Երեւան քաղաքը միայն Կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ 

Երեւան քաղաքը միայն Կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ 

Վերջին մի քանի տասնամյակներում Երևանի զարգացումը, ենթակառուցվածքները, հանրային կյանքն ու ակտիվությունը գրեթե բոլոր ոլորտներում գերկենտրոնացել են հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, մասնակիորեն՝ մեկ-երկու հարակից թաղային համայնքներում, օրինակ՝ Արաբկիրում։ Վարչական կառույցները, սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը, «էլիտար» կրթությունն ու առողջապահությունը տեղաբաշխված են գլխավորապես Կենտրոնում, ինչն առանց այդ էլ գերբեռնված այդ թաղամասում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Ես և մեր քաղաքական թիմը մշակել ենք Երևան քաղաքի տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հավասարաչափ բաշխվածության, ինչպես նաև 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի՝ Երևանի քաղաքային կյանքում խիստ առանձնահատուկ դերակատարման հատուկ նախագիծ, որը պատշաճ ժամկետներում կներկայացնենք երևանաբնակներին և մեր ողջ հանրությանը։ Ի մասնավորի, նուբարաշենցին և ավանցին, կենտրոնցին և քանաքեռցին որևէ տարբերություն չպետք է զգան, թե քաղաքի որ հատվածում են բնակվում։

Երևանցիների սոցիալական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նվազագույն կենսապահովման, բնակարանային և կոմունալ ծառայությունների հասանելիության, տրանսպորտի, ճանապարհների, խմելու ջրի, էլէներգիայի, գազի, հաղորդակցուղիների, այլ ենթակառուցվածքների հասանելիությունը պետք է լինի բացարձակ և չպետք է տարբերվի վարչական շրջանների միջև։ Եթե անգամ Երևանի ամենահեռավոր, ծայրամասային մեկ շենքում ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարումը (այդպիսի շենքեր կան, օրինակ, Սիլիկյան թաղամասում), նշանակում է՝ Երևանում շուրջօրյա ջրամատակարարման մասին խոսելն ավելորդ է և անիմաստ։ Որպես «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ՝ հանրության հետ շփումներում Երևանի առաջնային խնդիրների շարքում մշտապես կարևորում եմ տարածքային համաչափ զարգացումը, վարչական շրջանների աշխատակազմերի և բնակչության սերտ, ամենօրյա կապը, շենքի մենեջերների ինստիտուտի ներդնումը՝ որպես այլընտրանք կամ լրացուցիչ խթան համատիրություններին։ Առաջիկայում այս ծրագրի մասին կխոսեմ առավել հանգամանորեն։ 

Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր֊նախագահ` Երվանդ Թարվերդյան