Անվճար դասագրքեր՝ ոչ պետական դպրոցներին

Անվճար դասագրքեր՝ ոչ պետական դպրոցներին

Կառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկին: Նախագծի հեղինակն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է։ Պարզվում է՝ Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ՝ կապված դասագրքերի ձեռքբերման գործընթացում առկա անհավասարության հետ: Ըստ այդմ, այս նախագծով վերացնելու են առկա խտրական վերաբերմունքը:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ նիստում բարձրաձայնել է կառավարության դրական տեսակետը՝ նշելով, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախագծին եւ ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է: Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ տարրական դասարանների դասագրքերը մեր երկրի բոլոր երեխաներին, բացառությամբ ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների, տրամադրվում են անվճար՝ պետական բյուջեի հաշվին։ Ինչ վերաբերում է 5-12-րդ դասարանների դասագրքերին, ապա գործում է սոցիալական աջակցության ծրագիր, եւ յուրաքանչյուր դպրոց ունի հնարավորություն՝ աշակերտական կազմի մինչեւ 10 տոկոսին դասագրքերն անվճար տրամադրելու։ Ըստ նրա, երեխաների իրավունքը չպետք է կախված լինի այն բանից, թե ինչ ուսումնական հաստատությունում են սովորում։ Ի դեպ, 48 ոչ պետական դպրոցներում շուրջ 4 հազար երեխա է սովորում։ Նախագծի ընդունման պարագայում կառավարությունն այս նախաձեռնությունը կներառի հաջորդ տարվա բյուջետային հայտում:

Հատկանշական է, որ նախագիծը դրական արձագանք չի գտել հենց նախարարության պաշտոնական էջում, օգտատերերից շատերը ոչ միայն քննադատել, այլեւ դա համարել են պետական միջոցների ոչ նպատակային օգտագործում․ «1-2 մլն դրամ վարձ տվողի համար դասագրքերի գումարը որեւէ նշանակություն չունի, դա հատկացրեք սահմանամերձ դպրոցների կարիքներին, եթե ցանկանում եք նպաստել որոշ խնդիրների լուծմանը»։ Օգտատերերից մեկն էլ կոչ է արել պետական դպրոցների բոլոր դասարանների դասագրքերն անվճար դարձնել եւ ոչ միայն տարրական դասարանների դեպքում․ «Ոչ պետական դպրոցներում սովորողները վարձ են վճարում եւ բավական բարձր վարձ: Կարծում եմ, որ այդպիսի ընտանիքները դասագիրք գնելու ֆինանսական խնդիր չունեն: Լավ կլիներ, եթե այդ գումարներն ուղղվեին դպրոցական գրադարանային ֆոնդի հարստացմանը»: Մեկ ուրիշն էլ մատնանշել էր տրվող դասագրքերի որակը․ «Մի հատ նայեք ձեր տված հնամաշ գրքերին, կարդալ չի լինում, զզվելով են բացում երեխեքը, դարձրեք անվճար 1-12 դասարանների գրքերը, հետո մտածեք մեծահարուստների երեխեքի մասին»։