«Օրրանը» չեղարկել է իր բարեգործական ճաշերն ԱՄՆ-ում և Հայաստանում

«Օրրանը» չեղարկել է իր բարեգործական ճաշերն ԱՄՆ-ում և Հայաստանում

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրվել է Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից, այս տարի նշում է ստեղծման 20-ամյակը։

Արմինե Հովհաննիսյանը դիմավորում է մեզ «Օրրանում», ասում է՝ մի քանի ամիս առաջ այս պատերի մեջ երեխաների աղմուկ էր, ուրախ ճիչեր, բայց հիմա շատ լուռ է, որովհետեւ աննախադեպ իրողություններ են մեր կյանքում տեղի ունենում, կորոնավիրուսն իր պայմաններն է թելադրում․

- Մեզ համար շատ կարեւոր է, որ «Օրրանի» երեխաներն ու աշխատակիցներն առողջ լինեն։ Այս երկուսուկես ամսվա ընթացքում մենք երեխաներին ու նրանց ընտանիքներին սննդով ենք ապահովել։ Իսկ «Օրրանի» ուսուցիչներն օգնել են երեխաներին իրենց ամենօրյա աշխատանքի կազմակերպման մեջ՝ լինի հեռաձայնելով, թե տեսազանգերով։ Այս ընթացքում շատ կարեւոր դերակատարում են ունեցել նաեւ մեր հոգեբանները, որովհետեւ երեխաների մոտ շատ մեծ տագնապ կար, երբեմն էլ ագրեսիվ դրսեւորումներ էին նկատվում, հոգեբանները հեռաձայնելով՝ հոգեբանական ծառայություններ են մատուցել։ Իսկ հոգեբանը նոր մարդ չէ երեխայի համար, որովհետեւ տարիներով նրանք շփվում են «Օրրանում», դրա համար շատ կարեւոր է, որ երեխան շփվի այնպիսի մարդկանց հետ, որոնց վստահում է, ճանաչում։  

- Արդեն մի քանի ամիս է, որ հեռավար կրթությունը ներդրվել է գրեթե բոլոր կրթօջախներում, որքանո՞վ է դա արդյունավետ, եւ այս ընթացքում ի՞նչ խնդիրներ եք ի հայտ բերել։

- Մենք այդ խնդիրները քննարկել ենք ուսուցիչների հետ, առաջինը, որ երեխաները համակարգիչ չունեին, հատկապես այս խոցելի խավը, ով էլ ուներ, ինտերնետ չուներ։ Կային ընտանիքներ, որ ունեին մեկ հեռախոս կամ մեկ համակարգիչ, բայց ընտանիքում կա 3-4 երեխա, եւ դա էլ իր հերթին դժվարություններ էր առաջ բերում, ոչ բոլորն էին կարողանում տնայիններն անել։ Մենք իսկապես շատ մեծ աշխատանք ունենք անելու այս վիրուսի ավարտից հետո, որպեսզի կարողանանք այդ բացթողումները լրացնել։ Բայց ուզում եմ նաեւ այն մասին խոսել, որ երեխաները կյանքի մեծ դաս սերտեցին այս ամիսների ընթացքում, վերարժեւորեցին իրենց ունեցածը։ Ամեն դեպքում, պետք է լավատես լինենք եւ լավը տեսնենք ամեն ինչում։

- Կորոնավիրուսով պայմանավորված՝ այսօր բոլոր կազմակերպությունները՝ պետական, թե ոչ պետական, կանգնած են մարտահրավերների առաջ։ Ի՞նչ խնդիրների է բախվել «Օրրանը», եւ ինչպե՞ս եք դրանք լուծում։

