Գործատուների ուսերին

Գործատուների ուսերին

Եվ այսպես, արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով էլ երկարաձգվեց, չնայած շատ սահմանափակումներ հանվեցին, այդ թվում, փառք Աստծո, խոսքի ազատության։ Թույլատրվեցին տնտեսական գործունեության որոշ տեսակներ, մարդկանց տեղաշարժը։ Մեծ հաշվով, պահպանվեց միայն հանրային օբյեկտների, ինչպես նաեւ տրանսպորտի աշխատանքի արգելքը։ Դժվար է ընկալել կառավարության տրամաբանությունը, թե ինչ իմաստ ունեն նման կիսատ-պռատ միջոցառումները, եթե մարդիկ գնալու են աշխատանքի, իսկ աշխատավայրերում գրեթե անհնարին է լինելու սահմանափակել վարակի տարածման շրջանակները։

Եթե պետք է հանվեին արգելքները, ապա պետք է հայտարարվեր արտակարգ դրության ավարտի մասին։ Իսկ եթե այդ արգելքները դեռ անհրաժեշտ են, եւ մարդկանց առողջությունը թանկ է տնտեսական ցուցանիշներից, ապա պետք է խստագույնս պահպանեին կարանտինը եւ հետեւեին դրա իրականացմանը։ Նման կիսահղի որոշումներով, ըստ էության, իշխանությունն իր ուսերից գցում է պատասխանատվությունը՝ այն տեղափոխելով գործատուների ուսերին։ Հիմա արդեն գործատուները պետք է հոգան իրենց աշխատողների առողջության մասին եւ նրանց հիվանդանալու դեպքում կրեն ողջ պատասխանատվությունը։

Նաեւ պետք է լրացուցիչ ծախսեր անեն՝ աշխատողների տրանսպորտի հարցը լուծելու համար, իսկ հարյուրավոր աշխատողներ ունեցող ընկերություններում դա ծանր բեռ է։ Եվ եթե հաշվի առնենք, որ կառավարության աջակցության ծրագրերը գրեթե ոչ մեկի վրա չեն տարածվում, նրանք ֆինանսական օգնություն չեն ստանալու պետությունից, կնշանակի իրենք էլ կրելու են ճգնաժամի վնասները։ Կարճ ասած՝ պետությունը լվանում է ձեռքերը։ Իսկ եթե հետեւենք նաեւ առողջապահական միջոցառումներին, պարզ կդառնա, որ այստեղ էլ հույսը հիվանդների իմունիտետն է ու օրգանիզմի՝ պայքարելու ունակությունը։