«Հրապարակ». Հասցրեց իրեն գովազդել ու լսողներին «համոզել», որ ինքը ոչ մի մեղք չունի

«Հրապարակ». Հասցրեց իրեն գովազդել ու լսողներին «համոզել», որ ինքը ոչ մի մեղք չունի

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստը սկսեց  «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Հետո սկսեց արդարանալ, թե ինքն ու իր կառավարությունն այս պայթյունի հետ ոչ միայն որեւէ կապ, այլեւ որեւէ մեղք չունեն, որ անվտանգության կանոնները չեն պահպանվել՝ անգամ խախտումները հայտնաբերելուց եւ արձանագրելուց հետո էլ մեղք չունեն։ Չնայած դրա հետեւանքով այսպիսի ողբերգություն է տեղի ունեցել։

Իսկ մինչ այդ նա իր նախարարների բերանով իրեն ու իր կառավարությանը սկսեց գովազդել։
«Պարոն Փամբուխչյան, ճի՞շտ եմ հասկանում, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարար ծառայությունը որեւէ տեխնիկական խնդիր չի ունեցել, այսինքն՝ տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ տեխնիկան առկա է եղել, այսինքն՝ այդպիսի իրավիճակ չի եղել, որ մենք ինչ-որ խնդիր պետք է լուծենք, բայց չենք կարող լուծել որեւէ տեխնիկական միջոցի բացակայության պատճառով: Այսինքն՝ լիարժեք հագեցվածություն ունենք մենք այդ առումով»,- դիմելով ԱԻ նախարարին՝ հարցրեց Փաշինյանը։ «Այո, պարոն վարչապետ, մենք այս դեպքի հետ կապված մարդկային, տեխնիկական եւ այլ նյութական որեւէ պակաս չենք ունեցել»,- հաստատեց «մեծարգո վարչապետի» խոսքը Արմեն Փամբուխչյանը՝ դրանով փորձելով հերքել այն մեղադրանքները, թե ԱԻՆ-ը վատ էր աշխատում, անկազմակերպ էին, բավարար տեխնիկա չունեին, պրոֆեսիոնալ չէին, կամավորներ էին ներգրավել եւ այլն։

Հետո նույն բեմականացված հարցուպատասխանով դիմեց նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որ նա էլ հաստատի, որ տուժած քաղաքացիների բուժօգնությունն ամբողջովին պետության հաշվին է եղել։

«Տիկի՛ն Ավանեսյան, վիրահատությունները, բուժսպասարկումն ամբողջը պետպատվերո՞վ է արվել»,- հարցրեց Փաշինյանը՝ իբրեւ թե չիմանալով իր հարցի պատասխանը։ Ավանեսյանն էլ, բնականաբար, հաստատեց։ «Այսինքն՝ քաղաքացիները որեւէ բան վճարելու անհրաժեշտություն ունեցե՞լ են»,- չհավատալով իր լսածին, որ այս երկրում որեւէ բան կարող է անվճար կամ հօգուտ քաղաքացու լինել, կամ շեշտելով, որ բոլորը լսեն, նորից թատերական ոճով շարունակեց Փաշինյանը։

«Ոչ: Ամբողջ բուժօգնությունը եւ հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, նրանք կստանան ամբողջությամբ անվճար»,- Փաշինյանի հոգին փառավորեցրեց տիկին նախարարը։

Գովազդային հատվածն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցավ թատերական ներկայացման երկրորդ՝ ինքնարդարացման, չքմեղանալու եւ պատասխանատվությունից փիլիսոփայորեն խուսափելու փուլին։ Նախ, նա Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջոցով փորձեց հասնել այն հիմնավորմանը, որ սա եղել է ոչ թե ահաբեկչություն, այլ պայթյուն՝ անզգուշության, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով։

«Ես այսպես եմ հասկանում, նաեւ դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց հասկանում եմ նաեւ, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է: Ինչո՞ւ, որովհետեւ տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Համենայնդեպս, նաեւ վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը: Այս կապակցությամբ բան ունե՞ք ասելու, պարոն Քյարամյան»,- հայտնագործություն արեց Փաշինյանը։ Քյարամյանն էլ հաստատեց փաշինյանական վարկածը, որ ավելի շատ հերքում է ահաբեկչության վարկածը․ «Պարոն վարչապետ, հավելեմ նաեւ, որ այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշության ձեւով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։

Ամենասյուռը, սակայն, իր ու իր նշանակած պաշտոնյաների մեղքն այս պայթյունից, փլատակներից կամ, ինչպես ինքն է ասում, «փլատակների տակից» հանելուն միտված «վերլուծություններն» էին։ «Շատ լավ: Հարգելի գործընկերներ, իհարկե, նման դեպքից հետո առաջին հարցը, որ գոնե ինձ մոտ ծագում է, հետեւյալն է, թե ինչ չենք արել, կամ կառավարությունն ինչն այնպես չի արել, որպեսզի կարողանանք բացառել կամ կանխել նման զարգացումը: Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, եւ այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առեւտրի կենտրոնում Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը: Ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակներում արձանագրել է խախտումներ: Այս տեղեկատվությունը հայտնի է, բայց, ամեն դեպքում, ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը:

Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանափակված չի եղել: Խնդիրը եղել է այն, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա: Պարոն Պետրոսյան, ինձ հնարավորինս կարճ ժամկետում, բայց պետք չէ նաեւ շտապել՝ մակերեսային եզրակացությունների գալու համար, կներկայացնեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարականը. օբյեկտիվ եզրակացության պիտի հանգենք»,- ասաց նա՝ այդպիսով պատասխանատվության բեռից առժամանակ ազատելով նաեւ համապատասխան տեսչական մարմնի ղեկավարին, որը մեկ տարի առաջ ստուգել է, սակայն ոչինչ չի արել, որ թերությունները վերացվեն։ Ռոմանոս Պետրոսյանը խոստացավ համապարփակ վերլուծություն անել։ Բայց այս հատվածում ՀՀ վարչապետը նաեւ ակամայից խոստովանեց, որ Բեյրութի պայթյունից հետո իր իջեցրած հանձնարարականը, ըստ էության, չի կատարվել։

Այսքանով փակվեց «Սուրմալուի» ողբերգական թեման՝ այն կարեւոր եզրահանգմամբ, որ կառավարությունից ոչ ոք «թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն չէ», եւ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել՝ շարքային աշխատանքային վիճակ է, ո՞ւմ հետ չի պատահում։