Սնուփ Դոգը՝ «Երաժշտություն-8» առարկայի դասագրքում

Սնուփ Դոգը՝ «Երաժշտություն-8» առարկայի դասագրքում

Սկանդալային ռեփեր Սնուփ Դոգը դարձել է դասագրքային նյութ՝ աշակերտների համար։ Նրա մասին կարճ ինֆորմացիան ու լուսանկարը ներառվել են 8-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքում։ Դասագրքի հիփ-հոփ, ռեփ բաժնում, ի թիվս մի շարք ռեփերների, հիշատակվում է նաեւ «ռեփի աստղ» Սնուփ Դոգի մասին։ ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված դասագրքի հեղինակը Ռուզաննա Եսայանն է, հրատարակիչը՝ «Էդիթ Պրինտը»։

Այս փաստը վրդովվեցրել է երաժշտական աշխարհին, այն է՝ ի՞նչ պարտադիր էր տվյալ երաժշտական ժանրը ներկայացնել հենց այդ արտիստներով ու նրանց մատուցել իբրեւ երաժշտական արժեք, քանի որ այն, ինչը մտնում է դասագիրք, ուղղակիորեն ընկալվում է նաեւ որպես արժեք։ Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգից հետո, այս հանգամանքը պատահական չի համարում։  

«Հավանաբար, այս դասագիրքն էլ է համապատասխանում չափորոշիչներին։ Այսինքն՝ երեխան պիտի անցնի Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Կոմիտաս, Խաչատրյան ու հետո էլ՝ Սնուփ Դոգ. իրենից ընդհանրապես արժեք չներկայացնող մի մարդու, որը, նախեւառաջ, երաժշտության հետ կապ չունի, թեկուզ անունը ռեփեր է, բայց երաժշտության հետ կապ չունի։ Նա չի երգում, այլ ուղղակի արտասանում է, այն էլ՝ հայհոյանքներով։ Դա ո՞ւմ միտքն է, նախ՝ այդ ռեփերի համար բյուջեից 6 մլն․ փող դուրս գրեցին, հիմա էլ դասագիրք են մտցրել։ Ձեր կարծիքով, այդ դասագիրքը կազմո՞ղն է որոշել Սնուփ Դոգին դասագիրք մտցնել, պարզ չէ՞, որ ասել են․․․։ Եթե դուք լավ բան եք արել ու չեք գտնում, որ ձեր արածը հանցագործություն է, տվեք անուն-ազգանուն։ Ասեք՝ այս մարդն է հանձնարարել, որ Սնուփ Դոգին մտցնեն դասագիրք ու իր չկայացած համերգի համար էլ փոխանցեն 6 մլն գումար։ Ո՞վ է այդ սեւ կարդինալը, որ նման հանձնարարություններ է տալիս։ Այդ թաքնված մարդկանց ես կոչում եմ շպիոն, երկրում բազմաթիվ շպիոններ են վխտում, որոնք թաքնված են գործում։ Ես կոչ եմ անում Ազգային անվտանգությանը, որտեղ կան ազնվագույն, հայրենասեր մարդիկ՝ թող իրենց ուժերի չափով զբաղվեն այդ շպիոնների դեմն առնելով»,- խոսքը եզրափակում է կոմպոզիտորը։