Դատարկախոսությամբ ենք զբաղված

Դատարկախոսությամբ ենք զբաղված

Ով կարողացավ ԱԺ արտահերթ նիստին հետեւել մի փոքր ավելի երկար, քան ես (պարապ մարդ հիմա շատ կա), կարծում եմ՝ կհաստատի, որ դա արտահերթ նիստ էր ոչ մի բանի մասին: Թվում էր՝ քննարկում էին ոչ թե արտակարգ իրավիճակի կապակցությամբ առաջին պլան եկած օրենսդրական կարգավորումներ, այլ օրենքներ, որոնք գործելու են հուր-հավիտյան: Վաղը, երբ կորոնավիրուս չի լինի, կպարզվի, որ ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները ոչ միայն անիմաստ ջուր էին ծեծում, այլեւ վտանգում շատ օրենքներ, որոնք մշակվել են տարիներ շարունակ: Սա քիչ էր՝ Արարատ Միրզոյանն էլ ներկաներին արագ-արագ հանգստացնում էր, թե իրենց խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորներ չկան: Կյանքում առաջին անգամ համամիտ էի Էդմոն Մարուքյանի հետ, որ առաջարկում էր դադարեցնել ԱԺ նիստերը, իսկ անհրաժեշտության դեպքում տնից աշխատել: Դա թերեւս ավելի խելամիտ կլիներ, քան ԱԺ գալ ձեռնոցներով ու վախվխելով ձեռնահարել բարձրախոսները:

Արմեն Աշոտյանն այս նիստի մասին գրել էր. «Ազգային ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով»։ Երանի չէ՞ր մի բանով լի լիներ այդ նիստը: Համաձայն չեմ նաեւ նրա այն դիտարկմանը, որ «անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները»: Չգիտեմ, ինձ չի թվում, որ այսքան պրոբլեմ գլխներին հավաքած՝ մի հատ էլ մարդու անձնական ազատությունների հետ կապված վատ-վատ բաներ մտածեին: Իմ կարծիքով, այդ նիստը նույնիսկ քաղաքացիների մասին չէր: Եկել էին ցույց տալու, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, անում են, որոշել են ինչ-որ խմբերի օգնել, աշխատանք կորցրածներին նվազագույն միանվագ աշխատավարձ տալ եւ այլն: Հավատացնում եմ՝ մինչեւ այս վերջին փչոցներն իրականություն դառնան, Հայաստանի վրայով մի քանի COVID կանցնի: Մենք հո լավ գիտենք մեր կառավարությանն ու արտակարգ իրավիճակներում աշխատելու նրա կարողությունները:

Առողջապահության փոխնախարարին ինձնից բացի էլի լսողներ եղան երեւի: Եկել էր ասեր, որ կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն դիահերձելու, որովհետեւ հայտնի չէ, թե իրեն ինչպես կպահի դիակի հյուսվածքներում մնացած վիրուսը: Էն աշխարհի հետ կապված հարցերը, իհարկե, հետաքրքիր են, բայց ոչ այնքան, որ պատգամավորները տասնյակներով հերթ կանգնեն, որպեսզի առողջապահության փոխնախարարից իմանան՝ առանց դիահերձման (ըստ որոշ պատգամավորների՝ դիազերծման) ինչպես են որոշելու՝ մարդը կորոնավիրուսի՞ց մեռավ, թե՞ ինֆարկտից կամ մեկ այլ բանից: Պատասխանը ցնցող էր՝ պետք է վստահել բժշկի տված ախտորոշմանը, այսինքն, եթե կորոնավիրուսի թեստը մարդու կենդանության օրոք դրական է եղել, պետք է ընդունել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:

Արարատ Միրզոյանը չհավատաց ականջներին, ճշտող հարց տվեց՝ բա որ մարդուն թունավորած լինեն՝ օգտվելով այն հանգամանքից, որ թեստը դրական է եղել, եւ նրա մահը կարող են դուրս գրել կորոնավիրուսի վրա: Փախնախարարն անդրդվելի էր… Չեն դիահերձելու եւ վերջ… Իսկ որ դրանից կարող են օգտվել հանցագործները, դա արդեն առողջապահությանը չի հետաքրքրում: Ես հասկանում եմ փոխնախարարին՝ մեր բժիշկներն այսօր մերկ ձեռքերով են պայքարում կորոնավիրուսի դեմ, դիահերձարաններում չկան պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, բայց դա պետք էր ուղղակի խոստովանել եւ հանրությանը խնդրել՝ ըմբռնումով մոտենալ արտակարգ իրավիճակում դիահերձումից հրաժարվելու որոշմանը: Եվ, ուրեմն, ինչի՞ համար էին ժամեր տեւած լոլոները ԱԺ-ում: Երեւի ժամանակն է փակելու նաեւ ԱԺ-ն եւ ավելորդ տեղը շփման հարթակ չստեղծել պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
Իսկ մինչ այդ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է եւ մոտեցել է 500-ի: Մեզ համար դա թիվ է, թեեւ մտահոգիչը ոչ այնքան վարակվածների մեծ թիվն է, որքան թեստ հանձնած քաղաքացիների փոքր թիվը:

Ըստ էության, դա վկայում է այն մասին, որ կառավարությունն ավելի շատ զբաղված է վարակման ու մահվան դեպքերի հաշվարկով, քան համաճարակը կասեցնելու գործով: Եթե դու չունես անհրաժեշտ քանակության թեստեր եւ տեղյակ չես, թե ազգաբնակչության որ մասն է վարակված կորոնավիրուսով, ուրեմն չես տիրապետում իրավիճակին, եւ քո ձեռնարկած քայլերը, շատ հնարավոր է, էֆեկտիվ չեն ու չեն բխում արտակարգ իրավիճակից: Այս տեսանկյունից վիճակն ավելի բարվոք չէ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ այլուր: Այդ երկրներում էլ հստակ պատկերացում չունեն համավարակի իրական չափերի մասին, բայցեւայնպես, այդ երկրների կառավարություններն անսխալականության սինդրոմով չեն տառապում, մերոնց հանգույն: Փաշինյանը դարձել է երկրի գլխավոր համաճարակաբանը, արդեն անգիր գիտի, թե կորոնավիրուսն ինչպես է տարածվում, ու ինչպես պետք է պաշտպանվել դրանից: Մասնագետ-գիտնականների խումբ ստեղծելու, կարգին գումարներ դնելու եւ կորոնավիրուսի դեմ ճար գտնելու ժամանակը չէ՞, արդյոք,: Խոսում են տարբեր պրեպարատների մասին, որոնք, իբր, հայտնագործվել են աշխարհի տարբեր երկրներում: Դրանք երբ կհասնեն Հայաստան՝ հայտնի չէ: Գուցե մեր գիտնականներին է՞լ հաջողվի որեւէ բան գտնել, ինչո՞ւ չենք վստահում մեր ուժերին, այլ գնացել՝ ԱԺ-ում դատարկախոսությամբ ենք զբաղվում: