Ժանրային սահմանափակում չկա` մրցանակի կարող են արժանանալ լավ հոդվածի, հարցազրույցի կամ ռեպորտաժի համար

«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա աշնանը: Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն արդեն հայտարարել է մրցանակաբաշխության մեկնարկը եւ սպասում է ստեղծագործող անհատների հայտերին, որպեսզի ամփոփի 2021 թվականի աշխատանքները:
Մրցանակաբաշխության մասին Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն օրերս հայտարարեց ասուլիսով՝ նշելով, որ հայտերի ընդունումն սկսվում է հուլիսի 27-ից, վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:
Անվանակարգերը 6-ն են՝ գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, հայագիտություն, լրագրություն, քանդակագործություն: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իր հերթին ավելացրել է 7-րդ անվանակարգը՝ գեղարվեստական լուսանկարչություն: Յուրաքանչյուր անվանակարգի համար հաղթողին սպասում է 1500 դոլարին համարժեք դրամական մրցանակ:
«Վահան Թեքեյան մրցանակաբաշխությունն արդեն 28-րդ անգամ է անցկացվում: 1991 թվականից Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչությունն ամենամյա մրցանակներ է շնորհում մշակույթի եւ գիտության բնագավառներում: Այս բոլոր տարիներին մրցանակաբաշխության ֆինանսական հիմքը «Շաքե Ղազարյան» հիմնադրամն է, որը գործում է ԱՄՆ-ի եւ Կանադայի «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության շրջանակներում: Որոշ տարիների անվանակարգերը նույնիսկ 13-14-ն են եղել: Եղել են դեպքեր, երբ անհատները ցանկացել են իրենց անունից մրցանակ սահմանել: Օրինակ՝ ԱՄՆ-ից Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը երկու մրցանակ էին սահմանել, որոնցից մեկը «Երգիծական ծաղրանկարչություն» անվանակարգում էր: Նրանց հայրը ժամանակին Դամասկոսում եւ Բեյրութում հայտնի երգիծանկարիչ Միհրան Տեր-Ստեփանյանն է եղել՝ «Խելօք Դաւիթ» գրչանունով: Բավականին արժանի մրցանակակիր ունեցանք այդ անվանակարգում»,- ավելի նպաստավոր ու երջանիկ ժամանակներն է հիշել ասուլիսում Ռուբեն Միրզախանյանը:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն անդադառնալով լրագրողական մրցույցին, մեզ հետ զրույցում նշեց, որ ժանրային որևէ սահմանափակում չկա, լրագրողները կարող են ներկայացնել թե գրավոր հոդվածներ, թե հարցազրույցներ ու ակնարկներ, թե հեռուստառադիոհարցազրույցներ ու ռեպորտաժներ և այլն: Նրա խոսքով` չկա նաև գաղափարական որևէ սահմանափակում: Ավետիքյանը նշում է, որ թեպետ ինքն ունի բացասական վերաբերմունք օրվա իշխանությունների նկատմամբ, սակայն լրագրողների քաղաքական հայացքները պետք է լինեն խիստ ազատ, այսինքն` մրցանակաբաշխության եւ մրցանակ ստանալու համար էական չէ, թե հայտ ներկայացրած լրագրողն իշխանական լրատվամիջոց է ներկայացնում, թե ընդդիմադիր:
Կարծիքներ