Վերստին քայքայիչ քարոզչության բարիկադներում

Վերստին քայքայիչ քարոզչության բարիկադներում

Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում չափազանց ուշագրավ մի գրառում է արել, որտեղ մի քանի հարցադրումներով դիմել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Որպեսզի ամբողջական գրառումը չարտատպենք, առաջարկում եմ կենտրոնանալ դրա կենտրոնական ասելիքի վրա, որի համաձայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը թափանցիկ չի գործում և խորհրդավոր լռությամբ ժողովրդից թաքցնում է Տավուշում տեղի ունեցած ռազմական գործողությունների մանրամասները: Հեղինակն ակնարկում է ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների, ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման և տարատեսակ այլ հանգամանքների մասին: Իսկ վերջում սպառնում է, որ եթե ռազմաքաղաքական վերնախավը չբացի փակագծերը, ապա դա կանեն իրենք, ինչպես` 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմից հետո: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ տարածքային կորստների աղմկահարույց բացահայտումն արել էին հենց Սեֆիլյանն ու իր կողմնակիցները:

Բայց մինչ բուն նյութի մասին խոսելը, առաջարկում եմ հիշել օրեր առաջ հրապարակված իմ հայտնի տեսանյութը, որի միջոցով փորձում էի մի քանի կարևոր գաղափարներ տեղ հասցնել: Մասնավորապես` հիմնական ասելիքն այն էր, որ պետական քարոզչության ու պաշտոնական տեղեկատվության հետ զուգընթաց պետք է այլընտրանքային գործունեություն ծավալեն նաև լրատվամիջոցները, քանի որ համաշխարհային պատմության պրակտիկան հուշում է, որ պետություններն ու իշխանությունները բավականին հաճախ հակված են մոլորեցնել իրենց քաղաքացիներին: Ի դեպ ես չեմ պնդում, թե հատկապես տավուշյան էսկալացիայի ժամանակ իշխանությունները ստել են ժողովրդին, այլ ընդհանրապես` հարցը դիտարկում եմ տեսական հարթությունում, քանի որ պետությունները որպես կանոն միֆաստեղծման գործում բացառիկ նախաձեռնողականություն են ցուցաբերում: Այս հեռանկարը հաշվի առնելով` չի կարելի քաղաքացիներին դարձնել գերին պետական քարոզչության և զրկել այլընտրանքներից:

Ինչպես սպասելի էր, իմ այս մոտեցումը որևէ կերպ չընկալվեց և սվիններով ընդունվեց: Իբրև թե մենք սպառնում ենք Հայաստանի անվտանգությանը և մեր ժողովրդավարական պատրանքներով լրջագույն հարված ենք հասցնում պետության պաշտպանական համակարգին և ինքնիշխանությանը: Իրականում չարժի նմանատիպ քննադատություններին լուրջ վերաբերվել, քանի որ պատերազմով թելադրված նացիոնալիստական վերելքի տակ կքած մարդիկ ի վիճակի չեն ընկալել ներհանրային հավասարակշռման և զսպման մեխանիզմների առանձնահատկությունները: Նրանք ի վիճակի չեն հասկանալ, որ բացարձակ ոչինչ չկա և չի կարող լինել ու ինչ-որ մի բանի արհեստական բացարձակեցումը ինչ-որ մի օր հանգեցնելու է բացարձակ չարիքի:

Ի դեպ, պետության ներկայացուցիչների դիրքորոշումն այս հարցում ինձ համար ընկալելի է: Բնական է, նրանք պետք է հանդես գան իրենց առանձնահատուկ բյուրոկրատական մտածողության դիրքերից, իսկ մենք էլ` մեր գաղափարական ելակետից, որը ոչ պակաս պետական է, քանի որ պետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` տարասեռների և բազմաձևությունների համատեղ գոյությունը: 

Իսկ հիմա վերադառնանք մեր խնդրո առարկային, որն է` Ժիրայր Սեֆիլյանի գրառումն ու ոչ միայն: Ուշագրավն այն է, որ իմ մոտեցումը խստորեն քննադատող և մերկացնող շրջանակները ծպուտ անգամ չհանեցին ծռերի առաջնորդի հարցադրումների վերաբերյալ: Փաստորեն նրանց ցավեցնում է իմ` այլընտրանքային լրատվության վերաբերյալ գաղափարական ընկալումը, բայց իրենց անսկզբունքայնության և ֆեյսբուքյան աշխուժակության դիրքերից չնկատելու են տալիս այն համակարգված ու խորը ներքին քարոզչությունը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ: Պետականամետության և պետական մտածողության վերամբարձ դիրքերից հանդես եկողները չգիտես ինչու վախենում են խոստովանել, որ Սեֆիլյանն ու իր կողմնակիցները 2016 թ.-ից ի վեր նպատակադրված արշավ են սկսել պետության անվտանգության համակարգի դեմ: Դե իհարկե, մեզ հայհոյելը հեշտ ու պարապ գործ է, ավելին` մեր հաշվին սեփական հայրենասիրական լինելիությունն ընդգծելը մեծագույն գայթակղություն է: Իսկ 2016 թ.-ին արձանագրած արդյունքների արժեզրկման մասին ակնարկելն անգամ ոչ պոպուլյար զբաղմունք է, շառից ու փորձանքից հեռու սկզբունքով: Տարիների հեռավորությունից հիմնախնդրի դիտարկումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտն ու Մարտունին մազից էին կախված և հակառակորդն ամեն պահ կարող էր ճեղքել մեր պաշտպանական համակարգն ու ներխուժել թիկունք: Բայց ծրագիրն այդ վիժեցվեց և դա այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության ու բանակի մեծագույն նվաճումն էր: Իրականում դա Հայաստանի և Արցախի նվաճումն էր, որը Ժիրայր Սեֆիլյանի ու կողմնակիցների թեթև ձեռքով ոչ միայն ստվերվեց, այլ նաև հետևողականորեն արժեզրկվեց` սահմանափակվելով ինչ-որ անպետք 800 հեկտարի կորստի պարզունակ թեզով: Այդ ժամանակ մենք բթացած էինք ու հիմարացած, այդ թվում և ես, ու չէինք կարողանում հասկանալ, որ գործ ունենք պատերազմական գործողությունների հետ, որոնց ընթացքում ամեն ինչ էլ կարող է պատահել: Մենք չէինք ընկալում Մարտակերտի և Մարտունու անառիկ մնալու արժեքը, մենք տարված էինք ինչ-որ երկրորդական միֆով, որը հրապարակ էր նետվել քարոզչական քայքայիչ նպատակներով: 

Պատմական փոքրիկ այս ակնարկի հիշատակումն ամենևին էլ ինքնանպատակ չէ: Պարզապես փորձում ենք ընդգծել այն հանգամանքը, որ անցյալում սաղմնավորված և խմորված քայքայիչ քարոզչությունը շարունակվում է նաև մեր օրերում: Եվ վերստին դրա առաջամարտիկի դերակատարությունը ստանձնել են ծռերը, իհարկե` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Տավուշում տեղի ունեցած բախումների վերջնարդյունքը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական արենայում, անշուշտ շոշափելի առաջընթաց էր: Ռազմաքաղաքական ղեկավարությունն ու բանակն իրենց տեղում էին ու ընդհանրապես ամեն ինչ շատ ճիշտ էր ու նպատակային: Իրողությունն այս վկայությունն է այն ճշմարտության, որ անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական փոփոխություններից, կան բաներ, որոնք Հայաստանում անփոփոխ են ու հիմնասյունի կարգավիճակ ունեն: Բայց ժիրայր Սեֆիլյանն այդպես չի մտածում. հին ու բարի ոճով, չարաբաստիկ 800 հեկտարի բոթը հայտնելու տոնայնությամբ, նա վերստին ակնարկներ է անում` արժեզրկելով և ստվերելով տավուշյան առաջընթացը: Ի՞նչ է սա, եթե ոչ նպատակային պրոպագանդա, որի նպատակն է բարոյալքել բանակն ու քաղաքացիներին: Ի՞նչ է սա, եթե ոչ անվտահության սերմանում հանրության տարբեր միավորների փոխհարաբերություններում: Եվ պետականամետ հորջորջվողներն ու ինքնահռչակվածները որևէ կերպ չեն փորձում Սեֆիլյանից ճշտել, թե` այ հրամանատար ջան, էս նեղ իրադրության պայմաններում ինչ կարևոր են այս կամ այն դիրքը վերցնելու կամ էլ թողնելու անկարևոր փաստերը: Չեն հարցնում ու չեն էլ հարցնի, քանի որ նման բաները ֆեյսբուքում լայք չեն բերում:  

Հետխորհրդային տարածքը յուրօրինակ է այնքանով, որ այդ մեծ տարածաշրջանի տարբեր շրջաններում հանդես եկող արմատական նացիոնալիստների, ծայրահեղական ռազմահայրենասերների և նեոֆաշիստների մի զգալի մասը տարատեսակ հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալներ են: Նրանք ազգի անունից և հանուն ազգի գործում են ազգի դեմ ու այդ ամենը մենք պարբերաբար զգացել ենք մեր մաշկի վրա, դեռևս հեռավոր 90-ականներին: Ենթադրում եմ, որ մոտ ապագայում էլ ենք զգալու, եթե իհարկե կանխարգելող հատուկ միջոցառումներ չիրականացնենք: