նա թանկարժեք գույք չի հայտարարագրել։ «Բնաքար տուֆ» ՍՊԸ-ից որպես եկամուտ ներկայացրել է 104․000 դրամ աշխատավարձը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արտյոմ Ղարաղազարյանն ունեցել է 210․000 դրամ գումար ։
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանն էլ 534 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան միանձնյա սեփականատեր է, տանը կցված է 0,065 հա հողամաս, մոտ 1 հա հողամասի համասեփականատեր է մեկ այլ փողոցում։ Գրիգորյանը 2 բնակարան ունի Երևանում, որից 2-ն էլ 53-ական քառակուսի մետր մակերեսով Արաբկիր համայնքում է գտնվում, նույն համայնքում 17 հա մակերեսով ավտոկայանատեղի է սեփականաշնորհել։ Թանկարժեք գույքեր չի հայտարարագրել։ Որպես եկամուտ ներկայացրել է ԱԺ պատգամավորի աշխատավարձը՝ 570․000 դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Մարտուն Գրիգորյանը ունեցել է 190 մլն ՀՀ դրամ և 20․000 ԱՄՆ դոլար։
«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը, որ «Վառուվի» ՍՊԸ տնօրենն է, որպես աշխատավարձ ներկայացրել է 3 մլն 20 հազար դրամ, իսկ որպես շահաբաժին՝ 43 մլն 950 հազար դրամ ։ Նա Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 340 քառակուսի մետր մակերեսով առանձնատան սեփականատեր է , թանկարժեք գույքեր չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ռուբեն Մխիթարյանն ունեցել է 41 մլն ՀՀ դրամ և 67․000 ԱՄՆ դոլար ։
Կարծիքներ