Այդպես է հիմա ընդունված․ Բադասյանը՝ իր գլխավերևում Փաշինյանի նկարը փակցնելու մասին (տեսանյութ)

Այդպես է հիմա ընդունված․ Բադասյանը՝ իր գլխավերևում Փաշինյանի նկարը փակցնելու մասին (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից այսօր հետաքրքրվեցինք՝ իր աշխատասենյակո՞ւմ էլ է փակցված Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

«Այո, փակցված է Հայաստանի Հանրապետության վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը»,-ասաց Բադասյանը։

Երբ փորձեցինք հստակեցնել՝ ո՞րն է այդ կարգը, ո՞վ է նման կարգ սահմանել, ի՞նչ նորմատիվ իրավական ակտով է այդ կարգը սահմանվել, Բադասյանը չկարողացավ հստակ պատասխան տալ, միայն նշեց՝ այդպես է հիմա ընդունված։

Hraparak.am-ի հարցին՝ ի՞ր համար էլ է Փաշինյանի լուսանկարը համարվում պետական խորհրդանիշ, ՊԵԿ նախագահը զարմացավ․ «Կներեք, էլ ո՞ւմ համար է էդպես համարվում»։

Նրան հիշեցրինք, որ արդարադատության նախարարը, օրինակ, պետական խորհրդանիշ է համարում Փաշինյանի լուսանկարը, անգամ երբեմն շփվում է այդ լուսանկարի հետ։ Հարցրինք՝ իր և այդ լուսանկարի միջև ինչ-որ ներքին կապ կա՞, ինքը շփվու՞մ է Փաշինյանի նկարի հետ։ Բայց Բադասյանը, չունենալով այլևս պատասխան, խնդրեց ՊԵԿ-ին առնչվող հարցեր ուղղենք իրեն, քանզի չի կարծում, թե այդ հարցը հետաքրքրություն է ներկայացնում։

Հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էր, որ պաշտոնյաների կաբինետներում Սերժ Սարգսյանի նկարը փակցվեր, հիմա նույնը իր պաշտոնյաներն են անում՝ արդեն իր իսկ նկարը փակցնելով, բայց Բադասյանը նկատեց, թե անընդունելի է երկրի ղեկավարի նկարը փակցնել ՀՔԾ քննիչի կաբինետում, որը քննում է այնպիսի գործ, որը պոտենցիալ կարող է պետական պաշտոնյաներին առնչվել: 

Բայց ՊԵԿ-ն էլ քննչական վարչություն ունի, ինչին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում որևէ նկար տեղադրված չէ։

Մանրամասն՝ տեսանյութում