Վրացական երազանքն ու հայկական երազախաբությունը

Վրացական երազանքն ու հայկական երազախաբությունը

2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Այսօր նման հաղորդագրություն տարածեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անթաքույց ազդարարելով իրենց իսկ՝Հայաստանի ներկայիս կառավարիչների անկառավարելի արտաքին և ոչ միայն քաղաքականության մեղքով ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման հերթական ակտը:

Դեսպանի և ՌԴ-ից հնչող վարկաբեկիչ խոսույթի ձևի ու մակարդակի հետ համաձայն չլինելով հանդերձ՝ արձանագրենք: ԵՄ-ին հավատարմության երդում տալուց ետ կանգնելու և անդամակցության գործընթացի վերաբերյալ բանակցություններից չորս տարով հրաժարվելու, արևմտյան պատժամիջոցների և շանտաժի, Կիևի սադրիչ հայտարարությունների և ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու դավադիր փորձերի պայմաններում, Վրաստանն ավելի խելամիտ գտնվեց և բացեիաբաց հայտարարեց՝ չնայած ռուսների հետ սկզբունքային տարաձայնություններին և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կապված՝ Թբիլիսիի տարածքային ու հետևողական պահանջին, Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնված են Վրաստանի ազգային շահերի և անվտանգային առաջնահերթությունների վրա:

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի բողոքի հայտագրին, ապա, կասկածից վեր է, որ ԱՄՆ-ի հետ «պատմական ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը» այլ իրադարձություններ են հաջորդելու՝ իբրև ռուսական ազդեցության ուղեծրից դուրս գալու դրսևորումներ: Սրանք, ինչպես ասում են, ընդամենը «ծաղիկներն են»: 
Հետո սրանք կհայտարարեն ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստացի գործընթաց սկսելու մասին, ԵՄ-ին սիրո խոստովանությունից հետո էլ Մոսկվան միարժեքորեն ասաց՝ անհնար է միաժամանակ լինել թե՛ Եվրամիության, թե՛ ԵԱՏՄ անդամ: Ցավալի է, բայց պետք է զգոն լինենք և ամրակապենք գոտիներս և սպասենք սոցիալ-տնտեսական բլոկադայի՝ այդպես էլ դասեր չքաղելով պատմությունից, այն էլ՝ ոչ վաղ անցյալի: