2016-ին Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց կոնսենսուս ապահովելու համար

2016-ին Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց կոնսենսուս ապահովելու համար

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախօրեին հիշել էր եւ մեջբերել Միխայիլ Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը նրանում է, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Ընդ որում՝ օրենքներն ավելի հեշտությամբ ու առանց մտածելու են ընդունում, քան հիվանդները, սովորաբար, ընդունում են դեղահաբերը։

Եթե իշխանություն ես եւ ունես խորհրդարանում 88 կամ 83 պատգամավոր, բնական է, որ ամենաբարդ սահմանադրական օրենքն անգամ կարող ես առանց դժվարության ընդունել՝ նվաստացնելով ընդդիմությանը եւ ցուցադրելով քո գերազանցությունը։ Մենք տարիներ շարունակ հենց այդ պահվածքն ենք տեսել իշխանություններից, որոնք ուժային մեթոդներով ընդունում էին իրենց քիմքին հաճո օրենքներ։ Բայց այդպես է եղել ոչ միշտ, եղել են նաեւ բացառություններ։
Մենք մոռացել ենք 2016 թվականի իրադարձությունները՝ երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը 2015 թվականի Սահմանադրության պահանջների կատարման շրջանակներում նոր Ընտրական օրենսգիրք էր ընդունում։

ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող իշխանությունն այն ժամանակ հասկանում էր, որ տապոռային մեթոդներով Ընտրական օրենսգիրք ընդունել չի կարելի՝ Սահմանադրությունն ընդունելու ժամանակ կիրառված հարկադրանքի մեթոդները սպառել էին իրենց եւ հարկավոր էր ավելի խելամիտ ճանապարհով գնալ, առճակատումները բացառել։ Եւ իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս ապահովի։ Բնական է, որ ՀԱԿ-ը, Լուսավոր Հայաստանը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը հիմնավորապես դիմադրում էին։ Եւ ընդդիմությունը երբեմն անգամ ուղղակի իշխանական ծրագրերը տապալելու կապրիզի մեջ էր, բայց Հանրապետականները զարմանալի հետեւողականությամբ եւ համառությամբ նրանց հետ քննարկում էին օրենքի ամեն մի տառը։ Եւ ոչ միայն նրանց, այլեւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք այն ժամանակ դեռ հասարակության շահերին էին ծառայում, այլ ոչ թե իրենց գրանտատուների։ 

Տասնյակ ու հարյուրավոր ժամեր տեւած բանակցություններից, տարբեր ֆորմատներով՝ 4+4+4 քննարկումներից հետո, վերջապես եկան կոնսենսուսի։ Բնական է, որ իրականում համաձայնությունը կայանալու էր վաղեմի ախոյանների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իջեւ։ Ընտրական օրենսգրքում, ի վերջո, ներառվեցին ընդդիմության մի շարք առաջարկներ, ընդդիմության պահանջով մի շարք փոփոխություններ կատարվեցին։ Եւ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հոկտեմբերի 20-ին, 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ  ընթերցմամբ և ամբողջովին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Զիջումներից մեկն, օրինակ, օրենքի նախագծում ընդդիմության առաջարկած ընտրողների մատներին թանաքով նշումի փոխարեն առաջարկվեց եւ ընդունվեց մատնահետքերի օգնությամբ նշումը: Իշխանությունը համաձայնեց ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկին։ Բայց ամենակարեւորը՝ ընտրացուցակների հրապարակման պահանջն էր, որին իշխանությունը կատաղի դիմադրում էր, բայց ի վերջո համաձայնեց։

ԸՕ-ն ընդունելու օրը ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը Ազգային Ժողովում հայտարարեց. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի: Ցանկանում եմ շնորհավորել՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»: Իսկ ՀՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ կայացել է ջենտլմենական համաձայնություն՝ 5 խմբակցությունների միջեւ եւ դա պատմական փաստ անվանեց։ Իհարկե, եղան նաեւ քննադատություններ, որ դա չի կանխելու ընտրակեղծարարությունը եւ ԸՕ-ն կապ չունի արդար ու ազնիվ ընտրություններ անցկացնելու կամքի հետ։ Բայց համաձայնության գալու փաստն արդեն աննախադեպ էր։ Եւ 16-ի փոփոխություններն իրենց դերը խաղացին՝ կեղծիքների մի մեծ բլոկ այլեւս վերացավ մեր կյանքից։ Վերացան ցուցակներում մահացած մարդկանց մասին երկարամյա խոսակցությունները, ընտրատեղամասերում թվեր փոխելու, կարուսելներ անելու եւ այլ թեմաներ եւս, կարելի է ասել, անցան պատմության գիրկը։

Ամենակարեւորը՝ իշխանությունը ցուցադրեց, որ ցանկության դեպքում կարողանում է զիջումների գնալ եւ քաղաքական դաշտում կոնսենսուսի հասնել, այլ ոչ թե մեծամտաբար ու ցինիզմով օրենքներ ընդունել եւ պարտադրել հասարակությանը։ Փաստ է, որ 2018-ին մեր կողմից մերժված, հակադեմոկրատարական, ընտրակեղծարար հռչակված իշխանությունն ամեն գնով հասավ նրան, որ քաղաքական ուժերը մասնակցեն այդ փաստաթղթի ընդունմանը։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Սերժ Սարգսյանը համերաշխության եւ քաղաքական համաձայնությունների կողմնակից էր, երբեմն ավելի դեմոկրատ ու առաջադեմ, քան երիտասարդ ու փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից է խոսում եւ ժողովրդի իշխանությունից։