- Մեզ համար շատ դժվար է՝ որպես բարեգործական կազմակերպություն, որովհետեւ մեր ծախսերը ոչ թե նվազեցին այս օրերին, այլ, ընդհակառակը՝ շատացան, քանի որ շատ ավելի մեծ գումար ենք ծախսում սննդի վրա, որպեսզի ապահովենք ընտանիքներին, որոնց մեջ կան այնպիսիք, որ չեն կարողացել անգամ տան վարձը վճարել։ Մենք օգնել ենք որոշ ընտանիքների, նաեւ վճարել ենք մեր աշխատողներին, նրանք էլ իրենց ընտանիքներն ունեն։ Միեւնույն ժամանակ, մեր նվիրատվության հոսքերն են նվազել, որովհետեւ այս համաճարակն աշխարհի մասշտաբով է, ինչը շատ մեծ ազդեցություն ունի նվիրատվությունների վրա։ Հիմա շատ ավելի քիչ նվիրատվություններ ենք ստանում, որի դիմաց, սակայն, ծախսերն ավելացել են, բայց դա «Օրրանի» կոչումն է․ 20 տարի՝ անձրեւ լինի, թե արեւ, մենք եղել ենք մեր ընտանիքների կողքին եւ պետք է շարունակենք լինել։ Մեր դոնորներն աշխարհի տարբեր անկյուններից են՝ ԱՄՆ-ից մինչեւ Բրազիլիա․ հիմա ուրախ եմ նաեւ ասել, որ մեծ թվով մարդիկ նաեւ Հայաստանում են օգնության ձեռք մեկնում, եւ ոչ միայն անհատներ, այլ նաեւ ձեռնարկություններ, որը շատ լավ մշակույթ է Հայաստանի համար։ Մեր միջոցները մենք հայթայթում ենք բարերարներից, տարեկան 2 մեծ ճաշկերույթ ենք կազմակերպում, մեկը՝ Երեւանում, մյուսն էլ՝ Լոս Անջելեսում, եւ մեր եկամուտների, նվիրատվության 70-80 տոկոսն այդ 2 երեկոներն են ապահովում։ Այս տարի, ներկա իրավիճակով պայմանավորված, չեղարկել ենք այդ ճաշերը, ինչը մտահոգվելու առիթ է տալիս մեզ, որովհետեւ մի ամբողջ տարի կորցնում ենք, բայց մեր տատիկներից սովորել ենք, որ պետք է միշտ տնտեսենք եւ մեր սնդուկների մեջ մի փոքր բան պահենք։ Այդպես, տարիների ընթացքում մենք տնտեսել ենք եւ, փառք Աստծո, այսօր ապահովում ենք մեր ընտանիքներին եւ աշխատողներին։   

- Ընդհանուր առմամբ, քանի՞ երեխա է հաճախում «Օրրան»։

- «Օրրանի» թե՛ Երեւանի, թե՛ Վանաձորի մասնաճյուղում ունենք 300 երեխա, որոնք իրենք են ընտրում, թե որ արհեստներն են ուզում սովորել։ Իսկ «Օրրանում» 3 արհեստագործական սենյակ կա՝ կարի, կավագործության եւ փայտագործության։ Հետո, մենք մի շատ հետաքրքիր ավանդույթ ենք ստեղծել․ երեխան երբ մի բան պատրաստում է, թղթի վրա գրում է իր անունը, տարիքը եւ թե քանի ժամ է աշխատել այս գործը ստեղծելու վրա, իսկ վաճառքից հետո քսան տոկոսը տալիս ենք այդ երեխային։ Ուզում ենք երեխաները սովորեն, որ պետք չէ մուրացկանությամբ փող աշխատել, եւ կարող են իրենք իրենց ձեռքով արժանապատվորեն աշխատել այդ փողը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ երեխաները հետո մեզ պատմում են, թե այդ գումարն ինչպես տնօրինեցին։ Հիմա հիշեցի, որ մեր օրրանցի աղջիկներից մեկն իր 10 հազար դրամը, որ ստացել էր իր աշխատանքի դիմաց, տվեց ընկերուհու ընտանիքին, որովհետեւ լույսի գումարը չէին կարողանում վճարել։ Շատ եմ սիրում այս որակը մեր երեխաների մեջ, որովհետեւ, երբ բարի գործ ես անում, մարդը պարտավորվում է նաեւ մեկ այլ մարդու օգնել, ու այդպես բարության շղթան շարունակում ենք։ Հետո՝ գրեթե բոլոր երեխաների հետ կապը պահում ենք, մենք այստեղ ունեցել ենք հարսանիքներ, անգամ օժիտ ենք տվել։ Ամեն դեպքում, օրինակելի կազմակերպություն ենք եղել այս 20 տարվա ընթացքում եւ ամեն ինչ արել ենք հանուն երեխաների, մեր աշխատանքն էլ, ամեն առումով, եղել է թափանցիկ։