Ներկա եւ ապագա

Ներկա եւ ապագա

Ծանր իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը։ Մի կողմից՝ հարեւան ագրեսորի հնչեցրած ամենօրյա սպառնալիքները, մյուս կողմից՝ ռուս-թուրքական սիրախաղերն ու եվրոպական սառն անտարբերությունը։ Եվ այդ ամենի կողքին՝ անպաշտպան մնացած ու իր դարդի մեջ տապակվող հայ հասարակություն, որը չի կարողանում ազատվել իր ապաշնորհությունն ապացուցած իշխանություններից։ Սյունիքի դեպքերը հերթական անգամ ցուցադրեցին, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր իշխանությունն ու ընդդիմությունը։ Շատ ավելի արժանապատիվ է, շատ ավելի գիտակից եւ խելացի։ Շատ ավելի օրինապահ ու ավանդապաշտ։

Եվ անգամ այն հայհոյանքները, որոնք նախօրեին հնչում էին Սյունիքում, եւ թվում է՝ մեր ազգին հարիր չեն ու անթույլատրելի են, մեր ժողովրդի բարձր արժանապատվության եւ ինքնասիրության մասին են վկայում, այլ ոչ թե խուլիգանության, ինչպես փորձում են ներկայացնել օրվա կառավարիչները։

Իսկ սյունեցիների պահվածքը խուլիգանություն որակողները սովորական հացկատակներ են, կերակրատաշտից սնվող պատեհապաշտներ, որոնց համար հայրենիքը սկսվում է ստամոքսից եւ ավարտվում իրենց սանհանգույցներում։ Որոնց համար հայրենիքի, ազգի, պետության ապագայի, հող հայրենիի, այդ հողի հանդեպ սիրո ու նվիրումի մասին խոսքերը վերացական բառեր են։ Նրանց համար կարեւորն իրենց խղճուկ պաշտոնն է, ծառայողական կաբինետը, քարտուղարուհին, վարորդը, թիկնազորը, գործուղումները, հրամաններ ու անհեթեթ որոշումներ արձակելու իրավունքը։

Նրանք մեղրի կարասն ընկած ճանճի նման դեռ վայելում են իրենց կարգավիճակը՝ կարծելով, թե իշխանությունը հավերժ է, եւ ռեպրեսիաներով ու անօրինականություններով կարողանալու են պահել այն։ Եվ չեն գիտակցում, որ ինչքան այսօր անհեթեթ են ու անօրինական, այնքան անորոշ է իրենց ապագան։