Հեղափոխության դասերը
Դաս համար 1. Ոչ մի պարագայում չի կարելի խլել ժողովրդի քվեն, չի կարելի գնալ ժողովրդի կամքին հակառակ եւ կեղծել ընտրությունները, չի կարելի տարբեր բազմաքայլ կոմբինացիաներով ու խորամանկություններով երկարաձգել պաշտոնավարմանդ ժամկետը, այնպես, ինչպես փորձում էր անել Սերժ Սարգսյանը, որովհետեւ այդ կոմբինացիաները կարող են մի շատ սովորական օր եւ շատ անսպասելիորեն խորտակվել՝ խորտակելով ոչ միայն քեզ, այլեւ ողջ թիմիդ։ Բայց ընտրություններից հետո էլ չի կարելի դառնալ ժողովրդի կամքի գերին ու հլու-կամակատարը՝ հանուն իշխանության։ Կառավարող ուժը պետք է դրսեւորի կամք եւ ունակ լինի ոչ պոպուլիստական քայլերի՝ իր առաջ գերխնդիր դնելով ոչ թե իշխանությունը պահպանելու նպատակը, այլ երկրի զարգացումը, տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների լուծումը։
Դաս համար 2․ Ցանկացած գործիքակազմի կիրառման ժամանակ պետք է շարունակ աչքի առաջ ունենալ այն, որ այդ գործիքակազմն ուրիշներն էլ կարող են կիրառել եւ, ամենայն հավանականությամբ, հաստատ կկիրառեն քո նկատմամբ։ Ուստի, բոլոր այն մեթոդները, որոնք ապօրինի են, վտանգավոր, երկիմաստ, հանրային անդորրը խաթարող, չի կարելի կիրառել, որքան էլ այդ պահին դրանք նպաստեն խնդիրներիդ լուծմանը, քո ամրապնդմանը կամ իշխանության գալուն։ Բումերանգի կանոնն աշխարհի ամենաարդար եւ ամենաանկասելի կանոնն է, որի դեմ պայքարելն անիմաստ է։
Դաս համար 3․ Չի կարելի կառչել իշխանությունից եւ չի կարելի օրենսդրական փոփոխություններով, շանտաժով ու սպառնալիքով, մանիպուլյացիաներով ու ցածրակարգ փիառով փորձել մնալ իշխանության գլխին։ Այդ բոլոր ջանքերն ավելի են բարդացնում հեռանալը եւ ավելի ցավոտ են դարձնում հեռացումը։ Խաղաղ ու վեհանձն հեռանալու ունակությունն իշխանությունների ամենակարեւոր որակն է։
Կարծիքներ