Ծեծել են եւ փորձել Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել
Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Մեր տեղեկություններով, երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Բայց առավելապես պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթված գումարները, ասել են, թե իրենց հայտնի է, որ ինքն է շուկայի նայողը եւ որ իրենք գիտեն՝ ում է փող տվել նա, սակայն ուզում են, որ ինքը կամովին ասի: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին: Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտի հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա:
Մենք դիմեցինք ոստիկանություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները . «Այո, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Ավելի ուշ պարզեցինք, որ բերման ենթարկվածները 5-ն են։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ։ Նրանց թվում է նաեւ Կարեն Ղազարյանի հարազատ եղբայրը՝ Արմանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ շուկա էր մտել ընդամենը ծաղիկ գնելու համար, սակայն նրան էլ պարտադրել են ցուցմունք տալ, որ իր եղբայրը՝ Կարենը շուկայի «նայողն» է եւ ասի, թե փողերն ում է տանում-տալիս: Պարզեցինք նաեւ մյուսների ինքնությունը՝ Գևորգ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, Դավիթ Մուրադյան: Ուշագրավ է, որ հինգ հոգուն շուկայի տարբեր վայրերից առանձին-առանձին տարբեր մեքնենաներով են բերման ենթարկել, սակայ նույնաբովանդակ պահանջներ ներկայացրել, ավելին, ոմանց դեպքում բացահայտ շոշափվել է Վանեցյանի անունը, հարցրել են՝ շուկան արդյոք Վանեցյանին չի պատկանում եւ Կարեն Ղազարյանի «տանիքն» էլ ԱԱԾ նախկին տնօրենն է:
Կարծիքներ