Հրադադար կլինի, խաղաղություն՝ դժվար թե

Աշխարհի թիվ մեկ իրադարձությունը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ 30-օրյա հրադադար հաստատելու շուրջ պայմանավորվածությունն է, որ ձեռք բերվեց նախորդ օրը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հիմա ամերիկացիները պետք է անեն հաջորդ քայլը` բանակցեն Ռուսաստանի հետ, եւ եթե նույնանման պայմանավորվածություն ձեռք բերվի նաեւ Ռուսաստանի հետ, հրադադարի ռեժիմ կհաստատվի: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կհամաձայնի, որովհետեւ չի ցանկանա երեւալ ռազմատենչ երկիր, բացի դա՝ Ռուսաստանը պատերազմում հաղթող կողմ է, ինքն է գրավել Ուկրաինային պատկանող հսկայական տարածքներ եւ ոչ թե հակառակը: Բայց արդյո՞ք հրադադարը կվերածվի կայուն խաղաղության. Ռուսաստանը եւ Ուկրաինան Արեւմուտքի միջնորդությամբ նման մի քանի պայմանավորվածություն ձեռք են բերել, բայց այդ ժամանակն օգտագործել են ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ հաջորդ պատերազմին պատրաստվելու համար:
Կարծես թե այս անգամ եւս կողմերն ընդամենը փորձում են ժամանակ վերցնել՝ պատերազմական նոր պատրաստությունների համար: Բացի այդ, Ուկրաինան եւ նրա հովանավորները փորձելու են ցույց տալ, որ իրենք ուզում են խաղաղություն, բայց դրան դեմ է Ռուսաստանը: Եվրոպայում եւ նույնիսկ Միացյալ Նահանգներում շատ քչերն են շահագրգռված կայուն խաղաղությամբ, պատերազմը փող աշխատելու եւ հարստանալու ամենահեշտ միջոցն է, պատերազմի վրա աշխատած փողն ամենաանվերահսկելին է: Եվրոպան հույս ուներ Ռուսաստանի պարտության դեպքում տիրանալ այդ երկրի հանքահումքային հարստություններին, առանց որի եվրոպական բարեկեցության ներկա մակարդակն անհնար է ապահովել, ԱՄՆ-ն գտել է դրան այլընտրանք՝ ի դեմս Ուկրաինայի, Գրենլանդիայի, Արկտիկայի եւ Կանադայի ռեսուրսների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խաղաղություն էր առաջարկում դեռեւս փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, բայց այդ ժամանակ Զելենսկին մերժեց նրա առաջարկը, այն հույսով, որ Եվրոպան կօգնի իրեն՝ առանց ԱՄՆ աջակցության շարունակելու պատերազմը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը նրան ինչ-որ խոստումներ էին տվել: Եվրոպական երկրների ղեկավարները նույնիսկ խոստացան, որ աննախադեպ 800 միլիարդ եվրո գումար կհատկացնեն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության ապահովմանը: Խոստացան, բայց հետո հասկացան, որ դա կարող են անել միայն խոսքով, բայց ոչ գործնականում, որովհետեւ այդ փողը չկա: Իսկ չեղած փողը հնարավոր չէ ծախսել:
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահին մերժելուց եւ պատերազմը մինչեւ հաղթական ավարտ շարունակելու Զելենսկու հայտարարությունից հետո անցած ընդամենը 12 օրվա ընթացքում Ուկրաինայի բանակցային դիրքերն էապես նվազեցին:
Այդ օրերի ընթացքում Ռուսաստանը ռազմական հարձակում նախաձեռնեց Կուրսկի մարզի Սուջայի շրջանի ուղղությամբ, որի արդյունքում ուկրաինական զորքերը, ըստ էության, անկազմակերպ փախուստի դիմեցին, արդյունքում Ուկրաինան զրկվեց այնպիսի բանակցային ակտիվից, ինչպիսին ուկրաինական զորքերի ներկայությունն էր Ռուսաստանի տարածքում: Զելենսկին մտադիր էր այդ տարածքը փոխանակել ուկրաինական տարածքի հետ, հիմա փոխանակելու բան էլ չկա. ռուսական բանակը մի քանի օրում հետ գրավեց տասնյակ գյուղեր եւ արդեն տիրել է շրջկենտրոն Սուջային: Եթե նախկինում Ուկրաինայի հետ բանակցում էին ամենաբարձր մակարդակով, բանակցում էին նախագահ Զելենսկու հետ, Ջիդդայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի ղեկավարած պատվիրակության հետ: Զելենսկին Ջիդդայում էր, բայց բանակցություններին մասնակից չէր:
Ինչպես նախորդ բանակցություններին, այս անգամ եւս Եվրոպան եւ Եվրամիությունը դուրս մնացին բանակցություններից, եվրոպական երկրները, մեզ նման, մամուլի հաղորդագրություններից տեղեկացան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Միայն թե, ի տարբերություն փետրվարի վերջի, երբ եվրոպական ղեկավարներն իրենց անտեսելու դիմաց բողոքեցին եւ հայտարարում էին, որ առանց ԵՄ մասնակցության չի կարող լինել կայուն խաղաղություն, այս անգամ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Կայա Կալլասը միանգամից ողջունեց հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը. «ԵՄ նպատակն է՝ աջակցել Ուկրաինային՝ հասնելու համապարփակ, արդար եւ կայուն խաղաղության՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Հրադադարի առաջարկը, եթե ընդունվի Ռուսաստանի կողմից, կարող է կարեւոր քայլ լինել այդ ուղղությամբ։ Այժմ Ռուսաստանը պետք է ցույց տա խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը»: Փաստորեն, խաղաղությունը կախված է Ռուսաստանի, ոչ թե Եվրոպայի կամ որեւէ այլ երկրի դիրքորոշումից:
Արդյո՞ք հրադադարը կվերածվի կայուն խաղաղության, թե՞ սա ընդամենը երկու կողմերի համար շունչ քաշելու, մի փոքր հանգստանալու եւ նոր ուժով մարտի բռնվելու հնարավորություն է: Ակնհայտ է, որ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, երկու կողմն էլ ակտիվորեն պատրաստվելու է պատերազմի: Խաղաղության համար պետք է ոչ միայն հրադադարի պայմանավորվածություն, ամենակարեւոր հարցը երկու երկրների ապագա սահմանի հարցն է, Ուկրաինան պատրա՞ստ է փաստաթղթով զիջել այն, ինչ զիջել է մարտի դաշտում, կամ Ռուսաստանը պատրա՞ստ է զիջել այն, ինչ գրավել է զենքի ուժով: Սա ամենավիճահարույց հարցն է, որի պատասխանը որեւէ մեկը չունի: Ու քանի դեռ սահմանի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դժվար թե ինչ որ մեկը հրաժարվի պատերազմի պատրաստությունից:
Այս պահի դրությամբ ամփոփելով եռամյա պատերազմի արդյունքները՝ կարող ենք ընդամենը արձանագրել, որ, հավատալով արեւմտյան երկրների խոստումներին, Ուկրաինան պատերազմի մեջ մտավ իրենից անհամեմատ ավելի ուժեղ հակառակորդի հետ, կորցնելով իր երկրի տարածքի մի զգալի մասը` 20-23 տոկոս, կորցրեց հարյուր հազարավոր կյանքեր, միլիոնավոր մարդիկ դարձան փախստականներ, երկրի տնտեսությանը հասցվեց հարյուրավոր միլիարդ դոլարի վնաս, որն այս պահին դժվար է հասկանալ, թե ինչ միջոցներով է վերականգնվելու: Պարտված Ուկրաինան չի կարող հաղթած Ռուսաստանից ռազմատուգանք պահանջել:
2014 թվականին Մինսկում ստորագրված համաձայնություններով Ռուսաստանն ընդամենը պահանջում էր, որ Ուկրաինան ինքնավարություն տա Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին, 2022-ին Ստամբուլում քննարկվող համաձայնագրի տեքստում Ռուսաստանը պահանջում էր Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի միացումը Ռուսաստանին, հիմա արդեն Ռուսաստանն իր Սահմանադրությամբ իր տարածքի մաս է ճանաչում նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը: Արեւմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ, Բրիտանիայի, ԵՄ ամենաբարձր պաշտոնյաները 2022 թվականից սկսած հայտարարում էին, որ թույլ չեն տա Ուկրաինայի պարտությունը, որ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի դիրքերից` Ռուսաստանին պարտության մատնելու միջոցով: Դե թող հիմա գնան եւ ուկրաինացիներին համոզեն, որ նրանք հաղթանակող կողմ են, կամ ասեն, որ հաղթական պատերազմը դեռ առջեւում է, հիմա ուկրաինացիները պետք է դրան ակտիվորեն պատրաստվեն, ինչպես Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ցինիկորեն հայտարարեց, թե նաեւ իր միջնորդությամբ 2014 թվականին Մինսկում կնքված համաձայնագիրն ընդամենը Ուկրաինայի բանակին պատերազմին պատրաստվելու ժամանակ տալու համար է:
Կարծիքներ