«Մեզնից յուրաքանչյուրը եռանկյունու մեկ անկյունն էր»․ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը 25 տարեկան է

«Մեզնից յուրաքանչյուրը եռանկյունու մեկ անկյունն էր»․  «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը 25 տարեկան է

Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը 25 տարեկան է: Հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ հեռուստաընկերության համար բավականին բարդ ժամանակներ են, կա գովազդի պակաս: Պապինյանի խոսքով` «Անկյուն գումարած 3»-ը ունի շուրջ 15 աշխատակից: Նա մեզ հետ զրույցում պատմում է.

«1990-ականների սկզբին ազգային զարթոնքը, տնտեսական ու գաղափարախոսական ազատությունները, ազգային ինքնագիտակցության վերելքը մի տեսակ էյֆորիկ վիճակ էր ստեղծել երկրում, նաև Ալավերդիում: Մարդկանց մի մասը փորձում էր ինչ-որ բիզնես սկսել, խանութներ բացել, փայտի մշակման արտադրամաս և այլն: Ես և Սոս Սիրադեղյանը նույնպես ինչ-որ բաներ էինք մտմտում, սակայն այդ նոր «բանը» տեսնում էինք մշակույթի ոլորտում: Սակայն դժվարանում էինք կողմնորոշվել, թե հատկապես ինչ: Ես այդ տարիներին աշխատում էի Թումանյանի շրջանային մշակույթի տան տնօրեն, ինչ-որ ժամանակ էլ Սոս Սիրադեղյանը փոխտնօրենն էր: 1990-ականների սկզբին Ալավերդիում, մեր երկրում առաջիններից մեկը` Լևոն Հարությունյանը ստեղծել էր «Ծիածան» հեռուստակայանը և հաղորդումներ էր հեռարձակում, նաև սեփական արտադրության: Դա որոշակի աշխուժություն էր մտցրել քաղաքում, չնայած հաղորդիչի փոքր հզորությանը, ինչի պատճառով ազդանշանները հասանելի էին քաղաքի միայն ներքևի հատվածում:

Հատկապես տպավորիչ էր այն, որ հեռուստակայանի եթերում շրջանային մշակույթի տան միջոցառումները գովազդվելուց հետո նկատվում էր մարդկանց մեծ հոսք: Դա մեզ կողմնորոշեց, մանավանդ, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով «Ծիածանի» աշխատանքը դադարեց: 90-ականների վերջերին, երբ սկսեցին կարգավորվել էլեկտրականության մատակարարումները, որոշեցինք հեռուստաընկերություն հիմնադրել: Մեր ոգևորությունը կրկնապատկվեց, երբ 1997-ին Ալավերդի եկավ Վրաստանի Զեստաֆոն քաղաքի թատրոնը, և իմ ընկեր Բադրին, իմանալով մեր ծրագրի մասին, սկսեց խրախուսել, ասելով, որ Ալավերդուց ավելի փոքր Զեստաֆոն քաղաքում հաջողությամբ երկու հեռուստաընկերություն է գործում: 1998 թվականի օգոստոսին պետական մարմնում գրանցեցինք հեռուստաընկերության կանոնադրությունը, ինչը իրավունք էր տալիս սեփական հաղորդումներ արտադրել և հեռարձակել եթեր: Ի դեպ, անվան մասին, Սոսի առաջարկով որոշել էինք հեռուստաընկերությունն անվանել «Եռանկյունի»: Դա բացատրվում էր այսպես․ մեզնից յուրաքանչյուրը եռանկյունու մեկ անկյունն էր, երրորդ անկյունը՝ հեռուստալսարանը: Սակայն երբ Երևանում հեռուստաընկերությունը գրանցող պետական պաշտոնյան լսեց այդ անունը, նայեց մատյաններն ու ասաց, որ այդ անվանումով հեռուստակայան արդեն գրանցված է: Մենք այլ անվան պատրաստ չէինք: Գրանցող աշխատակիցը եռանկյունին հիմք ընդունելով տարբեր առաջարկներ արեց՝ «Անկյուն», «Անկյուն 3» ,«Երեք անկյուն» և այլն, ասելով թե այդպես գրանցեք, հետո որ այլ բան մտածենք, կարող ենք փոխել: Ընտրեցինք «Անկյուն գումարած 3» տարբերակը: Սակայն հետագայում սովորեցինք դրան, նաև դուր եկավ, բացի այդ բավականին բարդ էր անվանափոխությունը և անվանումը մնաց, ինչպես որ կա: Սկսեցինք նախապատրաստական աշխատանքներն այն հաշվով, որ արագ կարողանանք եթեր դուրս գալ»-, նշում է նա:

Պապինյանի պնդմամբ` մարզային հեռուստաընկերություն լինելն այսօր բավականին բարդ է, սակայն թիմային կազմակերպված աշխատանքի արդյունքում փորձում են ամեն գնով բարձր որակ և անկողմնակալ մոտեցում ապահովել. «Սկզբում ոչ գումար կար, որ հնարավորություն, ոչ տեխնիկա, բայց մեզ ոգևորեց այն, որ մարդիկ դիտում են նաև մարզային հեռուստաալիքներ: Այսօր գրեթե գովազդ չկա: Այսօր մեզ դիտում են հիմնականում համացանցում, մասնավորապես` Յութուբում, անալոգային մոդելը փոխել է իրավիճակը: Յութուբում բաժանորդների թիվը սկզբում 3500 էր, սակայն այսօր հասնում է 45 հազարի, ի դեպ՝ օր է լինում, որ անգամ հազարով թիվն ավելանում է: Ամեն ինչ անում ենք, որպեսզի լսարանն էլ ավելի մեծանա», - պատմում է Պապինյանը: