Մենք ելակով չենք զինել բանակը

Մենք ելակով չենք զինել բանակը

Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից երեկ նախ ճշտեցինք` ինքը կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի արտահայտած բոլոր մտքերը, քաղաքական հայտարարությունները, որ նա անում է ամբիոնից: Ի պատասխան` Գրիգորյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարն է, եւ ինքն առաջնորդվում է նրա հայտարարություններով:

Այդ դեպքում, հարցրինք` ինքը համաձա՞յն է ԱԺ ամբիոնից Փաշինյանի այն հայտարարության հետ, որ, դիմելով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ասել է․ «Դավաճանը դուք եք, հողատուն դուք եք, կապիտուլյանտը դուք եք»: Գրիգորյանը կարճ պատասխանեց` միանշանակ:

Իսկ երբ հարցրինք` կարո՞ղ է փաստեր նշել, որ Քոչարյանն ու Սարգսյանը դավաճանել են, կապիտուլյացիոն փաստաթուղթ են ստորագրել կամ հող են տվել, ԱԽ քարտուղարը չկարողացավ իր ասածը հիմնավորել` կրկնելով այն ծեծված թեզը, թե նախկինները բանակը չեն զինել: «Ես կարող եմ փաստեր նշել, որոնք դրան են տարել։ Վարչապետը դրա մասով նշել է, գիտեք, որ Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս են մղել, Սերժ Սարգսյանը 2011 թվականին Կազան էր ուզում ստորագրել, իհարկե, Ադրբեջանը չստորագրեց։ Դրանից հետո պարբերաբար Հայաստանը հրաժարվել է իր պահանջներից, եւ իրենք, չկատարելով իրենց ընդհանուր պարտականությունը, հասցրել են երկիրն էն իրավիճակին, որ Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, իսկ Հայաստանն էդ ուղղությամբ գրեթե որեւէ քայլ չէր անում»,- ասաց նա։

- Բայց Դուք էլ այդ ընթացքում բանակը «զինում» էիք ելակով։

- Մեկ րոպե, մենք ելակով չենք զինել, մենք շուտով կհրապարակենք, թե 2018-20 թվականին, ի համեմատություն 2016-18 թթ․, մեր իշխանությունն ինչեր է արել։ Գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել։

- Բա ինչո՞ւ պարտվեցինք։

- Պարտվել ենք, որովհետեւ անցած մյուս 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի իրականացվել։

- Դուք ոչ մի մեղք չունե՞ք, փաստորեն, այս երեք տարվա ընթացքում։

- 2017 թվականին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել, առաջին տարին, որ մենք բյուջե ենք ընդունել, դա եղել է 2019 թվականի համար, մենք 309 մլրդ ենք դարձրել էդ բյուջեն, եւ սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն։ Էսպես ասեմ․ եթե Սերժ Սարգսյանի 2016-18 թթ․ կառավարման շրջանում ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից, օրինակ եմ ասում, 50 միավոր, մենք, միանշանակ, 300-ից բարձր ենք ձեռք բերել։

- Եթե այդքան հզոր սպառազինություն ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ հանձնեցիք Արցախը, այդքանով հանդերձ։

Պատասխան չհնչեց։