Լավ զրույցը ո՞րն է՝ կոստյումդ քեզ շա՞տ է սազում․․․

Զարմանում եմ քաղաքական այն գործիչների վրա, ովքեր ջանք են թափում համոզելու, որ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, մեղմ ասած, ,, ոտքի վրա, սելֆի անելու համար է եղել,,։ Առավել ևս զարմանում եմ նրանց վրա, ովքեր կուրծք են ծեծում, թե հանդիպումը արժեզրկելու տեղեկատվական տեռոր է գնում։ Ախր ի՞նչ կարիք կա իրար ուտելու, չէ՞ որ այդ հանդիպումը ամենալավը Փաշինյանն է ներկայացնում։ Նրա հանդիպումը որակելու համար առաջին հերթին մի քիչ ուշադիր եղեք նրա գրառմանը։ Ասում է՝ Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա։ Դրանից պարզ էլ ի՞նչ ասի։ Դուք պաշտոնյա, նշանավոր մարդկանց հետ ճանաչողական հանդիպում չեք ունեցե՞լ, մի քանի բառ չեք փոխանակե՞լ։ Խոստովանեք, որ դրան հետևել է ,, սելֆի անելը,, , որ ցույց տաք ձեր շրջապատին ու ինչ ուզեք՝ հնարեք։ Փաշինյանն էլ նույն բանն է անում։ Ասում է՝ լավ խոսակցություն ունեցանք։ Լավը ո՞րն է։ Ինքը ասաց՝ կոստյումդ սազու՞մ է։ Այդքանից հետո իմա՞ստ ունի, որ հարցնում եք՝ բա հայկական դրոշն ու՞ր է։ Եթե այցը պաշտոնական չէ, եթե, ինչպես Փաշինյանն է ասում, հանդիպումը ճանաչողական է, հայկական դրոշը ի՞նչ պարտադիր է։ Միջազգային արարողակարգում նման բան կա՞։ Հանդիպել, զրուցել, իրար ճանաչել են։ Դա ես չեմ ասում, Փաշինյանի ասածն է։ Ասում է՝ լավ զրույց ենք արել։ Լավ զրույցը ո՞րն է՝ կոստյումդ քեզ շա՞տ է սազում․․․
Ոտքի վրա զրույցը ի՞նչ պիտի լինի։ Քաղաքավարական ժեստեր։
Այստեղից, այնտեղից քարկոծել հանդիպման մասին, պետք չի։ Ի վերջո ե՞րբ եք ընդունելու, որ Փաշինյանն իրեն ամենալավ քարկոծողն է։ Մի քիչ հեռու կանգնեք, տեսեք՝ ոնց է ձեզանից լավ այդ հանդիպումը բնութագրում։ Որ իրեն թույլ տայիք, ինքն իրեն արդեն ,, աթոռից գցել էր,,։ Թույլ չեք տալիս, խանգարում եք։
Կարծիքներ