Բարեկամը չի ցավակցի՞ բարեկամին

Բարեկամը չի ցավակցի՞ բարեկամին

Անվտանգային առումով գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում Իրանի հետ։ Հատկապես Սյունիքում, ում խոսցնես կասի՝ Իրանը որ չլինի, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ «հում- հում կերած կլիներ»։ Իրանի հետ հույս կապում են աշխարհաքաղաքական առումով ու գիտակցում, որ կա շահերի ընդհանրություն։ Իրանը «գայլի բերան չի տա մեզ» , որովհետև մենք փակում ենք նրան խժռելու մեծ տերությունների ճանապարհը։ Ինչևէ։ Փաշինյանը խոսում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների մասին, մոլորություն ստեղծելով հանրության մեջ, որ ինքը գնահատում է հարևան երկրի կարևոր դերը մեր տարածաշրջանում։

Կնոջն այնտեղ է գործուղում՝ դստրերի հետ, որ միանգամայն մոլորվենք ու ասենք՝ մարդը էլ ի՞նչ անի, որ հասկանանք մեր անվտանգությամբ է զբաղվում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի աչքերի մեջ ոսկեփայլ է լցնում, որ ամեն ինչ պսպղուն երևա, իսկ ինքը գործում է լրիվ հակառակ կերպով։ Քաջատեղյակ լինելով, որ Իրանը՝ իր շահերից ելնելով, դեմ է «Զանգեզուրի միջանցքին» ու «Արևմտյան Ադրբեջանին», կատարում է այնպիսի քայլեր, որը բխում է միայն Թուրքիայի շահերից։ Իրանում մեծ երկրաշարժ եղավ։ Զոհեր ու վիրավորներ կան։ Բարեկամ երկիրը չի՞ ցավակցի դրա համար։

Գոնե չոր ցավակցություն չի հղի՞ դաշնակից երկրին։ Ստացվում է, որ Թուրքիային «շահելու համար» անգամ ողբերգության պահին չի՞ ցավակցում իր դաշնակից պետությանը։ Եվ այսքանից հետո ուզում է հավատանք, որ ինքը հայ ժողովրդի համար անվտանգային խնդիրնե՞ր է լուծում։ Այն դեպքում, երբ «արաբաթախառն ցավակցում էին» Թուրքիայում տեղի ունեցած դժբախտության համար։

Մնում է հարցնել՝ եթե Իրանը բարեկամ չէ, կինդ ու դստրերդ ի՞նչ էին այնտեղ անում ու հիացած պատմում ամենաբարձր մակարդակով իրենց հյուրասիրությունների մասին։ Դուք պատկերացնու՞մ եք, ձեր տանը հարգեք, պատվեք մեկի ընտանիքը, ու քո ծանր ողբերգության պահին անգամ չցավակցեն։ Հետո ասում եք՝ Պուտինն ինչու՞ է այդպես վարվում։ Ի վերջո չի հնարավոր չէ երկար թաքցնել, թե ինչ ես ուզում և ով ես դու։