Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, չկան համայնքահեն ծառայություններ

Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, չկան համայնքահեն ծառայություններ

Անցած տարում ՄԻՊ գրասենյակն այցեր է իրականացրել Ավանի, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Կարող եմ ասել, որ հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, ցավոք, գործնականում նույնն է, ինչ մինչ 2018 թվականի մարտ ամիսն էր, երբ ես զեկույց էի հրապարակել։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել։ Չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակում։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ եթե եղել են ամեն դեպքում դրական փոփոխություններ, ապա դրանք արձանագրվել են օբյեկտիվ զեկույցում կամ դրվագային են եղել, կամ կապված են առողջապահության նախարարության հետ։