Սամվել Բաբայանը նախագահական քարոզարշա՞վ է տանում

Սամվել Բաբայանը նախագահական քարոզարշա՞վ է տանում

Մարտունու շրջանի համայնքներից մեկում նախընտրական հանդիպմանը «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չափազանց ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ եթե վեցամսյա ժամկետում տրվող խոստումները չկատարեն, իրենք կհեռանան: «Միասնական հայրենիքը» պայքարում է Ազգային ժողովում պատգամավորական մանդատների համար: Արցախի գործող սահմանադրությամբ խորհրդարանը չի մասնակցում կառավարության ձեւավորմանը, չի հաստատում նրա գործունեության ծրագիրը, վստահության քվե չի տալիս եւ չունի կառավարությանը հրաժարականի պահանջ ներկայացնելու լիազորություն: Գործադիր իշխանություն իրականացնում է նախագահը: Սամվել Բաբայանի նախընտրական խոստումների սպեկտրը բավական լայն է՝ սոցիալականից մինչեւ բանակաշինություն, արտաքին քաղաքականություն եւ անվտանգություն՝ վերջնանպատակ ունենալով միասնական Հայրենիքի հռչակումը: Վեց ամիսը չափազանց կարճ ժամկետ է նման հավակնոտ նպատակներն իրագործելու համար, բայց դա հարցի մի կողմն է: Ավելի ինտրիգային է ծրագիրը չիրականացնելու դեպքում հեռանալու խոստումը: Տրամաբանորեն՝ այդպես կարող է արտահայտվել նա, ով հավակնում է գործադիր իշխանության: Ստացվում է, որ Բաբայանը նախագահական  քարոզարշա՞վ է տանում: Փետրվարի 11-ին «Միասնական հայրենիքի» քաղխորհուրդը հայտարարեց, որ սատարում է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին: Դրան հետեւեց փորձագիտական տեսակետ, որ հաջողության դեպքում Մայիլյանը կունենա «անգլիական թագուհու» կարգավիճակ, իսկ գործադիր իշխանություն փաստացի կիրականացնի Բաբայանը՝ նշանակվելով պետնախարար: Մայիլյանը եւ նրա շրջապատը շտապեցին հերքել այդ տեսակետը: Մայիլյանը բավական կոշտ ձեւակերպում արեց՝ ասելով, թե բացառվում է, որ ժողովրդի մանդատն ստանալով՝ ինքը որեւէ մեկի հետ կկիսի իշխանությունը, որից հետո Ստեփանակերտում լուրեր շրջանառվեցին, որ Բաբայանը խիստ դժգոհ է մնացել եւ նույնիսկ բացատրություն պահանջել Մայիլյանից: Լուրերը՝ լուրեր, դրանց հավաստիությունը, մանավանդ, դժվար է ճշտել: Փաստ է, սակայն, որ Սամվել Բաբայանն ընտրողներին ներկայանում  է ոչ թե ապագա խորհրդարանական խմբակցության, այլ ամբողջական իշխանության հավակնող գործիչ: Բոլոր հնարավոր տարբերակներով նրա ղեկավարած կուսակցությունը չի կարող ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն: Մեծ հարցականի տակ է խորհրդարան անցնելու՝ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի, որ նույնպես աջակցում է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին,  հնարավորությունը: Այդ դեպքում ո՞րն է գործադիր իշխանություն իրականացնելու՝ Սամվել Բաբայանի հավակնության աղբյուրը: Բացառված չէ, որ դա ընդամենը քարոզչություն է՝ տպավորություն թողնելու, որ ինքը մնում է բարձրության վրա, չի իջնում պատգամավորական մի քանի մանդատի համար մրցապայքարի մակարդակի: Այդուհանդերձ, ինտրիգը պահպանվում է: Մանավանդ որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը քարոզարշավի առաջին օրը նույն հարթության վրա է գնահատել իրեն սատարող քաղաքական ուժերին՝ «Միասնական հայրենիքից» մինչեւ Ռամկավար ազատական կուսակցություն: