Նման բան եղել է Հոկսեն Միրզոյանի հետ․ Կարեն Գիլոյան
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հնարավոր է համարում մեդալի վերանայումը, ասում է՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ օլիմպիական խաղերի ավարտից հետո մեդալ են փոխում․
«Հոկսեն Միրզոյանը օլիմպիական չեմպիոն դառնալու մասին ինքնաթիռում է իմացել, երբ մրցակցի մոտ դոպինգ են հայտնաբերել»,- հիշեցնելով պատմական փաստն՝ ասաց Գիլոյանը։
Թեեւ, իհարկե, արյան անալիզի արդյունքում դոպինգի հայտնաբերումն այլ դեպք է եւ տարբերվում մրցավարների որոշումը վերանայելուց։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: Ալեքսանյանը՝ խոսելով այդ մասին, ասել էր, որ իրանցի ըմբիշը երկու ոտքով գոտեմարտի տարածքից լրիվ դուրս է եկել, եւ ինքն այդ մասին մարզիչներին ասել է, որ բողոքարկեն:
«Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ»,-նշեց է Ալեքսանյանը:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ գոտեմարտի ժամանակ նման բան եղել է, տեսագրությունը կա։
«Օլիմպիական կոմիտեն դիմել է ապելացիոն հանձնաժողովին, սպասենք պատասխանին, հուսամ ամեն ինչ լավ կլինի, վերանայումը կարող է մեկ կամ երկու ամիս տեւել»,-նշեց նա։
Հարցը քննարկվելու է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովում։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս եք գնահատում Փարիզի օլիմպիական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը, հաղթանակները, Գլիոյանը չպատասխանեց․ «Հանգստանանք, վերլուծենք, հետո կգնահատենք։
Կարծիքներ