Եկեղեցական նոր պառակտում է հասունանում Կանադայի Հայ համայնքում

Եկեղեցական նոր պառակտում է հասունանում Կանադայի Հայ համայնքում

«Ապագա» շաբաթաթերթը /abakanews.org/ հրապարակել է մի հոդված, որտեղ ներկայացնում է Կանադայի հայ համայնքում հասունացող եկեղեցական նոր պառակտման մասին։ Ըստ հրապարակման, Կանադաահայոց անթիլյասական թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը Օնտարիոյի Ուինձոր քաղաքում հաստատել է անթիլյասական ծուխ այն դեպքում, երբ այդ քաղաքում արդեն քսանյոթ տարի գործում է Կանադայի Հայոց էջմիածնական թեմի Ուինձորի ծուխը։ Պարբերականը այս վիճակը գնահատում է որպես տագնապալի հատկապես կանադահայության համար, երբ ըստ էության նույն ազգի, նույն եկեղեցու զավակները ստիպված են լինում առերեսվել անթիլյասական-էջմիածնական բաժանումների նոր դրսեւորման, բաժանումներ, որ արդեն յոթ տասնամյակի պատմություն ունեն։ Պարբերականը նշում է, որ այդ բաժանումները այլ բան չեն սերմանում, քան եղած ուժերի ջլատում, գաղութների պառակտում, միմյանց հանդեպ ոչ-դրական տրամադրությունների ստեղծում, որոնք հակասում են մեր ժողովրդի կենսական շահերին եւ ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին։ «Ապագան» ներկայացնում է նաեւ այն զարգացումները, որոնք նախորդել են Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի կողմից անթիլյասական նոր ծխի հաստատմանը։ Ըստ այդմ, Ուինձորի հայ համայնքում ծուխ հաստատվել է մոտ երեք տասնամյակ առաջ։ Այն փոքր ծուխ է եղել, սուղ միջոցներով եւ որոշ կիրակիների միայն քահանա է գործուղվել Ս․ Պատարագ մատուցելու համար։ Մի քանի ամիս առաջ, ըստ «Ապագայի» հաղորդման, Բաբկեն արքեպիսկոպոսը այցելում է այդ կողմեր եւ ընդառաջ տեղի բնակիչների, հաստատել է նոր ծուխ։ Էջմիածնական թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը կապ է հաստատել Բաբկեն արքեպիսկոպոսի հետ այս հարցի հետ կապված, եւ հրավիրել է «առանց փողկապների» հանդիպման, որպեսզի քննարկվի կացությունը եւ կանխվի հնարավոր ալեկոծումները, որ պետք է սկսվեն համայնքում։ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, հասկանալով, որ լուրջ ալեկոծումներ կարող է սկսվեն համայնքում, խոստացել է նոր ծուխի հարցը չշարունակել։ Սակայն որոշ ժամանակ անց նոր ծուխի հաստատման հետ կապված աշխատանքները շարունակվում են, ինչը նշանակում է, որ խոստումը շրջանցված է կամ դրժված։ Հրապարակման մեջ նշվում է, որ Աբգար եպիսկոպոսը նամակով դիմել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, խնդրելով միջամտել այս հարցի լուծմանն ի խնդիր։

«ԱՊԱԳԱՅ» Շաբաթաթերթ