Խնդիրը կարգավորելու համար, կարծում եմ, երբեք ուշ չէ

Խնդիրը կարգավորելու համար, կարծում եմ, երբեք ուշ չէ

Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Հարգելի պարոն Միրզոյան, 1993թ. հունիսի  29-ին ծանր հիվանդությունից վախճանվել է առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի Մարտունու շրջանից ընտրված պատգամավոր Մանֆրեդ Շահենի Բախշյանը: Մինչ այդ նա  ինքնապաշտպանական կազմավորումներից մեկում զինվորական ծառայության էր: Պատերազմական իրավիճակում, ըստ երեւույթին՝ նաեւ օրենսդրական կարգավորման բացակայության կամ տեղական իշխանությունների անտարբերության պատճառով Մ. Բախշյանի այրին ոչ մի փոխհատուցում չի ստացել:

Զինվորական հրամանատարության միջնորդությամբ  Մ. Բախշյանին տրվել է զոհված ազատամարտիկի կարգավիճակ, որից նա հետագայում զրկվել է: Ի՞նչ պատճառաբանությամբ՝ ինձ հայտնի չէ եւ դժվարանում եմ պարզել, քանի որ նրա այրին ներկայումս բնակվում է ՌԴ-ում: Մարտունի քաղաքում բնակվում է Մ. Բախշյանի կրտսեր որդին՝ Շահեն Բախշյանը՝ ընտանիքով: Անկախ օրենսդրական կարգավորման հետ կապված բարդություններից, կարծում եմ, որ ի նշանավորումն առաջին գումարման  Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի, որ լրանում է առաջիկա հուլիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովը կարող է հնարավորություն գտնել՝ ներկայումս գործող օրենքով սահմանված չափով դրամական աջակցություն ցուցաբերելու Մ. Բախշյանի ընտանիքին: Խնդիրը կարգավորելու եւ կյանքից անժամանակ հեռացած  Գերագույն խորհրդի պատգամավորի հիշատակը հարգելու համար, կարծում եմ, երբեք ուշ չէ:

Հարգանքով՝ առաջին գումարման Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյան