Չի կարելի ուսանողին զրկել քաղաքացիական դիրքորոշում ունենալու հնարավորությունից
Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, գրականագետ Արծրուն Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կրթական հաստատությունների ապաքաղաքական լինելու մասին հայտարարություններին, մասնավորապես ԵՊՀ-ի տարածած վերջին հաղորդագրությանն այն մասին, որ պետք է ուսանողները քաղաքացիական ակտիվություն ցուցաբերեն բացառապես դասապրոցեսից հետո, նշում է, որ ողջ աշխարհում ուսանողությունն ամենաակտիվ զանգվածն է, իսկ նման օրհասական վիճակներում, ինչպիսի վիճակում հայտնվել է Հայաստանը, ցանկացած հայ մարդ դարձել է մտահոգ և պետք է պայքարի անարդարությունների դեմ:
Արծրուն Ավագյանն ասում է, որ Հայաստանում տարբեր տարիներին քաղաքական տարբեր պայքար է տեղի ունեցել.
«Որքանով տեղյակ եմ մայր բուհում նման հարց է քննարկվել, որ ուսանողները պետք է ապաղաքական լինեն, սակայն որևէ մեկն այդ խոսակցություններին ընթացք չի տվել, որևէ հարց չի դրվել քվեարկության: Տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքական շարժումներ են եղել, սակայն պետք է մի բան հասկանալ, ո՞ւր են մեզ տանում այդ շարժումները: Շարժում կա մեզ տանում է աջ, շարժում էլ կա մեզ ձախ է տանում: Ուսանողությունը հասարակության ամենաակտիվ շերտն է և անպայման պետք է ունենա իր ազատ խոսքն ասելու, կարծիքը հայտնելու իրավունք: Ուսանողությունը պետք է իր ակտիվությունն ու մասնակցությունն ունենա երկրում տեղի ունեցող պրոցեսներում: Յուրաքանչյուր ուսանող ինքը պետք է որոշի` ինչ անել, ում վստահել ու ում հավատալ», - նշեց նախկին դեկանը:
Հարցին, թե ԵՊՀ-ի այն կոչերը, թե ուսանողները պետք է ապաքաղաքական լինեն, ընդունելի՞ են Ձեզ համար, ասաց. «Չի կարող որևէ երկրի համար ճակատագրական խնդիրը լինել ապաքաղաքական, անհնար բան եք ասում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում բոլորիս քաղաքական հետաքրքրությունների շրջանակում կարելի է դիտարկել: Քաղաքացին չպետք է քաղաքական պրոցեսներից դուրս մնա, դա կնշանակի` մարդը միայն որկորի մասին է մտածում: Քաղաքական ցանկացած շարժում երկրի ճակատագիրն է որոշում, այնպես որ չի կարելի քաղաքացուն, ուսանողին զրկել քաղաքացիական դիրքորոշում ունենալու հնարավորությունից» , - նշեց նա: Հարցին, երբևէ ուղղորդե՞լ եք Ձեր ուսանողներին, օրինակ, 2018-ի հեղափոխության օրերին, մեր զրուցակիցը նշեց. «Երբեք: Իմ ուսանողները մշտապես ազատ են եղել: Ուսանողությունը հասարակության առաջադեմ շերտն է: Այսօրվա երիտասարդներն էլ շատ լավ գիտեն ինչ են ուզում և որտեղ պետք է մասնակցեն և որտեղ չմասնակցեն»- ասաց Ավագյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք` ինքն ինչպիսին է տեսնում այսօրվա փողոցային պայքարը՝ ո՞ր ուղղությամբ այն է գնում․ ա՞ջ, թե՞ ձախ. «Ցավոք, այսօր մեր ժողովուրդը բաժան-բաժան եղած վեր ու վար է լինում: Բոլոր ուղղություններով բաժան-բաժան ենք եղել, դա վատ է, ողբերգություն: Այսօր Արցախում տեղի ունեցողին տալիս եմ վատագույն գնահատականը, ցանկացած հայ մարդու համար այսօր տեղի ունեցողը մեծ ողբերգություն է և այդ կապակցությամբ մեր ժողովրդին ցավակցում եմ: Թշնամին օրը ցերեկով եկել ու տիրացել է մեր պատմական տարածքներին: Ցավոք, որոշ պրոցեսների չեմ կարող մասնակցել, սակայն կարող եմ ասել, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը նաև մեր դուռն է թակելու»-, ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ Արծրուն Ավագյանը 2008 թվականին աջակցե՞լ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ այդ շրջանում որոշ դեկաններ հանդես էին գալիս հայտարարություններով, մասնակցում էին պայքարին, մեր զրուցակիցը շեշտեց. «Ես Լևոն Տեր-Պետրոսյանին երբեք չեմ սիրել, դժվար թե նրան աջակցած լինեմ: Ինչու չէի սիրում, չէի սիրում, որովհետև այն շրջանում, երբ մեր ժողովուրդը մեծ ոգևորություն էր ապրում, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ բաժան-բաժան արեց, սեփականաշնորհեց, մի խոսքով` երկրի ունեցվածքն իրենով արեց, մնացած ամեն ինչ խփեց պատերով», խոսքը եզրափակեց Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկանը:
ՀԳ ԵՊՀ ռեկտորը, հիշեցնենք, հայտնի սորոսականի համարում ունեցող Հովհաննես Հովհաննիսյանն է, ում մեծ դժվարությամբ եւ ռեկտոր ընտրելու պահանջները նվազեցնելով այս իշխանությունը դարձրեց Մայր բուհի ղեկավար։ Ժամանակին ուսանողների աջակցությամբ իշխանության եկած իշխանությունն այսօր ամեն կերպ պայքարում է ուսանողական ակտիվության դեմ։
ԵՊՀ ադմինիստրացիայի կողմից երեկ տարածված հայտարարություն-զգուշացումից մի հատված ներկայացնում ենք ձեզ․
«Խիստ մտահոգիչ է վերջին շրջանում ԵՊՀ գործունեությանը քաղաքական տարբեր կոչերի, հայտարարությունների միջոցով միջամտությունը, ինչի արդյունքում խախտվում են թե՛ կրթության սահմանադրական իրավունքը, թե՛ բուհի ինքնակառավարման սկզբունքը։ Հայտնում ենք, որ ԵՊՀ-ն հետևողական է լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում»։
Կարծիքներ