Այդ միջոցառումները պետք է կարողանանք իրականացնել առանց արտակարգ դրության

Այդ միջոցառումները պետք է կարողանանք իրականացնել առանց արտակարգ դրության

ԱԺ նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ դիմակ կրելն այս փուլում անհրաժեշտություն է, մինչդեռ շատ մասնագետներ այսօր գտնում են, որ հատկապես այս տապին դիմակ կրելը ոչ միայն օգուտ չէ, այլեւ վնաս է մարդկանց առողջությանը, հատկապես շնչառական հիվանդություններ ունեցողների դեպքում։ Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարը պատկերացնում է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ ձեռքերն ախտահանելու եղանակով։

- Բայց մենք տեսնում ենք, որ վարակվածության դեպքերը չեն նվազում։

- Հեշտ չէ նվազելը, ես ժամանակին՝ մոտավորապես հունիսի վերջին, բացատրեցի, որ եթե շարունակական լինեն միջոցառումները, ապա մենք կտեսնենք նվազեցման պրոցեսը։ Հիմա, եթե Դուք տեսնում եք, հունիսի վերջի համեմատ ինքը որոշակի նվազեցում ունի, միանգամից չի կարող դա տեղի ունենալ։ Բայց եթե դուք՝ բոլորդ, որոշեք, որ դրա դեմ եք պայքարելու, ոչ ոք չի կարողանա որեւէ արդյունքի հասնել։ Պետք է դուք՝ լրագրողներդ, հասկանալով դրա կարեւորությունը, օգնեք էդ պրոցեսը հաղթահարել։ Դա դեմագոգիա է, երբ մարդիկ սկսում են դիմակ կրելու դեմ խոսել, էս անել, էն անել։ Ամեն անգամ, երբ հարցնում են, ես ասում եմ՝ մինչեւ որ վակցինացիայի հնարավորությունը չընձեռվի, մենք պետք է շարունակենք էս միջոցառումներն իրականացնել։

- Նախարարը հայտարարել էր, որ վակցինան արդեն կա, Դուք տեղյա՞կ եք՝ ինչի մասին է խոսքը։

- Չէ, վակցինացիան չկա, վակցինայի վերջին փուլն են արդեն փորձարկում, այսինքն՝ դա նշանակում է, որ եւս մի քանի ամիս հետո կսկսեն արդեն մասսայական վակցինացիան իրականացնելը։ Հենց սկսեն մասսայական իրականացնելը, արդեն Հայաստանն էլ կսկսի իրականացնել։

- Ի դեպ, դրա դեմ էլ են խոսում, որ հիմա էլ որոշել են ժողովրդի վրա փորձարկումներ անել վակցինայով։ Դա վտանգներ, ռիսկեր պարունակո՞ւմ է։

- Ես բացառում եմ դա, որովհետեւ Հայաստանը չի կարող լինել երկիր, որտեղ կարողանան ինչ-որ փորձարկումներ անել։ Հայաստանն ունի իր հստակ օրենսդրությունը, իր հստակ պահանջները թե՛ դեղերի, թե՛ վակցինաների նկատմամբ, եւ մինչեւ հիմա Հայաստանում բոլոր վակցինաները եղել են ամենաբարձրորակները, եւ Հայաստանն իմունիզացիայի ծրագրով եղել է առաջատար։ Եվ ես ցավում եմ, որ մենք էս ծրագրով հիմա ունենք վատ ցուցանիշներ, բայց եթե մենք շարունակենք էն միջոցառումները, որոնք հիմա իրականացվում են, եւ չթուլացնենք տեմպերը, որովհետեւ ամբողջ խնդիրն այն է, որ կարանտինից հետո կառավարությունը հույսը դրեց մարդկանց գիտակցության վրա։ Չի կարելի հույսը դնել մարդկանց գիտակցության վրա, չի կարելի մտածել, որ մարդիկ արդեն գիտակցում են, իրենք հասկանում են, իրենք կանեն։ Մարդիկ հոգնում են, իրենք փորձում են խուսափել սահմանափակումներից։ Բայց մենք պետք է իմանանք, որ կշեռքին դրված է ավելի թանկ բան, քան, ասենք, էսօր մեր ազատության որոշակի սահմանափակումներն են։

- Բայց դա ի սկզբանե էր ասվում կառավարությանը, որ պետք է ոչ թե մարդկանց գիտակցության վրա հույսը դնել, այլ խիստ միջոցներ ձեռնարկել։

- Ես մի մարդ եմ, որը միշտ առաջ է նայում, երբեք հետ չեմ գնում, չեմ քննարկում, թե ինչ են ասել, ինչ չեն ասել, որովհետեւ, եթե միշտ մենք ճիշտ լինեինք, մենք կարող է պատահի աշխարհի ամենազարգացած երկիրը լինեինք։ Միշտ էլ դժվարություններ եղել են։ Հիմա մենք չգնանք հետ՝ քննարկելու, թե ինչ են ասել, ինչ չեն ասել։ Մենք պետք է նայենք, թե ինչ անենք այսուհետ։ Այ, Դուք հիմա հարցնում եք՝ դիմակները կրե՞նք, ես ասում եմ՝ կրենք։ Ես ասում եմ՝ այո, տնտեսությունը պետք է աշխատի, բայց ամեն մի տնտեսվարողի մոտ պետք է մշտական էդ կանոնակարգը պահպանվի, եւ պետք է վերահսկել։ Սա է հարցը։

- Այսինքն՝ արտակարգ դրությունը նորի՞ց պետք է երկարաձգվի օգոստոսին։

- Ես գտնում եմ, որ դեռ երկար ժամանակ ունենք արտակարգ իրավիճակում միջոցառումներ կազմակերպելու, բայց արտակարգ ռեժիմի նպատակը չկա։ Այսինքն՝ մենք պետք է այնպիսի փոփոխություններ անենք մեր օրենսդրական դաշտում, որպեսզի մենք այս հակահամաճարակաբանական միջոցառումները կարողանանք իրականացնել առանց արտակարգ դրություն հայտարարելու։ Մենք հո չե՞նք կարող եւս մի 6 ամիս արտակարգ դրությունը շարունակել։

- Կարծես նույնն եք կրկնում, ինչ այսօր կառավարությունն ուզում է անել՝ տեղյա՞կ էիք, կամ իրենք են Ձեզնից հարցրել։

- Դե, եթե Դուք նայեք սրանից մի քանի ամիս առաջ տված իմ հարցազրույցները, ես նույնն էն ժամանակ եմ ասել եւ ես ուրախ եմ, որ էդ ասածներս տեղ են հասել։ Կարող է իրենք են դա նախաձեռնել, բայց, ամեն դեպքում, մարդիկ, որոնք ունեն փորձ, ունեն պատկերացում էս ամեն ինչի վերաբերյալ, իրենք պետք է տան էն գաղափարը, որն իրականում ունի դրական ազդեցություն։

- Ձեր հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների առումով հիմա ի՞նչ իրավիճակ է։

- Մեր հիվանդանոցը դասական ձեւով շարունակում է իր գործունեությունը, մենք ունենք 4 մասի բաժանված հատվածներ, մի հատվածն անհետաձգելի դեպքերի ընդունելությունն է, մյուսը կորոնայով վարակված երեխաների բուժումն է, երրորդը նրանք են, որոնց մոտ չի հաստատվել կորոնան, բայց ունեն սուր հիվանդություններ, որ պետք է մնան եւ բուժվեն, եւ չորրորդը, որտեղ պլանային բուժումներն են իրականացվում։

- Իսկ շա՞տ են դեպքերը ձեզ մոտ։

- Վերջին օրերին ոնց որ թե դեպքերը համեմատաբար նվազել են։